ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ ՎԵՐԱԲԵՐԵԼՈՒ Է ԲՌՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ ՎԵՐԱԲԵՐԵԼՈՒ Է ԲՌՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ

1258

27-ամյա Ամալյան Գ.-ն արդեն 6 ամիս է, ինչ ամուսնալուծվել է: Պատմում է, որ ամուսնական կյանքի երեք տարիները որոնք մշտապես բռնությամբ են ուղեկցվել:

«Ես արդեն սովոր էի, որ հենց աշխատանքից տուն գար, համբուրելու փոխարեն հարվածելու էր: Սկզբում, երբ նոր էինք ամուսնացել, ամեն ինչ հեքիաթային էր, բայց 2 ամիս էլ չէր անցել,ու դժոխքը սկսվեց»: Նրա խոսքով՝ պարբերաբար կրկնվող բռնության դեպքերը սկսել են հանկարծակի։ Ամուսնալուծվելու մասին միշտ է մտածել, սակայն վախեցել է թե՛ ամուսնուց, թե՛ հասարակական կարծիքից։

Ամալյան մեկն է այն բազմահազար կանանցից, ովքեր պարբերաբար ենթարկվում են ընտանեկան բռնության, բռնարարը հիմնականում հանդիսանում է ամուսինը:

«Կանանց իրավունքների կենտրոն» (ԿԻԿ) հասարակական կազմակերպության հոգեբան Մարինե Եղիազարյանը նշում է, որ ընտանեկան բռնությունը երկարատև և ցիկլիկ բնույթ ունի, որտեղ կա վերահսկելու և իշխելու միտում, ինչի արդյունքում բռնությունը վերապրող կնոջ մոտ նկատվում է ինքնագնահատականի իջեցում, վախերի և տագնապայնության ձեռքբերում: Նա նշում է, որ հիմնականում իրեն դիմած կանայք գտնվում են զոհայնացված վիճակում: «Շատ կարևոր է, որ կինը նախևառաջ հանդիպի հոգեբանի հետ, որովհետև հիմնականում նրանց հոգեվիճակը բացասական է լինում, նրանք լինում են լարված ու ընկճված, ուստի կարևոր է, որ կինը այցելի հոգեբանի, բալանսի գա, որից հետո կկարողանա ավելի ճիշտ որոշումներ կայացնել»:

Նույն կազմակերպության փաստաբան Հասմիկ Փախանյանը հորդորում է բռնության ենթարկվելու դեպքում անմիջապես դիմել ոստիկանության համապատասխան տարածքային բաժին, որտեղ մասնագիտական որակավորումներ ունեցող տեսուչը կարձանագրի դեպքը և կկայացնի համապատասխան որոշում։

ՀՀ Կառավարությունը սահմանել է ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը: Ըստ հիմնավորման՝ հանրապետությունում ներկայում ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ կենտրոնացված հաշվառում չի իրականացվում։ Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը ենթադրում է, որ պետությունը պետք է իրականացնի տարբեր մարմիններից տեղեկատվության հավաքագրումը, դրա ամփոփումն ու հրապարակումը։ 

Հասարակությունը հակված է բռնություն համարել միայն դրա ծայրահեղ դրսևորումը, այսինքն` երբ առկա է ֆիզիկական կամ սեռական բռնություն, իսկ բռնության մյուս տեսակները հաճախ ուշադրության չեն արժանանում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ  Ժաննա Անդրեասյանը նշում է, որ ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման մեխանիզմը վերաբերելու է բռնության բոլոր դրսևորումներին. «Մենք խոսում ենք նաև հոգեբանական բռնության մասին, տնտեսական ու սեռական բռնության մասին, անտեսման մասին: Եթե լինի  հստակ վիճակագրություն, թե քանիսն են այդ դեպքերից, որոնք վերաբերում են, օրինակ՝ անտեսմանը, տնտեսական բռնությանը, սրանով մենք միաժամանակ կարող ենք նպաստել իրազեկության և զգայունության բարձրացմանը»,- ասում է Անդրեասյանը և ավելացնում, որ բռնությունը լատենտային երևույթ է և դրա միայն փոքր մասն է բացահայտվում և դառնում հետագա գործընթացների քննարկման առարկա:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում մի քանի դեպք է գրանցվել կնասպանության, որոնցից կեսի պարագայում դա անակնկալ չէր այն մարմինների համար, ովքեր զբաղվում են այդ հարցերով: Փոխնախարարն ասում է, որ նախկինում ոստիկանությունը նախազգուշացնում էր, և այդ միջոցը չէր գործում: Նոր մեխանիզմը թույլ կտա հասկանալ՝  արդյոք բռնություն գործադրած մարդը չունի  նորից բռնություն գործադրելու հակում:

Գեղեցիկ Ոսկանյան

4-րդ կուրս

Կիսվել