ԿՅԱՆՔԸ՝ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼԸ՝ ՈՐՊԵՍ ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄԱՆԽՆԴԻՐ

ԿՅԱՆՔԸ՝ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼԸ՝ ՈՐՊԵՍ ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄԱՆԽՆԴԻՐ

5700

Վերադարձ ազատությո՞ւն, թե՞ խտրականությունների և կարծրատիպերի հասարակություն

Միջին տարիքի տղամարդ է Նարեկը (անունը, տվյալները փոխված են, պատմությունը՝ հավաստի աղբյուրից): Յոթ տարի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այնտեղ անցկացնելուց հետո ազատ է արձակվել: Հիշում է, թե առաջին անգամ ինչպես մտավ բանտախուց, ինչ ապրումներ ուներ: Միայն ուզում էր փախչել: Առաջին օրը քնելու տեղ չուներ. այն խցում, որտեղ նա էր, տասը մահճակալ էր դրված, բայց բանտախցում 25 հոգի էին…

Եթե քրեակատարողական հիմնարկ  մուտք գործելու առաջին օրը ցանկություն ուներ այնտեղից փախչելու, ապա ազատ արձակվելուց հետո ասում է, որ եթե հիմա որոշում կայացվի, որ կրկին պետք է ազատազրկվի, նորմալ կընդունի, քանի որ չի կարողանում հարմարվել քրեակատարողականից դուրս կյանքին:  

«Բոլորն ինձ մի տեսակ են նայում: Ոչ ոք չի ուզում հասկանալ, որ այն, ինչ արել եմ, եղել է զուտ ֆինանսական խնդիրների պատճառով»,- հասարակության կողմից խտրական վերաբերմունքը հանգեցրել է այն բանին, որ Նարեկը քրեակատարողական կյանքից ազատություն վերադառնալուց հետո իրեն զգում է կյանքի լուսանցքից դուրս: Ապրելու և կյանքը շարունակելու միակ տարբերակը համարում է արտերկիր մեկնելը, այնտեղ աշխատանք գտնելը և ընտանիք կազմելը: «Ես դեռ երջանիկ եմ լինելու, վստահ եմ»,- հանում է թաշկինակը և սրբում արցունքները:

Սոցիալական մեկուսացումը՝  արտագաղթի պատճառ

Վերոնշյալ պատմությունը միակը չէ: Փակ հաստատություններում պատիժը կրող անձանց մի մասը կատարել է հանցագործություն ֆինանսական, սոցիալական խնդիրների պատճառով: Քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվելուց հետո, վերջիններս բախվում են նույն ֆինանսական խնդիրներին: Արդյունքում՝  առանց այն էլ գտնվելով պետության աշխատանքային ռեսուրսների գործազուրկների թվում, դառնում են նաև խոցելի խմբի անդամ: ՔԿՀ-ից դուրս գալուց հետո աշխատանք չգտնելու պատճառներից մեկն էլ ավելանում է. արժանանում են հասարակության, այդ թվում՝ գործատուների կողմից ցուցաբերվող խտրական վերաբերմունքին: Այս դեպքում կարևոր է պետական քաղաքականության վերանայումը: Պետությունը պետք է խրախուսի այն գործատուներին, որոնք կընդունեն աշխատանքի նախկին դատապարտյալների կամ խոցելի այլ խմբերի մարդկանց: Արդյունավետ վերաինտեգրման համար պետք է որդեգրել պետական նման քաղաաքականություն, այլ ոչ թե հույսը դնել միայն անհատների բարի կամքի դրսևորման վրա:

Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը դատապարտյալների վերասոցիալականացման համատեքստում կարևորում է հատկապես աշխատանքի խնդիրը: Նա նշում է, որ շատ հաճախ անձինք, ովքեր դիմում են հանցագործության, չեն ունենում կամ աշխատանքային հմտություններ, կամ մասնագիտացում: Նրանք ունենում են նաև որոշակի խնդիրներ սոցիալականացման, ինչպես նաև գործատուի հետ հարաբերություններում: 

«Այդ հմտությունների զարգացումը և աշխատանքի հնարավորությունների ստեղծումն է վերասոցիալականացման ծրագրերի առանցքում: Ազատ արձակվելուց հետո աշխատանք գտնելը կապված է այն բանի  հետ, թե բանտում ինչ աշխատանք է տարվել տվյալ անձի հետ:  Մարդը քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո պետք է գործատուի հետ խնդիր չունենա, և, հատկապես, աշխատանք չգտնելու պատճառով նորից հանցագործություն չկատարրի»,- մեզ հետ զրույցում նշեց Հովհաննիսյանը:

Սակայն այսօր իրականությունն այլ է: Գործատուները, այն բանից հետո, երբ իմանում են, որ թափուր հաստիքի համար իրենց դիմած անձը նախկինում եղել է ազատազրկված, խուսափում և չեն ընդունում աշխատանքի: Սա հանգեցնում է նրան, որ խոցելի այս խմբի շահառուները հուսահատվում են և այլևս աշխատանք չեն փնտրում: Վերոնշյալ խնդրից է բխում նաև արտագաղթի տարածումը: Այս դեպքում արտագաղթի հիմքում «մոռացվելու իրավունքի» իրացման հիմնահարցն է, և հենց դա է պատճառը, որ արտագաղթն ավելի շատ խտրականության հիմք ունի: Նախկին դատապարյալը հասարակության կողմից մերժված է: Առանց պիտակավորումների կյանքը շարունակելու միակ տարբերակը համարում է այլ երկիր, քաղաք մեկնելը, որտեղ նրան ոչ ոք որպես նախկինում ազատազրկված անձի չի ճանաչի:

 Աշխատաշուկան և ազատազրկման վայրից վերադարձած անձը

Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ պատժաժամկետի ավարտից վեց ամսի առաջ գնահատվում են անձի՝ հասարակության մեջ կայանալու հնարավորությունները: Դրանից հետո՝ փակ հաստատությունից անձի ազատ արձակվելուն զուգահեռ, նրա տվյալները փոխանցվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որպեսզի որպես խոցելի խումբ՝ աչքի առաջ ունենան նաև նախկին դատապարտյալների աշխատանքի տեղավորման, ինչպես նաև նրանց սոցիալական խնդիրների լուծման հարցերը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական գործակալության» Տեղեկատվության ապահովման բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը մեզ տեղեկացրեց, որ ազատազրկման վայրից վերադարձած և վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառված, ինչպես նաև դատվածություն ունեցող և պատիժը բաց ուղղիչ հիմնարկում կրող անձինք համարվում են աշխատաշուկայում անմրցունակ և կարող են ընդգրկվել զբաղվածության կարգավորման բոլոր ծրագրերում (համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման հավելված N 14-ի 6-րդ և 15-րդ կետերի):

Մեր հարցման ի պատասխան՝ Ցողիկ Բեժանյանը, նշեց, որ 2019 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում  հաշվառված է շուրջ 110 ազատազրկման վայրից վերադարցած անձ: Նրանցից 1-ը կենտրոնի աջակցությամբ տեղավորվել Է աշխատանքի որպես բանվոր, ևս 2-ը գրանցված են որպես անհատ ձեռներեց: Նույն ժամանակահատվածում կենտրոններ է դիմել պրոբացիոն ծառայության 81 շահառու, նրանցից հաշվառվել է 69-ը, զբաղվածության աջակցության ծրագրերում ընդգրկվել 2-ը, աշխատանքի Է տեղավորվել 4-ը, այդ թվում, 1-ը՝ էլեկտրացանցի հերթապահ, 1-ը` շինարարության բանվոր, 1-ը՝ անասնապահ, 1-ը՝ գրանցված է որպես անհատ ձեռներեց:

Ի՞նչ է անում պետությունը

Ազատ արձակված դատապարտյալների սոցիալական խնդիրները խորը արմատներ ունեն: Դրանք սկիզբ են առնում քրեակատարողական հիմնարկներից, քանի որ վերասոցիալականացման գործընթացը սկսվում է հենց կալանքը կրելու ժամանակահատվածից: Պետությունը հռչակել է ՔԿՀ-ներում պատժողական քաղաքականությունից դեպի վերականգնողական արդարադատություն անցում կատարելու քաղաքականությունը: Մշակվել և հաստատվել է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը: Թիրախավորվել են մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է լուծել քրեակատարողական ոլորտում տարիներ շարունակ ծառացած խնդիրները: Ամրագրվել է, որ պետք է ձեռնարկվեն քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների և կալանավորված անձանց վերաինտեգրման, արտախցային զբաղվածության խթանման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր (օրինակ՝ աշխատանք, ակտիվ մասնակցություն սպորտային, մշակութային միջոցառումներին և այլն):

Մեր այն հարցմանը, թե ինչ ծրագրեր են նախատեսվում ազատազրկված անձի մասնագիտական պատրաստման և աշխատանքով ապահովվելու համար, ՀՀ արդարատադության նախարարության Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչությունից Նարեկ Ղազարյանը պատասխանել է, որ աշխատանքային զբաղվածության ապահովման համար առավել նպատակահարմար է դիտարկել քրեակատարողական հիմնարկներում փոքր արտադրական գործունեության խթանման հնարավորությունը։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է քննարկել բիզնես միջավայրի համար առողջ պայմաններ ստեղծելու հնարավորությունները, քրեակատարողական հիմնարկում արտադրության հիմնումը դարձնել հնարավորինս գրավիչ, որի արդյունքում հնարավոր կլինի լուծում տալ ինչպես ազատությունից զրկված անձանց զբաղվածության, այնպես էլ արտադրանքի իրացման հիմնախնդիրներին:

«Անհրաժեշտ է նաև քրեակատարողական հիմնարկներում ստեղծել ազատությունից զրկված անձանց զբաղվածության ապահովման այլ կենտրոններ (օրինակ՝ ջերմոցներ): Բացի այդ, կարիք կա նաև բարձրացնելու «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի կառավարման արդյունավետությունը: Ըստ այդմ, «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը պետք է իրացնի իր կանոնադրական բոլոր նպատակները հավուր պատշաճի և դառնա դատապարտյալներին և պրոբացիայի շահառուներին զբաղվածությամբ ապահովող հիմնական շարժիչ ուժերից մեկը»,- նշել է Ղազարյանը:

Մասնագիտական պատրաստման առումով վերասոցիալականացմանը միտված ծրագրեր իրականացվել են ՀՀ ԱՆ «Աբովյան» և ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում: Մեր այն հարցին, թե ինչու մասնագիտական պատրաստման, աշխատանքով ապահովելու և անձի վերաինտեգրմանը միտված մի շարք ծրագրեր, դասընթացներ (այդ թվում նաև՝ «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթության» ծրագիրը) չեն իրականացվել բոլոր քրեակատարողական հիմնարկներում, Նարեկ Ղազարյանը չի պատասխանել: Բուն հարցի համատեքստում նա նշել է միայն, որ նախատեսվում է ընդլայնել «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրի շրջանակները, որպեսզի համանման ծրագրեր իրականացվեն բոլոր քրեակատարողական հիմնարկներում:

Զբաղվածության ապահովումը դատապարտյալների մոտ ստեղծում է հավատ առ այն, որ իրենք իրոք կարող են հաջողութոյւն գրանցել և ի վիճակի են ստեղծել ինչ-որ բան: Այս իրողության շնորհիվ ազատ արձակված մարդիկ չեն հուսալքվում և փորձում են գտնել աշխատանք:

Խրախուսել անձի վերաինտեգրումը հասարակությունում

Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության աշխատակից Արփինե Սարգսյանը հեռուստատեսային քննարկումներից մեկի ժամանակ նշել է. «Զբաղվածության հարցը գտնվում է Արդարադատության նախարարության դիտակետում: Այդ հարցը արդեն թիրախավորվել է «Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունում»:  Զբաղվածությունը կարևորում ենք, քանի որ մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ինչքան դատապարտյալի կամ կալանավորված անձի օրը հագեցած է, այնքան ցածր է կրկնահանցագործության կամ քրեական ենթամշակույթին տրվելու ռիսկը: Այս պահի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում մեծ չէ զբաղվածություն ունեցող անձանց թիվը, բայց սա թիրախավորվել է, և մենք նախատեսում ենք, որ ունենալու ենք տարբեր զբաղվածության խցեր: Տարբեր դասընթացներ են իրականացնում (կավագործություն, խեցեգործություն, բիզնես կառավարում, հայոց լեզու և գրագիտություն և այլն): Սա անձանց զբաղվածությունը ապահովելու ևս մի միջոց է»:

Սակայն ոչ բոլոր դատապարտյալներն են իրացնում քրեակատարողական հիմնարկներում նմանօրինակ ծրագրերի մասնակցելու իրենց իրավունքը: Պատճառները տարբեր են՝ քրեական ենթամշակույթից մինչև կարծրատիպեր, մոտիվացիայի բացակայություն: Այս դեպքում՝ արդյունավետ վերասոցիալականացում իրականացնելու համար անհրաժեշտ է կիրառել խրախուսական մեխանիզմեր: Օրինակ՝ կրթական ծրագրերին մասնակցությունը խրախուսվում է նրանով, որ  երբ հետագայում վրա հասնի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու հարցի քննարկումը, մասնակցությունը այդ ծրագրերին և միջոցառումներին կդիտարկվի որպես դրական ցուցիչ. դրա շնորհիվ ավելի հավանական կլինի նրա վաղաժամկետ ազատումը՝ որպես խրախուսանք:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նշում է, որ թեև նմանօրինակ ծրագրերի մասնակցությունը ազատ է, յուրաքանչյուրը ինքն է ընտրում՝ ցանկանո՞ւմ է մասնակցել, թե՞ ոչ, սակայն պետությունը խրախուսանքների միջոցով կարող է խթանել մասնակցությունը դատապարտյալների շրջանում:

«Ցավոր ՔԿՀ-ներում խրախուսանքների մեխանիզմը այդքան էլ գործածելի չէ, որքան տույժերի և տուգանքների կիրառման պրակտիկան: Բայց վերասոցիալականացման գործընթացը պետք է ներառի խրախուսանքներ՝ ընտանիքի հետ ավելի հաճախ տեսակցություններից մինչ կարճատև մեկնումները»,- մեզ հետ զրույցում նշեց Հովհաննիսյանը:

Ըստ Ազատազրկված անձանց նկատմամբ կիրառվող խրախուսանքների և տույժերի 2019թ. վիճակագրության՝ 2019թվականի ինը ամիսների ընթացքում կարգապահական տույժի է ենթարկվել 1683 կալանավորված անձ և դատապարտյալ, իսկ 77 կալանավորված անձի և դատապարտյալի նկատմամբ կիրառվել է խրախուսանքի միջոց: Այսինքն՝ կարգապահական տույժերի քանակը 1606-ով ավել է խրախուսանքների քանակից: Հաշվետու ժամանակաշրջանում խրախուսանք չի կիրառվել «Աբովյան» և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ներում, իսկ «Դատապարտյալների հիվանդանոց» և «Հրազդան» ՔԿՀ-ներում 1-ական խրախուսանք է տրվել: Ամենաշատ խրախուսանքները տրվել են «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում՝ համապատասխանաբար՝ 26 և 14:

Որտեղի՞ց պետք է սկսել վերասոցիալականացմանը միտված բարեփոխումները

ՀՀ արդարդատության նախարարությունից տեղեկացրին, որ քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման ընթացքում դատապարտյալների վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումների իրականացումից զատ, նախատեսվում է մշակել ազատությունից զրկված անձանց (դատապարտյալների և /կամ  կալանավորված անձանց) ազատազրկման ժամկետը լրանալուց  հետո սոցիալական-իրավական հարցերով աջակցության տրամադրման ծրագիր (Երևանում և այլ համայնքներում վերականգնողական կենտրոնների գործունեության մոդելով): Սակայն «Սոցիալական արդարություն» ՀԿնախագահ Արշակ Գասպարյանը մեզ հետ զրույցում փաստեց՝ վերսոցիալականացմանը ուղղված ծրագրերը պետք է սկսել դեռ այն ժամանակ, երբ հանցագործություն կատարած անձի գործը գտնվում է քննչական մարմիններում, այնուհետև՝ դատարանում:

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի երկրորդ կետը սահմանում է. «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»: Իսկ 49-րդ հոդվածը սահմանում է պատժի տեսակները, որոնցից հաճախ ընտրվում է ազատազրկումը՝ որոշակի ժամկետով: Սակայն ազատությունից զրկելու հետ չկապված միջոցների վերաբերյալ ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնները (Տոկիոյի կանոններ) մատնանշում են, որ պետությունը պիտի ունենա պատիժների և խափանման միջոցների այլընտրանքային լուծումներ:

«Մենք խոսում ենք վերասոցիալականացման մասին, բայց գնում ենք հակառակ ուղղությամբ: Բյուջեից մեծածավալ ֆինանսավորում է հատկացվում նոր քրեակատարողականների կառուցման համար: Բայց անգամ այդ դեպքում, երբ դատարանը որոշում է կայացնում հանցագործություն կատարած անձին ենթարկել անազատության, այնուամենայինվ նա պետք է հնարավորինս կարճ ժամանակ անցկացնի  բանտում: Անձի՝ քրեակատարողական հիմնարկում հայտնվելու հենց առաջին օրից պետք է գործի պատժի պլանավորման համակարգը՝ վերասոցիալականացման պլանը, որի նպատակը պիտի լինի այդ մարդուն հասարակություն վերադարձնելը: Իսկ դրա համար մարդը հնարավորինս հաճախ պետք է շփվի արտաքին  միջավայրի հետ: Օրենսդրությամբ նախատեսում է կարճատև տեսակցություններ, երկարատև տեսակցություններ, կարճաժամկետ մեկնում՝ մինչև 7 օր տևողությամբ և այլն: Այս ամենը, ցավոք, մենք չենք կարողանում օգտագործել ի նպաստ վերասոցիալականացման»,- ասաց Արշակ Գասպարյանը:

Անազատության մեջ գտնված անձի՝ հասարկությունում վերաինտեգրման և աշխատանքի անցնելու համար մեծ դեր և նշանակություն ունի ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը: ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը 2019 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ  շահառուների համար իրականացրել է 74 վերասոցիալականացման ծրագրեր և միջոցառումներ: Վերլուծելով պրոբացիայի ծառայության աշխատանքը՝ Զարուհի Հովհաննիսյանը նշում է, որ պրոբացիայի ծառայությունը դեռևս կայացած կառույց չէ մեզանում:

«Պրոբացիայի ծառայության ղեկավարի նոր նշանակում եղավ: Նա շատ լավ մասնագետ է, սակայն շատ քիչ ռեսուրսներ են տրամադրվում այդ կառույցին: Մարզերում այդ ծառայությունը չունի անգամ տարրական պայմաններ աշխատանքի համար, չկա նաև մասնագիտական լուրջ բազա: Մեկ այլ լուրջ խնդիր է շահառուների հետ մասնագետների աշխատանքի չափորոշիչները: Պրոբացիայի ծառայության հետ կապված ամենալուրջ խնդիրներից մեկն է նաև այն, որ դատարանները չեն պատկերացնում՝ ինչ գործառույթներ կարող է այն իրականացնել: Արդյունքը լինում է այն, որ դատարանները չեն վստահում այդ կառույցի աշխատանքին, որպեսզի, օրինակ, կալանքը չկիրառեն»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը:

Նշենք, որ հետևողական ենք լինելու ՀՀ ԱՆ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման, ինչպես նաև պրոբացիայի ծառայության աշխատանքներին: Վերասոցիալականացման և քրեակատարողական հիմնարկների վերաբերյալ այլ խնդիրների կանդրադառնանք հաջորդ հրապարակումներում:

Միլենա Մկրտչյան
4-րդ կուրս

Կիսվել