Նելլի Գաբրիելյանն ու իր կախարդական պատը

Նելլի Գաբրիելյանն ու իր կախարդական պատը

259

Նելլին ծնվել և մեծացել է Վանաձորում։ Բակալավրի աստիճան ստանալուց հետո տեղափոխվել է Երևան և  մագիստրոսական կրթություն ստացել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ուսումնասիրելով բիզնեսի կառավարում (MBA)։ Մասնագիտությունից ոգևորված ու նաև սիրելով միջոցառումների կազմակերպման ոլորտը՝ հիմնել է իր սեփական բիզնեսը՝ «living wall events-ը։ Քրոջ հետ միասին նրա ստեղծած ծառայությունը «կախարդական» պատ է․ պատի զանգը հնչեցնելուն պես դրա ետևից հայտնվում է  շամպայնով կամ գինով կախարդական ձեռքը և մատուցում հյուրերին։ «Իմ կյանքի մենամեծ առաքելություններից է մարդկանց երջանկացնելը և անսահման դրական էներգիա պարգևելը»,- մեզ հետ զրույցում նշում է Նելլին։

 
-Մեկ տարուց ավելի է, ինչ հիմնադրել եք «Living Wall Events»-ը, կասեք՝ ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք հիմնել այն։

-Գործնական փորձառություն ունեցել եմ շատ վաղուց և շատ մեծ նախագծեր եմ իրականացրել։ Դա ինձ մոտ դա շատ լավ էր ստացվում։ Բացի այդ՝ ես նկատում էի, որ միջոցառումների մթնոլորտը միատեսակ է, և ինչ-որ հետաքրքիր, նոր դետալ է պակասում։ Երկար ուսումնասիրությունից հետո եկանք հասանք նրան, որ ունեցանք մեր առաջին կախարդական կանաչ պատը՝ կարևոր ու բացառիկ դետալ միջոցառումներում, որն ազդարարեց մեր հաջողությունների սկիզբը։ Շատ բուռն, դրական ու ջերմ արձագանքներից մոտիվացված՝ որոշեցինք ընդլայնել մեր գործունեության շրջանակը, կրկնապատկել կախարդական պատերի քանակը, ունենալ նոր ծառայություններ ևս՝ միջոցառումների ամբողջական կազմակերպում։ Ներկայումս ունենք նաև մեր 2-րդ նորույթը՝ LIving Catering-ը, որը իր հերթին եկել է փոխելու է ավանդական ֆուրշետի ձևաչափը։

Դուք մասնագիտությամբ տնտեսագետկառավարիչ եք արդյոք տվյալ մասնագիտությունն ինչոր կերպ օգնո՞ւմ է Ձեր աշխատանքում։

-Այո, ես առաջին մասնագիտությամբ տնտեսագետ-կառավարիչ եմ, այնուհետև որպես մագիստրոս ուսանել եմ բիզնեսի կառավարում։ Իմ սիրելի զբաղմունքը ժամանակի ընթացքում դարձավ նաև իմ բիզնեսը։ Բացի նրանից, որ դա իմ ամենասիրելի զբաղմունքն է ու հոբբին, ես նաև ղեկավարում եմ մի ամբողջ թիմ, վերահսկում եմ ֆինանսական ողջ գործընթացը, մի շարք կազմակերպչական աշխատանքներ։ Բիզնեսի համակարգման աշխատանքներն այս շրջանում կազմակերպում ենք ես և քույրս։

Ո՞վ է ավելի շատ հարմարվում միջոցառումներ նախագծելիսԴու՞ք, թե հաճախորդը։ Ինչպե՞ս են ձևավորվում պատվիրատուպատվեր կատարող հարաբերությունները։

-Մեզ վստահում են Հայաստանում  հայտնի տարբեր ընկերություններ։ Եվ քանի որ միջոցառումների ձևաչափերը ևս տարբերվում են մեկը մյուսից, պատվիրատուների հետ քննարկումների վերջնարդյունքում ենք ստանում այն, ինչն իսկապես էլ ավելի հետաքրքիր է դարձնում միջոցառման մթնոլորտը։ Կազմակերպում ենք տարաբնույթ միջոցառումներ՝ հարսանյաց արարողությունից մինչև ֆորումներ և կորպորատիվ միջոցառումներ։

Շատերի համար կախարդական պատը նորույթ է ինչպիսի՞ն է լինում հյուրերի առաջին արձագանքը։ 

-Այո, մենք տարբերվում ենք մեր բացառիկ ծառայության շնորհիվ՝ կենդանի պատով, որի հեղինակային իրավունքները պաշտպանված են։ Պատի շուրջ են ձևավորվում միջոցառման մյուս հատվածները։ Կենդանի պատը, լինելով կախարդական, թելադրում է միջոցառման ոճը՝ վենետիկյան, բարրոկո, հայկական, գարնանային, մանկական, սիրային։ Այն անընդհատ կերպարանափոխվում է՝ կախված միջոցառման տեսակից և ձևից, և մյուս կարևոր դետալները շղթայաձև կապվում են նրան։ Կախարդական պատի առաջացրած հույզերը միշտ շատ բուռն են։ Կախարդական զանգի զրնգուն ձայնը չի դադարում հիացնել նույնիսկ այն մարդկանց, որոնք մի քանի անգամ արդեն տեսել են  պատը։

-Ձեր կազմակերպած միոցառումների ընթացքում ո՞րն է եղել ամենադժվար իրավիճակը, որում եղել եք։ Ինչպե՞ս եք հաղթահարել այն։

Ինչքան էլ միջոցառումների կազմակերպման աշխատանքը բոլորին հետաքրքրում է, այն նաև բարդ, պատասխանատու գորընթաց է։ Եթե կազմակերպիչը փորձառու և սթրեսակայուն չլինի, չի հաջողի։ Շատ սթրեսային, էմոցիոնալ իրավիճակներ են լինում։ Ամեն ինչ շատ գեղեցիկ է թվում, բայց մինչև իրականացման պահը այնքան դժվարությունների առջև ես կանգնում․․․ Բայց նաև ուրախ եմ, որ լինում են այդ դժվարությունները․․․ Մեկ քայլ առաջ ես անցնում՝ հաղթահարելով խոչընդոտները․․․ Ոչինչ հենց այնպես չի լինում։ Դեպք է եղել, որ միջոցառման բոլոր կազմակերպչական աշխատանքները մեր թիմին են վստահված եղել, և DJ-ի մեքենան փոքրիկ ավտովթարի է ենթարկվել։ Մենք ստիպված ժամային փոփոխություն ենք արել, բայց վերջնարդյունքը գոհացրել է մեր պատվիրատուին։ Եվ դա ամենակարևորն է։ Եղել է նաև դեպք, երբ մեկ օրվա մեջ ունեցել ենք 4 միջոցառում, և ես փորձել եմ գրաֆիկը այնպես կազմակերպել, որ հասցնեմ բոլորին էլ ներկա գտնվել։ Ես սիրում եմ գործընկերներիս, պատվիրատուներիս հետ անձամբ շփվել և փորձում եմ ոչ մի միջոցառում բաց չթողնել։

Ձեր երազանքն իրագործելիս որո՞նք են եղել Ձեր հենման կետերըմարդիկ, դեպքեր, հանգամանքներ․․․

-Բնականաբար, երազանքի իրականացման գործում մեծ դեր են ունեցել առաջին հերթին ընտանիքի անդամների աջակցությունը և սերը։ Նրանց աջակցությունն անգնահատելի է։ Ունեմ նաև շատ հարազատ ընկերներ, որոնց յուրաքանչյուր խոսքը մոտիվացնող է եղել։ Եթե կողքիդ կան լավ, սրտացավ, բարի մարդիկ, ուրեմն դու կարող ես հաջողել։ Բացի նրանից, որ դու հավատում ես, որ կհաջողես, շատ կարևոր է նաև քո հարազատների հավատը դեպի քեզ։

Ես բոլորին ցանկանում եմ գնալ իրենց նպատակների ետևից՝ չվախենալով սխալվելուց։ Մաղթում եմ անսպառ ժպիտներ ու սեր, որովհետև մեր շուրջը ամեն ինչ սիրելով՝ կարող ենք իսկապես վայելել կյանքի ամեն պահը, ստեղծագործել ու երջանկացնել մեր սիրելի մարդկանց։

Հարցազրույցը՝ Անի Արամյանի

2-րդ կուրս

Կիսվել