ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ԵՐԵՎԱՆ

ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ԵՐԵՎԱՆ

1373

Հեծանիվ վարելը օգտակար է առողջությանը։ Սրա մասին շատերը գիտեն։ Հեծանիվը ոչ ծախսատար, քիչ տարածություն զբաղեցնող տրանսպորտային միջոց է, որի շնորհիվ շատ արագ կարելի է խուսափել այդքան նյարդայինացնող խցանումներից։ Իսկ հիմա փորձեք դուրս գալ փողոց, և հաշվել, թե քանի հեծանվորդներ կան դրսում։ Վստահեցնում եմ ձեզ, որ ավտոմեքենաների համեմատ նրանք չնչին տոկոս կկազմեն։ Իսկ ո՞րն է պատճառը, որ Երևան քաղաքում, որտեղ շուրջօրյա խցանումներն ու երթուղայիններում  կռացած  մարդիկ սովորական երևույթներ են `այդքան քիչ են հեծանվորդները։ Շատերը կնշեն ճանապարհների ոչ հարմարեցված լինելը, շատերը ոչ անվտանգ լինելը։ Տեսնենք ինչ իրավիճակ է այն քաղաքներում, որտեղ հեծանվային տրանսպորտը զարգացած է։

Կոպենհագեն քաղաքում բնակչության գրեթե կեսը աշխատանքի է ուղևորվում հեծանիվով։ Հեծանվային մայրուղին այնտեղ 390 կիլոմետր է, որի լուսաֆորները հարմարեցված են խցանումները նվազագույնի հասցնելու համար։ Ամստերդամում հաշվառված է շուրջ 800000 հեծանիվ` այնքան, ինչքան տեղի բնակչությունը։ Հեծանվային մայրուղին կազմում է 767 կմ: Մոնրեալում  հեծանվորդների քանակը գերազանցում է միլլիոնը, հեծանվային մայրուղին 390 կիլոմետր է։

Հիմա վերադառնանք Երևանին։ Երևանցի հեծանվորդների մասին պաշտոնական տվյալներ չկան, իսկ հեծանվային մայրուղին գործում է միայն Կենտրոնում,այն էլ ոչ ամբողջովին: Երթևեկության կանոնները ևս մեկ խնդիր են հեծանվորդների և մեքենաների վարորդների համար։ Շատ հեծանվորդներ հարկ եղած դեպքում լինում են հետիոտնի, հարկ եղած դեպքում երթևեկողի կարգավիճակում, ինչը խցանումների և ավտովթարների առիթ է դառնում։ Սա ևս մեկ պատճառ է հեծանվային մայրուղիները ընդլայնելու համար: Կայանատեղիների քանակը նույնպես կարիք ունի մեծացման, հաճախ դրանց բացակայության պատճառով հեծանվորդները չգիտեն թե որտեղ կանգնեցնեն իրենց հեծանիվները։ Հենց այս պատճառով էլ ստեղծվել է հայկական §Velopark¦ հավելվածը։ Այն հնարավորություն է տալիս հեծանվորդներին  տեղեկատվություն ստանալ Հայաստանում գտնվող հեծանվային կայանատեղիների մասին, հավելվածի առավելություններից է այն, որ նախ հավելվածն աշխատում է օֆլայն ռեժիմով և, որ հենց իրենք՝ օգտատերերը հնարավորություն ունեն ավելացնել նոր վայրեր քարտեզի վրա։

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հեծանվորդի կարգավիճակում էր, ինչը բազմաթիվ քաղաքացիների  կարող է խրախուսել նոր փոխադրամիջոց ձեռք բերելու հարցում։ Չնայած բազմաթիվ խնդիրներին,հեծանիվը մնում է հարմար և արագ փոխադրամիջոց,իսկ հեծանվորդների քանակը օրեցօր մեծանում է։ Շատ սննդի ընկերություններ սկսել են իրենց առաքումները կատարել հեծանիվներով։ Պահանջարկի մեծանալու հետ մեկտեղ կգա այն օրը, երբ Երևանը նույնպես կհամարվի հեծանվային քաղաք, իսկ ճանապարհները հարմարեցված կլինեն հեծանվորդներին։ Հեծանվորդներին միայն մնում է լինել առողջ և վայելել իրենց փոխադրամիջոցի առավելությունները։

 

Կալաչյան Հագոպ

2-րդ կուրս

Կիսվել