Փետրվարի 24-ին սկսվում է Մեծ Պահքի շրջանը, որը տևում է 48 օր ՝ Բուն Բարեկենդանից մինչև Սուրբ Հարության (Զատկի) տոնի նախօրեն։ Հաճախ մարդիկ չգիտեն, թե ինչ է պահքը և ուղղակի մտածում են, որ շատ լավ նիհարելու միջոց է:

Եվ այսպես Պահքի 40-րդ  օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում:

Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:

Մեծ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ և երջանիկ կյանք։  Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման կիրակի և խորհրդանշում է մարդու` դրախտից արտաքսվելը և Աստծո տեսությունից զրկվելը: Հենց սա է խորհրդանշում ողջ Մեծ Պահքի շրջանում եկեղեցիների վարագույրների փակ մնալը և Սուրբ Հաղորդությունից հավատացյալների անմասն մնալը: Երրորդ կիրակին կոչվում է Անառակի կիրակի և մատնանշում է առ Աստված դառնալու և կորուսյալ դրախտը գտնելու կարեվորագույն նախապայմանը` ապաշխարանքը: Չորրորդ` Տնտեսի կիրակին, ուսուցանում է նյութական հարստության տնօրինման կերպի դերը հավիտենական փրկության կամ կորստյան մեջ: Հինգերորդ` Դատավորի կիրակին, պատգամում է հարատև աղոթքի անփոխարինելի նշանակությունը փրկության համար: Վերջին` Գալստյան կիրակին, ամփոփում է Քրիստոսի ինչպես Ա Գալստյան խորհուրդը, այնպես էլ Երկրորդ գալստյան խոստումը:

Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և, ի վերջո, հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը:

Խոսել ենք Անի Ադամյանի հետ, ով արդեն 3-րդ տարի է ինչ պաս է պահում.

«2 տարի առաջ սկսեցի ուսումնասիրել, թե ինչ է պահքը։  Առաջին անգամ պահեցի առաջին և վերջին շաբաթը:

Իսկապես մաքրվեցի հոգով և ինձ շատ լավ էի զգում: Հավատացեք՝ ուտելը կամ չուտելը առաջնային չէ:

Առաջնայինը մարդու հոգու խաղաղությունն է:

Անցյալ տարի ինձ հոգեպես պատրաստեցի, որ պետք է պահեմ 48 օր. իմ առջև շատ մեծ նպատակ էի դրել, որն իսկապես կատարվեց:

Շատերի մոտ այսպիսի կարծրատիպ կա․ ասում են, թե ինչու՞ պետք է մեզ տանջենք, բայց այն մարդիկ, ովքեր կարդում են այս նյութը հավատացեք, հաստատ պետք է,  դուք կարո´ղ եք»:

Պահքը շատ լավ միջոց է հոգեպես մաքրվելու․ այդ ընթացքում ոչ միայն պետք է հրաժարվել բուսական ծագում ունեցող կերակուրներից, այլ նաև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:

Շատ հաճախ լսում ենք, երբ ասում են, թե պահքը նիհարելու համար է․ այս առիթով զրուցեցինք  Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի հետ.

 «Պահքը նիհարելու համար չէ: Պահքով քրիստոնյան բուժում ու զորացնում է մեղքերից հիվանդացած իր հոգին: Երիտասարդները նույնպես մասնակցում են պատարագերին և պաս պահում:

Առհասարակ խրախուսվում է ամեն կիրակի մասնակցել պատարագների, իսկ Մեծ պահքի ընթացում՝ հատկապես»:

Փետրվարի 23-ին Բուն Բարեկենդանի երեկոյան ժամերգությունից հետո կսկսվի Մեծ պահքը: 

Մարդի´կ,  Ձեզ ստիպելով մի´ զրկեք ուտելիքից. պահքը պահեք այնպես «որ Աստված բարեհաճ գտնվի Ձեր հանդեպ»:

Տոնոյան Վարդուհի
3-րդ կուրս

Կիսվել