2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իշխանության մի շարք ներկայացուցիչներ իրենց ելույթներում խոսելով մամուլի անկախության մասին, ասում են, որ այսօր Հայաստանում մամուլն ազատ է, քան երբևէ։ Իշխանությունների խոսքով՝ իրենց կողմից մամուլի նկատմամբ ճնշումներ չկան։
Մեզ հետ զրույցում խոսելով այս մասին՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը նշեց, որ, այո հետհեղափոխական շրջանում լրագրողները շատ ավելի ազատ են իշխանությունների միջամտություներից, շատ ավելի պաշտպանված են իրավունքների առումով, քան նախքան հեղափոխությունը և դրա մասին խոսում են փաստերը։
«Եթե խոսենք ընդհանուր լրատվամիջոցների վիճակից, ապա, մենք նույն հեռարձակման ոլորտում չէինք կարող պատկերացնել մի այդպիսի իրավիճակ, երբ մասնավոր հեռուստաընկերությունների ճնշող մեծամասնությունը ընդդիմադիր ուժերինը լինեին։ Հեղափոխությունից առաջ, նախորդ տասնամյակները երբ նայում ենք, այնտեղ ընդդիմադիր կեցվածք ունեցող հեռուստաընկերություն ուղղակի չկային», -ասաց Մելիքյանը՝ հավևելով, որ կար մի անկախ լրատվամիջոց` «Ա1+»-ը, որը փակվեց։ Դրանից հետո բոլոր մասնավոր հեռուստաընկերությունները կամ պետք է հավաստիացնեին իրենց լոյալությունը կամ վաճառվեին ավելի լոյալ բիզնեսմենի։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փոխանցմամբ՝ 2015 թվականին տեղի ունեցած «էլեկտրիկ Երևանի» իրադարձությունների ժամանակ 21 լրագրող է պաշտոնապես ճանաչվել տուժող։ Նրանք ենթարկվել են ծեծի, նրանց նկարահանող տեխնիկան ջարդվել է իրավապահ մարմինների ծառայողների կողմից, նկարահանված կադրերը ոչնչացվել են, և նրանք ապօրինի կերպով բերման են ենթարկվել։ Նույնը տեղի է ունցել հեղափոխության օրերին։
«Հենց մի քիչ հասարակական, քաղաքական իրավիճակը լարվում էր, լրագրողները և օպերատորները դառնում էին ծեծի և ջարդի թիրախ։ Մենք սա ենք տեսել։ Պիտի ասեմ, որ հետահեղափոխական շրջանում ֆիզիկական բռնության դեպքերը շեշտակի պակասել են, բայց ես չեմ կարող ասել, որ չկան»,-մեզ հետ զրույցում ասաց Աշոտ Մելիքյանը։
Լրագրողների հանդեպ ֆիզիակական բռնության օրինակ է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողների հետ ամիսներ առաջ տեղի ունեցածը։ Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո պարզ դարձավ, որ ինչպես հայտնի է, ՀՀԿ աջակցությունը վայելող թեկնածուն՝ Տիգրան Խուդոյանը, պարտվել է անկուսակցական Արթուր Ստեփանյանին: Դրանից հետո ավելի քան երեք ամիս Շատին համայնքի մոտ 20 բնակիչներ փակ էին պահում համայքապետարանի դուռը։
Ժողովուրդ օրաթերթի լրագրողները, իմանալով դեպքի մասին, որոշում են ուղևորվել Շատին՝ պարզելու իրավիճակն ու լուսաբանելու այն։ Սակայն հենց առաջին րոպեներից այն մարդիկ, որոնք փակել էին գյուղապետարանի դուռը, խոչնդոտում են լրագրողների աշխատանքը՝ հարվածելով տեսախցիկին, քաշքշելով լրագրողներին և մասնագիտական վկայականը (բեյջը) խլելով լրագրողներից մեկի ձեռքից։
Ի դեպ, այս ամենը շատ պարզ երևում է ArmLur.am-ի հրապարակած տեսանյությում։ Դեպքի առանչությամբ լրագրողները դիմել են իրավապահ մարմիններին։ Հարուցվել է քրեական գործ և դատավարությունը ընթանում է մինչև հիմա։ Գործով մեղադրյալները չորսն են՝ Շիրակ Հարունյանը, Ժաննա Խուդոյանը, Զվարթ Սմբատյանը և Նվեր Հովհաննիսյանը։
«Համայնքապետարանը փակած անձանցից մեկից ալկոհոլի ուժեղ հետ էր գալիս։ Ես դրանից շատ վախեցա։ Համայնքապետարանի աստիճանները շատ բարձր էին։ Գործընկերս բարձրացել էր վերև և ես վախենում էի, որ իրեն կհրեն կգցեն ներքև։ Իրենք թիրախավորել էին գործընկերուհուս՝ Քնարին, որովհետև նա էր իրենց հարցեր տալիս, ես ուղղակի նկարում էի»,- մեզ հետ զրույցում պատմեց լրագրող Սյունէ Համբարձումյանը։
«Շատ դեպքերում տեսնում ես, որ աչքից առաջ մարդ են ծեծում և այդ պահին մոռանում ես մասնգիտական գործունեությանդ մասին, որ հասնես մարդկանց օգնության, բայց այս դեպքում չտրվեցի զգուցմունքներին, մտածեցի՝ ավելի կարևոր է, որ կարողանամ նորմալ կադրեր ունենալ դեպքի վայրից»,-ասաց Սյունէն։
Այս գործով հիմնական տուժող, «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանի խոսքով՝ Շատինի բնակիչները, որոնք իրենց հետ այդպես են վարվել, մինչև հիմա չեն հասկանում, որ խանգարել են իրենց աշխատանքը և իրենց բռնության են ենթարկել։
«Դատարանում մեղադրյալներից մեկը նույնիսկ ասաց, որ չի իմացել, որ մենք լրագրողներ ենք, բայց տեսանյութում էլ երևում է, թե ես ինչպես եմ ասում, որ լրագրող եմ, և թե ինչպես են բեջս վերցնում ինձնից։ Մենք դատարանում էլ ասացինք, որ անձնական թշնամանք չունենք իրենց հանդեպ, ուղղակի գնացել էինք մեր գործը անելու, սակայն մեղադրյալները ագրեսիվորեն ասացին, որ եթե պետք լինի, էլի նույն գործողությունները կրկնեն։ Այդպիսի մարդկանց համար անգամ քրեական պատասխանատվությունը դաս լինել չի կարող»,-պատմեց Քնար Մանուկյանը։
Հարցին՝ գո՞հ են արդյոք դատական պրոցեսի ընթացքից, լրագրողները պատասխանեցին, որ տևական ժամանակ է՝ դատական պրոցեսները ընթանում են, հիմա ընդհատվել են, որովհետև գործով մեղադրյալներից մեկին վիրահատության են ենթարկել, և, ըստ էության, դեռ ոչինչ լուծում չի ստացել։
Հետաքրքրվեցինք՝ գործը շահելու դեպքում իրենք ի՞նչ են ստանալու։
«Ըստ էության դրանից հետո շատերը կհասկանան, որ լրագրողը գնում է ընդամենը իր մասնագիտական գործը անելու և չի կարելի լրագրողին քաշքշել, վիրավորել։ Ես՝ որպես լրագրող, մի բան կասեմ․հասարակության մի մաս կա, որ ամեն նյութի տակ փնտրում է պատվիրատու, և դա, իսկապես, ցավալի է։ Այս գործով մեղադրյալներն էլ մեզ անընդհատ հարցնում էին, թե ո՞ւմ պատվերն ենք կատարում։ Ամեն դեպքում, մենք գոհ ենք այնքանով, որ մեր հրապարակումից հետո համայքապետարանը վերջապես բացվեց և ամեն ինչ սկսեց ընթանալ բնականոն հունով»,-նշեց տիկին Մանուկյանը։
Անդրադառնալով լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության մասնավոր դեպքերին՝ ԽԱՊԿ ղեկավար Աշոտ Մելիքյանը նշեց, որ 2019 թվականի ընթացքում էլ իրենք արձանագրել են ֆիզիկական բռնության դեպքեր, բայց դրանք մի քանիսն են և ոչ թե տասնյակը, ինչպես նախորդ տարիներին։
«Մեր տվյալներով՝ ֆիզիկական բռնությունների քանակը նվազել է, եթե տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի մասին ենք խոսում, նախորդ տարիների համեմատ դա պակասել է մոտ երկու անգամ։ Բայց ճնշումների առումով երրորդ եռամսյակում կա աճ․ ժամանակ առ ժամանակ, երբ նայում ենք, ապա տարատեսակ ճնշումները՝ այդ թվում նաև սոցիալական մեդիայում սպառնալիքներ կան և մենք դա էլ պիտի հաշվի առնենք ու ասենք, որ սա նոր երևույթ է»,-մեզ հետ զրույցում ասաց Մելիքյանը։
Նրա խոսքով՝ հետհեղափոխական շրջանում, երբ քաղաքական պայքարը տեղափոխվեց մեդիա, սոցիալական ցանցերում և ավանդական լրատվամիջոցներում, փաստորեն, ատելության խոսքը, սպառնալիքները, հայհոյախառն արտահայտությունները շեշտակի ավելացան։ Ամեն դեպքում Մելիքյանն ասաց, որ պետք չէ դրա մեղքը բարդել հեղափոխության վրա, որովհետև մեղավորը քաղաքական ուժերն են՝ իշխանական և ընդդիմադիր, որոնք իրենց կողմնակիցներին չեն կարողանում սաստել։
Լրագրողներին ֆիզիկական բռնության ենթարկելու մասով դատական գործընթացներից «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» բավականին դժգոհություններ ունի։ Բանն այն է, որ «Էլեկտրիկ Երևանի» գործը, որը հարցուցվել է 2015 թվականին, մինչև հիմա իր տրամաբանական ավարտին չի հասել, ավելին՝ մի քանի անգամ կարճվել է, իսկ այդ գործում 21 տուժող լրագրողներ կան։ Գործը երկու անգամ կասեցվել է։ Մեկ անգամ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին» հաջողվել է տուժող լրագրողների հետ միասին բողոքարկել այդ որոշումը և նախաքնննոթյունը, ի վերջո, վերսկսել է, երկրորդ անգամ կասեցվելուց հետո նույնպես բողոքարկվել է սկզբից դատախազություն, իսկ այնտեղ մերժում ստանալուց հետո բողոքարկումը տեղի է ունեցել դատական կարգով։ Հիմա այդ բողոքը վերաքննիչ դատարանում է, եթե այնտեղ էլ չհաջողվի ինչ-որ բանի հասնել, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» տուժող լրագրողների հետ պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան։
«Կարծում եմ՝ ի վերջո, այդ «պինգ-պոնգին»՝ գործը փակվել-բացելուն պետք է վերջ տալ, լուրջ գործով զբաղվել և բոլոր հնարավոր միջոցները օգտագործել, որպեսզի մեղավորները բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն։ Նույնը կարելի է ասել Սարի թաղի գործի վերաբերյալ․ դա էլ փակվեց, հետո վերաբացվեց, և մեզնից մեծ ջանքեր պահանջվեցին, որ մենք լրագրողներին աջակցելով հասնենք մինչև վերաքննիչ դատարան և, ի վերջո, այդ գործի նախաքննությունը վերսկսվի։ Հեղափոխության օրերի նախաքննությունն էլ այնքան ընդգրկուն չէ։ Համենայն դեպս, մենք համարում ենք, որ բռնությունների ծավալը շատ ավելի մեծ էր, քան պատասխանատվության ենթարկված անձանց քանակը, և այստեղ կա մեծ անհամաչափություն․ հեղափոխության ընթացքում մենք գրանցել ենք 25 միջադեպ տարատեսակ բռնությունների և խոչնդոտումների, մինչդեռ միայն 15-ի առնչությամբ է քրեական գործ հարուցվել, դրանցից ընդամենը 4 գործ է մտել դատարան, որոնցից ընդամենը երեքի վերաբերյալ է կայացվել դատավճիռ։ Դա ցույց է տալիս այդ իրավախախտումներին մատների արանքով նայելու փաստը։ Լուրջ չեն վերաբերվել և լուրջ նախաքննություն չի իրականացվել»,-եզրափակեց Աշոտ Մելիքյանը։
Լուսինե Մինասյան
4-րդ կուրս