Հայրենի տունը

Հայրենի տունը

152

Այս գիշեր տեսա մի անուշ երազ. 

Ես իմ հայրենի տունն էի նորոգում, 

Մանկության երկինքն էր բացվել վրաս, 

Եվ արշալույսներ կային իմ հոգում։  

Այնտեղ էր մայրս, հայացքը պայծառ, 

Մայրենի լեզվով խոսում էր առուն, 

Խշշում էր բակում հինավուրց մի ծառ… 

Այնպես ծանո՜թ էր և այնպես գարո՜ւն… 

Երդիկից կաթած շողն արեգական 

Թվում էր հոգուս ոսկյա բանալի, 

Արևն էր նայում աչքով մայրական, 

Եվ քաղցր էր աշխարհն ու հասկանալի…  

Երբ մտածում եմ գյուղիս մասին, ակամայից հիշում եմ Նաիրի Զարյանի «Հայրենի տունը» բանաստեղծությունը։ Եվ իսկապես՝ քաղցր էր աշխարհն ու հասկանալի…

Կա՞ արդյոք ավելի խաղաղ վայր, քան քո տունը։ Արթնանալ արևածագի հետ՝ լսելով աքաղաղի կանչն ու վարարած գետի շաչյունը։ Զգալ ծաղկած ծառերի բույրը, որը քամին է բերում սարերից։ Իմ գյուղը  մի ամբողջ աշխարհ է՝ մեր պատմության, աշխատանքի ու հոգատարության արտացոլանքը։ Այն նման է հինավուրց մի պոեմի, քարերը պատմում են նախնիների ուժի մասին, իսկ մարդիկ լի են կյանքով ու աշխատասիրությամբ։ 

Մեր գյուղը կանգնած է լեռների փեշերին՝ անտառին շատ մոտ, խաղաղ մի վայրում։ 

Գյուղի գողտրիկ անկյուններից մեկում է գտնվում իմ դրախտը՝ իմ տունը։

Ամեն անգամ բակ մտնելով՝ ակամայից վերհիշում եմ այն օրերը, երբ մայրս փռով հաց էր թխում, իսկ ես թռվռում էի հացի մեծ տաշտի շուրջ։ Հացի բույրը ողջ գյուղն էր պատում՝ տուն կանչելով դաշտում աշխատող հորս ու պապիկիս։  

Առավոտյան նախաճաշից հետո վազում էի մեր բակի տաղավարը, որը ինձ մի պատմական թանգարան է հիշեցնում։ Տաղավարում են մեր նախնիներից մնացած իրերը, հորս ձեռագործ աշխատանքները։ Նստում էի փայտից նստարանին, որը ճաքճքել ու գեղեցիկ նախշեր էր ստացել, և լսում էի պապիկիս պատմությունները։ Դիմացս՝ անտառը, մի կողմում պապիկս, մյուս կողմում՝ հայրիկիս պատրաստած փոքրիկ ջրվեժը, որը մեղմիկ քչքչում էր ականջիս տակ։ Ես չէի գիտակցում, բայց այդ ժամանակ ես աշխարհի ամենաերջանիկ մարդն էի։

Ես անվերջ կարող եմ բացահայտել մեր տունը։ Այն ձգվում է մինչև ձորի պռունկը, և ես մանկության տարիներին հաճախ էի կորում տան անկյուններում։ 

Հիշում եմ՝ մայրս ինչպես էր նստում մեր այգում՝ խաղողի որթերի տակ, և, հարևանների հետ զրուցելով, ձեռքի հմուտ շարժումներով չիր ու մրգալավաշ պատրաստում։ 

Մեր տունը չքնաղ է տարվա բոլոր եղանականերին։ Ամռանը այն ամբողջությամբ պատվում է ծառերով և խաղողի կանաչ տերևներով, և դու կարծես անէանում ես այդ կանաչ դրախտի մեջ։ Աշնանը այգուց կախված պտուղները վառ գույներով հուշում են տարվա աշխատանքի արդյունքը։ Ձմռանը տունն ու կյանքը կենտրոնանում են տաք վառարանի շուրջ.  նստել տաք վառարանի մոտ, որի մեջ ճտճտալով այրվում է փայտը՝ լուսավորելով տան պատերը։ Եթե ինձ ասեն, թե որն է ինձ համար երջանկությանը, ապա կպատասխանեմ՝ նստել տաք վառարանի մոտ, ուտել տաքացրած հաց ու պանիր ու լսել, անվերջ լսել պապիկիս պատմությունները։ 

Իմ գյուղը լցված է կյանքի հմայքով և պարզությամբ, որը քաղաքում դժվար է գտնել։ Ամեն անկյունում կա մի պատմություն, ամեն ծառի մոտ՝ մի հուշ։ Երբ մեր այգուց նայում եմ դեպի սարերը, աչքիս առջև բացվում է մի պատկեր, որը բառերով չեմ կարող նկարագրել։ Սարերի գագաթները ձգվում են դեպի երկինք, կարծես պահպանում են գյուղի անդորրն ու հոգևոր կապը բնության հետ։ 

Գյուղական կյանքը պարզ է, բայց այն լցված է իմաստով ու հայրենիքի շնչով։ 

Անվերջ կարող եմ պատմել գյուղիս ու տանս մասին, խոսել այն լավ ու բարի օրերի մասին, որը ապրել եմ իմ տան համեստ ու ջերմ պատերի ներքո։ Այստեղ ամեն առավոտ մի նոր կյանք է՝ աքաղաղի կանչից մինչև ձորի մշտական քամու սուլոցը։ Այստեղ ամեն հողահարիկ, ամեն քար խոսում է հայրենիքի մասին։ Իմ գյուղական տունը կարծես մի փոքրիկ կտոր լինի այն մեծ հայրենիքից, որին ես պատկանում եմ։

Թեև պապիկս այլև չկա, որ պատմի ինձ մեր գյուղի մասին հյուսված լեգենդներն ու պատմությունները, բայց նա սերմանել է իմ մեջ սեր դեպի իմ ծննդավայրը, իմ հայրենիքը, և ես գիտակցում եմ, որ ուր էլ լինեմ, վերջին կանգառս գյուղս է լինելու։ 

Վերա Սահակյան

2-րդ կուրս

Կիսվել