«ՏԱՂԱՐԱՆ»-Ը ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ «ԱՆՀԱՅՏ ԷՋԵՐ»-Ը

«ՏԱՂԱՐԱՆ»-Ը ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ «ԱՆՀԱՅՏ ԷՋԵՐ»-Ը

1705

Սեպտեմբերի 26-ին արվեստասերները հնարավորություն կունենան լսել Կոմիտասի վոկալ ժանրի ստեղծագործությունները: Գործերը գրվել են Գերմանիայում եւ երբևէ չեն ներկայացվել ունկնդրի դատին: Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի կատարմամբ ստեղծագործությունները կհնչեն Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Լրագրողների հետ հանդիպմանը «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավարը պատմեց, որ վոկալ ստեղծագործությունների նոտաները ձեռք է բերել պատահաբար. «Հայաստանում պատճենահանման գրասենյակներից մեկում մի գիրք տեսա, որտեղ առանձին ժողովածուով կային նաև Կոմիտասի այն ստեղծագործությունները, որոնք այդքան էլ հայտնի չեն»:

Սեդրակ Երկանյանի հավաստմամբ` ստեղծագործությունների վրա սկսել են աշխատել օգոստոսի վերջից: Ընթացքը դժվար չէր, քանի որ գործին մեծ սիրով են մոտեցել:

«Վարդապետը հասավ իր նպատակին: Կոմիտասը կարողացավ ստեղծել այնպիսի ստեղծագործություններ, որոնք դժվարությամբ ես տարբերակում, թե գերմանացի որ հանճարն է գրել»,-նկատում  է  հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի դիրժորը:

Կոմիտաս վարդապետը հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները ներկայացրել է Եվրոպայի մի շարք երկրներում: Նա նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ հայն ունի ինքնուրույն եւ ինքնատիպ երաժշտություն: Բանախոսի պնդմամբ, Կոմիտասի և նրա ստեղծագործությունների մասին մեզ հասած տեղեկություններն ամբողջական չեն. «Կոմիտասի ստեղծագործությունները պետք է ոչ միայն ծանոթացնել հանդիսատեսին, այլև պետք է, որ մեր երաժիշտ-կատարողները, ուսումնական հաստատություններն իրենց ծրագրի շրջանակի մեջ ներառեն»: 

Կոմիտասի 150-ամյակին նվիրված  «Անհայտ էջեր» համերգային ծրագիրը կարող է շարունակական լինել, եթե հրավերներ լինեն արտերկրից:

Արփինե Հակոբյան
3-րդ կուրս

Կիսվել