ԱԶԱՏ ԱՆԿՈՒՄ ԿԱՄ ԴԵՊԻ ՄԱՀ

ԱԶԱՏ ԱՆԿՈՒՄ ԿԱՄ ԴԵՊԻ ՄԱՀ

830

30 վայրկյանը մեկ աշխարհում մեկ մարդ գործում է ինքնասպանություն:

Համաձայն Առողջապահական համաշխարհային կազմակերպության տվյալների` աշխարհում տարեկան գրեթե ինը հարյուր հազար մարդ ինքնակամ հրաժեշտ է տալիս կյանքին: Թվերը տարեց տարի ավելանում են, և այժմ ամբողջ աշխարհում սուիցիդը գտնվում է մարդկանց մահացության պատճառների երրորդ տեղում` 15-ից  34 տարեկանների շրջանում:

Վերջին տարիներին Հայաստանում` հատկապես  դեռահասների շրջանում, աճել է ինքնասպանությունների թիվը: Խթանող գործոններ են սոցիալական, տնտեսական վիճակը, ընտանիքը: Հասունացման ընթացքում դեռահասներն ունենում են ծանր ապրումներ սթրեսի, շփոթմունքի, իրենց ուժերի վրա վստահ չլինելու, հաջողության հասնելու ձգտման, ֆինանսական անորոշության և շատ այլ խնդիրների հետ, որոնք էլ կարող են հանգեցնել ինքնասպանության:

Եթե հոգեբաններն ինքնասպանության պատճառները փնտրում են մարդու ներաշխարհում, ապա գենետիկները գենետիկական փորձաքննություններով են խնդրի լուծումը փնտրել եւ գտել: Ըստ նրանց, նվազագույնը 2 գենի՝ SLC6A4 և COMT,  մուտացիայի ժամանակ առաջացնում է սուիցիդի հակում: Մուտացիայի գենը՝  SLC6A4,  օրգանիզմում սերոտոնինի՝ տրամադրության հորմոնի  քանակը կարգավորող գործընթացը շրջում է հակառակ կողմը, և մարդը հակված է ոչ միայն ինքնասպանության, այլ նաև նրա ամենադաժան ձևերին:

Իմ հերոսուհին տասնհինգ տարեկան էր, երբ խնդիրներից ազատվելու համար ընտրեց ինքնասպանության ճանապարհը: Զրույցի ընթացքում նա  գլուխը չէր բարձրացնում, մտքերը կազմում էր դանդաղ եւ կցկտուր:

 <<Դասարանում կար մի տղա, ով ինձ էր հավանում, և ես նրան մերժել էի: Ինձանից վրեժ լուծելու համար, նա մի աղջկա և տղայի նկար էր ցույց տվել ընկերոջս ու էլի մի քանի հոգու, և ասել, թե այդ նկարում ես եմ: Քանի որ աղջկա դեմքը չէր երևում, ընկերս հավատացել էր>>:

Աղջիկն ապրում էր փոքր գյուղում եւ նկարի մասին լուրը  տարածվել էր շատ արագ, և նրա համար կրկնակի դժվար էր համակերպվել իրականության հետ եւ շարժվել առաջ: Ներփակվել էր իր մեջ եւ տան չորս պատերից դուրս գալ չէր ցանկանում․ մարդկանց հայացքները հետապնդում էին աղջկան: Իսկ ինքնասպանության մասին մտածել է պահի ազդեցության տակ:

<<Այդ պահին ոչ ոք չի մտածում,  չի գիտակցում, թե ինչ քայլի է դիմում: Ընկերոջիցս նամակ ստացա, որ ամեն ինչ վերջացել է: Նամակը կարդալուց հետո, խմել եմ մեծ քանակությամբ դեղահաբ և արթնացել հիվանդանոցում>>:

Բացի ընտանիքի անդամներից, գյուղում աղջկա չմտածված արարքի մասին ոչ ոք չի իմացել:

 <<Չէի կարողանում նայել ծնողներիս աչքերի մեջ, ամաչում էի: Այդ շրջանում ինձ օգնեց դասընկերուհիս՝ իր խորհուրդներով, ամեն վայրկյան կողքիս լինելով և բացատրելով: Մեկ ամսվա ընթացքում ինձ հաջողվեց հաղթահարել ամեն ինչ: Ծնողներս եւս կողքիս էին, բայց ես չեմ կարողանում ներել ինձ>>:

Իմ հերոսուհին այժմ քսանմեկ տարեկան է և զղջում է կատարածի համար: Եթե այդ ամենն  իր հետ կատարվեր հիմա, ինքնասպանություն չէր գործի, քանի որ ավելի հասուն է և կյանքից դասեր է քաղել.

<<Պետք է վայելել կյանքի ամեն մի րոպեն, քանի որ այն քեզ տրվում է մեկ անգամ: Պետք չէ տրվել պահի ազդեցությանն ու անել այնպիսի բաներ, որոնք կդառնան անդառնալի>>:

Նարինեն հիմա երջանիկ է, քանի որ սիրած էակն իր կողքին է: Սիրում է կյանքը և գնահատում յուրաքանչյուր պահը: Պետք է կարողանալ ցանկացած իրավիճակից  ելք գտնել:

Ըստ հոգեբանների, տարիքային այդ փուլում դեռահասների մոտ առաջանում են բազում հարցեր, որոնց պատասխանները հաճախ չեն գտնում: Եվ չտարբերելով առաջնայինը երկրորդականից՝ առաջանում են բազմաթիվ հոգեբանական խնդիրներ՝ ցածր ինքնագնահատական, լքված լինելու վախ: Դեռահասը վերջ է դնում կյանքին, որպեսզի ազատվի հոգեբանական ծանր վիճակից:  Ինքնասպանության համար հաճախ դեռահասին լուրջ պատճառ էլ պետք չէ:  Նրանք կամ չեն հասցնում դա անել, քանի որ որոշումը կատարում են ակնթարթում կամ չեն ուզում, որ իրենց խանգարեն:

Հոգեբան Սամվել Խուդոյանը կարծում է, որ հիմնականում ինքնասպանության պատճառ են դառնում մարդու հուզական վիճակը, ընկճվածությունը. «Դեռահասների, պատանիների շրջանում  կարող են նպաստել զանազան շարժումներ. Էմոներ, տարբեր խաղեր: Հաճախ այս տարիքում ինքնասպանությունը ցուցադրական  է:  Ծնողների հետ վատ հարաբերությունները, հասակակիցների կողմից ծաղրի ենթարկվելը, ծեծվելը, մերժված սերը դեռահասին, պատանուն կարող են հասցնել ինքնասպանության»:  

Վերջին տարիներին ժամանակակից հոգեբանները ինքնասպանությունները կապում են ժառանգական գործոնի հետ: Ըստ մասնագետների, կարեւորը խոսելն է, ոչ թե թաքցնելը: Երբ երեխայի, դեռահասի հետ խոսում եք մահվան մասին, նրա մոտ բթանում է ինքնասպանություն գործելու ցանկությունը:

Արփինե Հակոբյան

3-րդ կուրս

Կիսվել