«ԱՅՆ ՊԱՐԶԱՊԵՍ ԼԱՎ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԾՈՒՂԱԿ Է»․ ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

«ԱՅՆ ՊԱՐԶԱՊԵՍ ԼԱՎ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԾՈՒՂԱԿ Է»․ ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

1272

Ինչո՞ւ են մարդիկ դառնում խաղամոլ և ի՞նչն է նպաստում խաղամոլության աճին: Այս հարցերի շուրջ զրուցել եմ հայաստանյան բուքմեյքերական ընկերություններից մեկի աշխատակցի հետ, ով չցանկացավ ներկայանալ։

  • Հիմնականում ո՞ր տարիքային խմբի մարդիկ են Ձեր խաղակետում խաղադրույք կատարում:
  • Գերակշռող մասն են կազմում 20-25 տարեկան երիտասարդները․ կարծում եմ՝ դա նրանից է, որ գումար աշխատելու հեշտ միջոց են փնտրում:
  • Մինչ այստեղ գալս զրուցում էի մի քանի դեռահասի հետ, ովքեր պնդում էին, որ իրենք խաղադրույք են կատարել, բայց իրենց օրենքով դա չի թույլատրվում: Ի՞նչ կասեք  այս մասին:
  • Հնարավոր է, ոչինչ չեմ կարող բացառել․ բայց կարող եմ 100%-ով վստահեցնել, որ իմ խաղակետում ոչ մի դեռահաս խաղադրույք  չի կատարել: Կասեմ նաև, որ եթե նրանք հաղթեին, Ձեզ այդ մասին չէին ասի:
  • Իսկ պատահո՞ւմ է, որ խաղադրույք կատարողը իգական սեռի ներկայացուցիչ լինի:
  • Հազվադեպ, բայց լինում է: Կանայք և աղջիկները հիմնականում նախընտրում են առցանց խաղադրույքներ կատարել:
  • Դուք ամեն օր ընդունում եք հարյուրավոր խաղադրույքներ, ի՞նչ եք կարծում՝ ինչն է նպաստում խաղամոլության աճին:
  • Առաջին պատճառը մարդկանց ծանր սոցիալական վիճակն է, իսկ երկրորդը՝ համացանցով և հեռուստատեսությամբ ցուցադրվող գովազդներն են: Պատճառ կարող է լինել նաև մարդկանց ծանր հոգեկան վիճակը, բայց կարծում եմ՝ շատ քիչ դեպքերում:
  • Իսկ անձամբ  դուք խաղադրույքներ կատարո՞ւմ եք:
  • Այո, ժամանակ առ ժամանակ կատարում եմ, բայց փորձում եմ հնարավորինս հեռու պահել խաղադրույք կատարելուց:
  • Կհիշե՞ք  Ձեր խաղակետում շահած և պարտված ամենախոշոր գումարները վերջին 5 օրերի ընթացքում:
  • 3 օր առաջ մեկը 460.000 դրամ շահեց, բայց այսօր՝ 300.000 դրամ  պարտվեց:  Նույն մարդը 2 օր առաջ, մոտ 200.000 դրամ կրկին պարտվել էր:
  • Ասացեք 3 պատճառ, թե ինչու չպետք է խաղադրույք կատարել:
  • Նախ՝ դա խանգարում է սթափ մտածել, 2-րդ՝ այն թմրանյութի պես կախվածություն է առաջացնում․ ասում եմ սեփական փորձիցս, սակայն չէի ցանկանա մանրամասնել: 3-րդ՝ այն պարզապես լավ պատրաստված ծուղակ է:

Դավիթ Լևոնյան

2-րդ կուրս

Կիսվել