ԹՈՒՐՔԱԳԻՐ ՀԱՅՈՒՀԻՆ ԴԱՏԱԲԺՇԿԻՑ ՄԻՆՉԵՎ ԹՈՒՐՔԱԳԵՏ

ԹՈՒՐՔԱԳԻՐ ՀԱՅՈՒՀԻՆ ԴԱՏԱԲԺՇԿԻՑ ՄԻՆՉԵՎ ԹՈՒՐՔԱԳԵՏ

1697

Արփի Ավետիսյանն այժմ մասնագիտությամբ թուրքագետ է, բայց սովորել և ավարտել է նաև ԵՊՀ-ի Պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության ու տեսության ամբիոնը, որից հետո սովորել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ֆակուլտետում(թուրքագիտություն)։

«Ես ապրում եմ իմ աշխարհում. դա կյանքի հակառակ կողմի հակառակ կողմն է»,-նշում է  Արփի Ավետիսյանը։ Փոքր տարիքում Եգիպտոսն ու բուրգերն էին նրա տարերքները, հետաքրքրության առարկան՝ Հնդկաստանը։

«Երբ մենք փոքր ենք լինում, չենք գիտակցում հաճախ, որ աշխարհում կա սուտ, հիասթափություն։ Մեծանալով սկսում ենք հաշվի առնել, թվերի հետ աշխատել։ Փոքր տարիքում մենք պարզապես ապրում ենք՝ վայելելով»,- ասում է նա։

Ցանկացել է դառնալ դատաբժիշկ, սակայն դա թողել է մանկության հուշերում։

Սիրել է արվեստը և այդ սերն էլ նրան դրդել է դեպի արվեստագետի մասնագիտությանը։ Ընդունվել է համալսարան, ուսումնասիրել հնէաբանություն, մանրանկարչություն։ Այդ ընթացքում էր, որ սկսել է մտածել լեզուների ուսումնասիրման մասին, սովորել անգլերեն, ապա` թուրքերեն։

«Բավականին երկար ժամանակ նպատակ ունեի գնալ Արևմտյան Հայաստան։ Շատ էի ցանկանում տեսնել հատկապես Կիլիկիան, անխնա ոգևորության մեջ էի։ Մեկ անգամ տեսնելուց հետո պարբերաբար ուզում էի գնալ նորից ու նորից։ Տեղի բնակչության  հետ շփվել չէի կարողանում՝ նրանք խոսում էին իրենց պետական լեզվով՝ թուրքերենով։ Առաջացավ անհրաժեշտություն սովորել այդ լեզուն։ Ես պարզապես սիրահարվեցի Արևմտյան Հայաստանին, ամեն ինչ զգում էի ՝ ցավ, ուրախություն, կորուստ…»,- հավելեց Արփին։

Նախ որոշել է պարապել ինքնուրույն, սակայն չի ստացվել։ Այս շրջանում հանդիպել է թուրքերենի հանդեպ սիրո ավանդն իր մեջ ներդրած մարդուն՝ հայտնի թուրքագետ Գևորգ Պետրոսյանին։ Գևորգի խորհուրդներն էլ ավելի օգնեցին նրան հմտանալու թե´ թուրքերենի յուրացման, ու թե´ գրելու գործում։ Սովորելուց հետո սկսել է գրել թուրքերեն՝ հմտանալով թուրքագետի իր մասնագիտության մեջ։

Սկսել է գրել չորս տարի առաջ ՝ օրագրի մեջ գրի առնելով իր հույզերն ու ապրումները, դրանք դարձրել է փոքրիկ նամակներ։ Իր ստեղծագործական կյանքում մեծ դեր ունի հայկական արմատներով մի թուրք ժամանակակից գրող, ով խմբագրել է պոեմները։ Հետագայում այդ գործը շարունակել է մեկ այլ հայտնի թուրք գրող։ Նրա պոեմները լույս են տեսել Ստամբուլի «Հայալ» ամսագրում։
«Եղել եմ գրեթե ամբողջ Թուրքիայում, Ստամբուլը հիանալի քաղաք է, թերևս ամենագեղեցիկն աշխարհում՝ աշխարհի սիրտը։ Լավ թուրքագետ լինելու հիմքը՝ Թուրքիա այցելելն է։ Սովորել էի նրանց պատմությունը, սակայն պիտի զգայի այն։ Այդ պատճառով էլ աշխատում եմ լինել միշտ տեղեկացված այնտեղ  տիրող իրավիճակին»,- ասաց թուրքագետը։

«Գրում եմ, երբ տխուր եմ լինում, և գրում եմ միայն պահարանում։ Չեմ սիրում երկար գրել. դրանք բավականին հակիրճ են, բայց ունեն ասելիք։ Հայկական որևէ պարբերականում չեմ ցանկանում տպագրվել։ Թուրքերի կողմից թշնամանք իրենց երկրում չեմ նկատել, այսինքն, երբևէ չի մատնանշվել իմ հայ լինելը։ Ստացել եմ առաջարկներ աշխատել Ստամբուլում, սակայն ես սիրում եմ իմ Հայաստանը, իմ ազգայինը և, որքան էլ հիացմունք եմ տածում դեպի Ստամբուլը, միևնույնն է, Հայաստանն ուրիշ է, այն իմն է»,- եզրափակեց Արփի Ավետիսյանը։

 

Քնարիկ Համազասպյան

2-րդ կուրս

Կիսվել