ՈՒՂԵԿՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐՄՐՈՒԿԸ ԿԱՐՈՂ Է ԱՌԱՋԱՑՆԵԼ ՄԱՀ

ՈՒՂԵԿՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐՄՐՈՒԿԸ ԿԱՐՈՂ Է ԱՌԱՋԱՑՆԵԼ ՄԱՀ

1580

Հայաստանում այս տարվա ընթացքում գրանցվել է կարմրուկի բերովի 4-րդ դեպքը: 2007-ից կարմրուկի տեղական դեպքեր այստեղ չեն հանդիպել: Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հատկապես եվրոպական երկրներում կարմրուկի համաճարակի առումով լարված իրավիճակ է: Վրաստանում, օրինակ, անցյալ տարի գրանցվել է կարմրուկի երկու հազար երկու հարյուր դեպք, որից 7-ը՝ մահվան: Մասնագետները հիվանդությունից խուսափելու համար խորհուրդ են տալիս պատվաստվել:

ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման եւ կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանի խոսքով՝  ճշտվել են բոլոր այն մարդկանց շրջանակը, ովքեր շփվել են բերովի դեպքերի հետ: Սկսած օդանավի անձնակազմից, ուղևորներից և բոլորին առաջարկվել են պատվաստումներ.«Սերտ շփված անձանց համար այսպես է՝ շփումից 72 ժամվա ընթացքում առաջարկում է պատվաստում: Այս դեպքում պատվաստանյութը կսկսի աշխատել: Ավելի ուշ էլ կարող են պատվաստվել, բայց կարող է պատվաստանյութը չաշխատել»:

2002-ից Հայաստանում կարմրուկի դեմ պատվաստումները կատարվում են 1 և 6 տարեկան երեխաների շրջանում: Դրանք կարող են արվել նաև համաճարակաբանական ցուցումով՝ առանց տարիքային սահմանափակման, եթե, օրինակ, մեկնում են արտերկիր կամ շփվել են վարակակիր մարդկանց հետ:

«Եթե անձը չի հիշում իր պատվաստումային կարգավիճակը, չի հիշում՝ հիվանդացել է, թե՝ չէ, մեկ ավել դեղաչափ պատվաստումը իմունիտետը խթանում է, կարտադրվեն հակամարմիններ և օրգանիզմին այլ վնասակար ազդեցություններ չեն լինի»,- ասաց Սվետլանա Գրիգորյանը:

Եվրոպայում կարմրուկից ամենաշատը տուժում է Ուկրաինան: Տարվա սկզբից այդ երկրում 33 հազար մարդ է հիվանդացել, որից 7-ը մահացել են: Համաճարակային վիճակն այստեղ կանխատեսելի էր: Ըստ վիճակագրության՝ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշն Ուկրակինայում նվազել 50 տոկոսով: Հայաստանում վերջին 4 տարվա ընթացում պատվաստումների ցուցանիշը նվազել է 4 տոկոսով: Պատճառն, ըստ մասնագետների, պատվաստումների դեմ տարվող արշավն է:

«Ինչպես բոլոր պատվաստումներից հետո, կարող են լինել ջերմության բարձրացումներ, տեղային կարմրություն, ցավ: Նաև 6-12 օրը կարող է դիտվել ցանավորման երևույթներ, որոնք անցողիկ են, բուժում չեն պահանջում և ինքնաբերաբար էլ անցնում են: Մահացության դեպքեր պատվաստումներից հետո չեն գրանցվել»,- նշեց Սվետլանա Գրիգորյանը:

Կարմրուկը մանկական մահացության հիմնական պատճառներից է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալերով՝ 2002-ին աշխարհում այդ հիվանդությունից մահացել է 614 հազար մարդ: Պատվաստումների շնորհիվ վերջին 17 տարվա ընթացքում փրկվել է մոտ 21 միլիոն կյանք:

 Սվետլանա Գրիգորյանի խոսքով՝կարմրուկը կարող է առաջացնել բարդություններ, արտահայտվել թոքաբորբի, ուղեղի բորբոքման ձևով, և այն անձինք, ովքեր ունեն ուղեկցող հիվանդություններ, բարդությունները կարող են մահվան դեպքով վերջանալ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է՝ Հայաստանում կարմրուկը վերացած է: Հիվանդությունն ունի խիստ բարձր վարակելիություն, ու պատվաստումներից խուսափելն, ըստ մասնագետների, կբերի նոր բռնկումների ու համաճարակային վիճակի:

Էլինա Ասատրյան

4-րդ կուրս

Կիսվել