«ԿԷԱՆ» ԿԵՆՏՐՈՆԸ` ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

«ԿԷԱՆ» ԿԵՆՏՐՈՆԸ` ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

1621

Արդեն հինգ տարի «Կէան» կրթամշակութային կենտրոնը զբաղվում է հայկական ավանդույթների վերհանմամբ ու տարածմամբ: Կենտրոնի նպատակն է  կենսունակ դարձնել ազգային երգը, պարը, տոնածիսական արարողությունները: Կենտրոնի հիմնադիր Վանուհի Սիմոնյանի խոսքով՝ կենտրոնի ստեղծման գաղափարը եկել է տարիքի, հասունության և ինքնաճանաչողության ընթացքի հետ. «Կարծում եմ, որ ազգի, ժողովրդի համար նույնպես շատ կարևոր է ինքնագիտակցումն ու ինքնաճանաչողությունը»:

Այս գործընթացին նպաստելու համար էլ ստեղծվեց «Կէան»-ը, որը դարձավ արխիվներում հսկայական նյութի և այդ ամենին անտեղյակ ժողովրդի միջև կապող օղակ: «Կէան»-ում ուսուցումը անցնում է ժամանցային ձևով` երգելով և պարելով: Ծրագրերը հիմնականում անցկացվում են դասարանների, կազմակերպությունների պատվերով: Վանուհի Սիմոնյանը նշում է, որ մասնակիցների իննսուն տոկոսից ավելիի մոտ միշտ զարմանք ու հիացմունք է առաջանում ծեսերից հետո, որ  այս ժամանակներում էլ հնարավոր ու իրական է ծեսերի և ավանդույթների հիմնական ու կարևոր մասերի վերականգնումը: «Ունենք նման փորձ: Մի քանի գյուղերում շատ գեղեցիկ և հուզիչ արարողություն ենք արել: Սուրբ Ծնունդին երեխաները և պատանիները եկեղեցուց լույսերը վերցնում են, և երգելով, շրջում ու բաժանում տնետուն: Երեխաներին շատ-շատ է դուր գալիս արարողությունը»:

Վանուհի Սիմոնյանն ասում է, որ, ընդհանուր առմամբ, գյուղերում ավելի շատ կան պահպանված ավանդույթներ, բայց  քաղաքաբնակներն էլ ավելի շատ հնարավորություններ ունեն տարբեր դասընթացների մասնակցելու, որտեղ պատմվում են ազգային ավանդույթների մասին, այցելելու պարի և երգի դասընթացների: «Փորձը ցույց է տվել, որ գյուղի երեխաներն ավելի մոտ են բնությանը և նրանց համար ավելի հեշտ ու ընկալելի է մասնակցությունը  ծեսերին, ինչը՝ քաղաքաբնակաների համար անսովոր է»,-պատմում է նա: Կենտրոնի կատարած գործունեությունը թողնում է իր արդյունքները ու փոխում մարդկանց վերաբերմունքը հայկական մշակույթի հանդեպ: «Կէան»-ի ծրագրերի շնորհիվ մարդիկ այլևս անփութորեն չեն վերաբերվում մշակույթին ու ավանդույթներին: «Կենտրոնը սեր արթնացնողն է, սերմ գցողը, որ պետք է հետո պտուղներ տա»,-բացատրում է հիմադիրը: Կենտրոնը նաև ծրագրեր է անցկացնում զբոսաշրջիկների հետ: Նրանց գրավում է հատկապես հայկական մշակույթի ինքնատիպությունը, որը չի տեղավորվում ո´չ ասիականի, ո´չ էլ եվրոպական սահմաններում: «Զբոսաշրջիկներին հետաքրքրում է նաև հայկական մշակույթի անմշակությունը, և ծեսերի մաքուր ժողովրդական լինելը»,-ավելացնում է Վանուհի Սիմոնյանը:

«Կէան» կրթամշակութային կենտրոնը փետրվարին արդեն կանցնի Բարեկենդանի հետ կապված միջոցառումների իրականացմանը:

Տիկին Վանուհու կարծիքով՝ կենտրոնի նպատակը հսկայական է և շատ ռեսուրսներ ու ջանքեր է պահանջում: Ազգային մշակույթի դուրս հանելն ու տարածելը պետք է լինի նաև պետական մակարդակով:

Մինչ դա՝ «Կէան»-ը շարունակում է   ուսուցանել երեխաներին, երիտասարդներին ու մեծահասակներին մեզ անհայտ ավանդույթները և նպաստել ազգաճանաչողության բարդ գործընթացին:

Արփի Շահինյան
3-րդ կուրս

Կիսվել