«ՈՉԻՆՉ ՉՀԱՍԿԱՑՈՂ ԵՐԵԽԱՆ»՝ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՎՏՈԲՈՒՍՈՒՄ

«ՈՉԻՆՉ ՉՀԱՍԿԱՑՈՂ ԵՐԵԽԱՆ»՝ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՎՏՈԲՈՒՍՈՒՄ

1385

Ուսանողները դուրս են գալիս համալսարանից, բոլորը հոգնած շտապում են վայրկյան առաջ տուն հասնել: Արդեն քառասուն րոպե է, ինչ սպասում եմ, և ոչ մի ավտոբուս, որի մեջ հնարավոր է խցկվել: Արդեն իննսուն րոպեն է լրանում, որ ես կանգառում եմ: Վերջապես, խցկվեցի 53 համարի ավտոբուսի մեջ: Ինչ-որ մեկի ոտքի վրա եմ կանգնել: Փորձեցի տեղափոխվել, այժմ վարորդի կողքին եմ կանգնած:

«Որ խնդրեմ, սա կփոխանցե՞ք»,- հետևիցս լսում եմ ավտոբուսներում ամենահաճախ հնչող արտահայտությունը։ Վերցնում եմ գումարը, տալիս վարորդին, նա փոխանցում է մանրը։ Տղան, որի գումարը հենց նոր տվել էի, վազում էր ավտոբուսի ետևից: Ավտոբուսը կանգնեց: «Դուք մանրել եք հազար դրամը ու չեք վերցրել հարյուր դրամը, խնդրեմ»,- տալիս է գումարը ու հեռանում: «Ինչ ազնիվ տղա էր»,- ասում է վարորդը, կողքից մի կին ավելացնում է՝ վերացող տեսակ է:

Մենք շարունակում ենք ճանապարհը, ընթացքում վարորդը գոռալով հայտարարում է, թե բոլորը պետք է վճարեն․ «Հարյուր դրամի համար մի՛ թռեք, ամոթ է»: Քանի որ վարորդին ամենամոտը ես եմ կանգնած, ակամա դարձել եմ իր օգնականը․ բոլորն իրենց գումարներն ինձ են տալիս,  որպեսզի փոխանցեմ: Տալիս եմ կոպեկները, վարորդը մի ձեռքով ընդունում է դրանք, մյուսով ծխախոտի մոխիրն է կտացնում պատուհանից դուրս։  Խնդրում եմ, որ հանգցնի ծխախոտը, փորձում եմ բացատրել, որ դա վնասում է ավտոբուսում գտնվողների առողջությունը։ Բարկացած պատասխանում է, որ չի կարող, նա միշտ ղեկին է, բա ե՞րբ ծխի: Մի կին, որի գրկում մանկահասակ երեխա կար, ինձ դիտողություն արեց․ «Ջահել ես, ոչինչ չես հասկանում, հանգիստ տեղդ կանգնի՛ր ու ավելորդ բաներ մի՛ խոսիր, թող հանգիստ տեղ հասնենք»:

Հասկացա, որ անիմաստ է շարունակել, քանի որ ոչ միայն վարորդը չի ընկալի, որ պարտավոր է հանգցնել ծխախոտը, այլև ուղևորների համար է սովորական հանրային տրանսպորտի ղեկին ծխող վարորդը: Հասանք այն կանգառը, որտեղ պետք է ինջեի, տվեցի գումարը և իջա:  Իսկ իմ հետևից լսեցի,  թե ինչպես էր այդ նույն կինն ասում․ «Բանի տեղ մի դրեք, չկայացած և ոչնչ չհասկացող երեխա էր»:  

Սերինե Աղաբեկյան

2-րդ կուրս

Կիսվել