«ՁԱԽԼԻԿՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՒՑԵ, ԲԱՑԱՌԻԿՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԲԱՅՑ ԻՆՁ ՀԱՆԴԻՊԱԾ ՁԱԽԼԻԿՆԵՐԸ ԲԱՑԱՌԻԿ ԵՆ». ԼԻԼԻԱՆԱ ՕՍԻՊՅԱՆ

«ՁԱԽԼԻԿՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՒՑԵ, ԲԱՑԱՌԻԿՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԲԱՅՑ ԻՆՁ ՀԱՆԴԻՊԱԾ ՁԱԽԼԻԿՆԵՐԸ ԲԱՑԱՌԻԿ ԵՆ». ԼԻԼԻԱՆԱ ՕՍԻՊՅԱՆ

4096

Լիլիանա Օսիպյանը ձախլիկ է: Ձախլիկ լինելու, դրա բացառիկության, թերությունների և առավելությունների և մի շարք այլ հարցերի շուրջ փորձեցինք զրուցել մեր ձախլիկ հերոսուհու հետ:

-Ե՞րբ և ինչպե՞ս նկատեցիր, որ հակված ես ավելի շատ ձախ ձեռքով գրելուն:

-Գիտեք դժվար ես հիշեի, թե ինչպես է նկատվել ձախլիկ լինելուս հանգամանքը, բայց ծնողներիս պատմելով՝ առաջին անգամ նկատել են, երբ ես քոլեջում գրիչ կամ մատիտ բռնելու համար ձախ ձեռքիս օգնությանն եմ դիմել; Սկզբնական շրջանում, իհարկե, ծնողներս ականջալուր լինելով շրջապատողների հորդորներին՝ ցանկացել են ամեն կերպ նպաստեն, որ փոխեմ, աջլիկ դառնամ, բայց դա նրանց չի հաջողվել: Հայրս ասում է, որ երբ ինձ փորձել են ուղղել աջի, ես պտտվել և ջղայն դեմքով ասել եմ՝ «ինց սենց ա համալ» (ծիծաղում է): Դե, ինչ մեղքս թաքցնեմ, մանկուց ինքնասածի եմ եղել և իմ սեփական կարծիքն եմ հայտնել ու առաջնորդվել: Կարծում եմ, որ յուրաքանչյուր երեխայի պիտի թույլ տան ինքնադրսևորվել և ինքնուրույնություն ձեռք բերել:

-Շատ հաճախ ձախլիկ երեխաներին դպրոցում ուսուցիչները ստիպում են աջով գրել: Դու նման խնդրի բախվե՞լ ես:

-Ես երջանիկ աշակերտ եմ եղել, որովհետև ոչ միայն չեմ բախվել նման խնդրի, այլև հենց իմ ուսուցիչներն ու դասընկերներն են ոգևորել ինձ և միշտ մեծ հետաքրքրություն ցուցաբերել ձախլիկ լինելուս հանդեպ: Դեպքեր են եղել, երբ համախմբվել են շուրջս և խնդրել անդադար գրել, իսկ իրենք հիացմունքով հետևել են ձեռքիս շարժումներին:
Մի դեպք եմ հիշում, երբ ձեռագրերի մրցույթ էր հայտարարված, յուրաքանչյուր դասարանից ընտրում էին նրանց ձեռագրերը, ումն ավելի գեղեցիկ էր: Ես մի բանաստեղծություն արտագրեցի և վերջում նշեցի ձախլիկ Լիլիանա Օսիպյան (ծիծաղում է): Մի ամբողջ տարի այն փակցված մնաց դպրոցի ցուցափեղկի վրա:

-Ինչպե՞ս ես վերաբերվում այն տեսակետին, որ ձախլիկությունը համարում են արատ:

-Հումորով եմ վերաբերվում, հումորով (ժպտում է): Ի դեպ, երևի, բրիտանացի գիտնականներն են, տեսակետի համախոհները, հա՞ (ծիծաղում է):

-Ի՞նչ է քեզ համար ձախլիկությունը:

-Ձախլիկության հետ ասոցացիաս միանգամից կապվում է բացառիկություն բառի հետ: Երևի դա բնության նվերն է ինձ՝ մի մարդու, ով միշտ ձգտում է դեպի բացառիկը: Իսկ այն ինչը բացառիկ է, հետաքրիքր է և գրավիչ բոլորիս համար: Ձախլիկությունը, գուցե, բացառիկություն չէ, բայց ինձ հանդիպած ձախլիկները բացառիկ են:

-Կնշե՞ս մի քանի տարբերություն, որով ձախլիկները աջլիկներից տարբերվում են:

-Արդեն իսկ ձախլիկ լինելով՝ իրենք տարբերվում են ու դա ամենամեծ տարբերությունն է: Եթե փորձեիք կոնկրետացնել հարցը, թե ո՞ր տեսանկյունից եք ցանկանում դիտարկեմ տարբերությունները, գուցե, դրանով ավելի հեշտացնեիք Ձեր գործը, բայց քանի որ հարցը փոքր-ինչ շատ ընդհանոււր հնչեց, բավարարվեմ վերը նշվածովս:

-Կյանքում ավելի հաճախ ձախլիկությունը խանգարու՞մ է, թե՞ օգնում: Ի՞նչ իրավիճակների ես բախվել:

-Ես ամեն ինչ եմ ձախ ձեռքով անում՝ սնվել, գրել, բռնել, երեխայի գրկել, վարել, մի խոսքով ամեն բան: Մինչ մեքենա ունենալս՝ ծանոթներս ինձ ասում էին, երբ մեքենա վարես աջ ձեռքիդ օգնությանը հիմնականում կդիմես, բայց, արի ու տես, որ սխալվեցին, անգամ ղեկը միշտ իմ ձախ ձեռքում է: Կեսկատակ-կեսլուրջ ասում եմ՝ ղեկը աջ է, բայց նա միշտ իմ ձախ ձեռքում է, հետևաբար ապահով եմ: Հաճախ ձախ ձեռք ասելու փոխարեն ասում եմ ուժեղ ձեռք: Իսկապես ձախ ձեռքիս խփածը խփած է (ծիծաղում է) :

-Ասում են՝ ձախլիկներն ավելի խելացի են և մի շարք աշխարհահռչակ մարդիկ ձախլիկներ են եղել: Այս փաստը քեզ երբևէ ոգեշնչե՞լ է:

-Այո, իրավացի եք, բազմաթիվ հայտնի մարդիկ, ինչպիսիք են Ալբերտ Այնշտայնը, Ալեքսանդր Պուշկինը, Մեռլին Մոնրոն, Չերչիլը, Լեոնարդո Դա Վինչին, Պիկասոն, Չապլինը, և այլք ձախլիկ են եղել:
Իհարկե, անհամեստություն կդիտվի, եթե ես համամիտ լինեմ, որ ձախլիկներն ավելի խելացի են, բայց իմ դիտարկմամբ ձախլիկներն ավելի շուտ կողմնորոշվող են, ավելի աշխատասեր, ամեն դեպքում ինձ հանդիպած ձախլիկների օրինակով դրանում համոզվել եմ:

-Երբևէ հպարտանու՞մ ես, որ շատ քիչ տոկոս ես կազմում հասարակության մեջ, թե՞ տխրեցնող հանգամանք է այն:

-Արդեն նախորդ հարցերին տրված իմ պատասխաններից ելնելով՝ պիտի պարզ դառնար, որ այո, իհարկե, չնայած հպարտանալը փոքր-ինչ ճոխ է հնչում: Եթե տխրեցնող հանգամանք լիներ, Դուք որպես լրագրող դժվար անդրադառնայիք ձախլիկներիս, առավել ևս ձախլիկությունը դիտարկեիք հետաքրքիր թեմա, որին արժի անդրադառնալ:

-Կա՞ն հետաքրքիր պատմություններ, որոնք անմիջականորեն կապ ունեն ձախլիկությանդ հետ:

-Մի դեպք այս պահին մտաբերեցի, երբ ընդունելության քնննությանը ինձ մայրս ճանաչել է ձախլիկ լինելուս շնորհիվ: Հայոց լեզվի միասնական քննությունն էր, դե, մեծամասնությունը սովորաբար դասական սև-սպիտակ համադրությունն է նախընտրում քննություններին ներկայանալու համար, չնայած վերնաշապիկ չէի կրել, ամեն դեպքում, այդ հազարավոր դիմորդների մեջ, երբ մայրս ցանկացել է հեռուստացույցով հետևելիս ինձ գտնել, անմիջապես նայել է երեխաների ձեռքերին և վայրկյաններ չի տևել, երբ մամաս ասել է՝ վայ, էրեխես (ծիծաղում է): Այդ պահին բոլոր մտահոգված, անհանգիստ ծնողները հարցրել են այս ինչպե՞ս կարողացաք այսքան երեխաների մեջ, այն էլ բոլորը սպիտակ հագած Ձեր երեխային փոքր էկրանին տեսնել, մայրս պատասխանել է՝ ինքը ձախլիկ է, նայեք ու ծնողները նոր հետո միայն զգացել են, որ այդ բոլորի մեջ միայն ես եմ ձախով գրում:

 

Լուսինե Հովհաննիսյան

4-րդ կուրս

Կիսվել