ԴՊՐՈՑԱԿԱՆ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐԸ՝ ԾԱՆՐ ԲԵՌ

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐԸ՝ ԾԱՆՐ ԲԵՌ

2466

«Պայուսակս այնքան ծանր է, որ մինչև դպրոց եմ հասնում, այդ օրվա բոլոր անգիրները գլխիցս թռնում են»,- ասում է  9-ամյա Լևոնը։ 4-րդ դասարանում սովորող Լևոնի պայուսակը  կշռում է 5,5 կիլոգրամ։ Այնինչ 3-4-րդ դասարաններում սովորող աշակերտների պայուսակը պետք է կշռի 2 կիլոգրամ։

Դպրոցականի պայուսակի քաշը չպետք է գերազանցի աշակերտի քաշի 10%-ը․ սրանք նորմեր են, որոնք հաստատել առողջապահության նախարարությունը,  բայց ինչպես պարզվում է, դրանք ընդամենը նորմեր են, որոնք թղթի վրա են մնացել։

«Դե, պայուսակս ծանր է, այդքան շատ դասերից չեմ հոգնում, որքան պայուսակս տուն տանելուց»,- ասում է 3-րդ դասարանում սովորող Անին։

 1-ին ու 2-րդ դասարանների աշակերտների պայուսակները կշռում են 3-4 կիլոգրամ, այնինչ, ըստ առողջապահության նախարարության, սահմանված քաշը 1,5 կիլոգրամն է։

Էլենը սովորում է 2-րդ դասարանում․ ծանր բեռն ուսերին դպրոց է հաճախում դեռ 1-ին դասարանից։

«Պայուսակս բավականին ծանր է, բայց տատիկն օգնում է, դպրոց գալիս՝  իմ ուսերին է, իսկ տուն գնալիս՝ տատիկի»,- ասում է Էլենը։

Էլենն այս հարցում միայնակ չէ։ Հատկապես ցածր դասարաններում աշակերտների ծանր բեռը որպես կանոն փորձում են թեթևացնել ծնողները, ուղեկցում են դպրոց, հետո դպրոցից տուն։

Օրթոպեդ-վնասվածքաբան Արա Անթառանյանը չի հերքում, որ պայուսակները երեխաների համար ծանր են։ Դրանք առաջացնում են ամենօրյա ֆիզիկական հոգնածություն, կիֆոզ, կամ ժողովրդի լեզվով ասած կուզ։ Երեխայի ուսերն ու գլուխը առաջ են կախված և արդյունքում ունենք օրգանական ողնաշարի հիվանդություն»,- ասում է օրթոպեդ-վնասվածքաբան Արա Անթառանյանը։

 Դպրոց գնալ դատարկ, թե ծանրաբեռնված պայուսակներով։ Թե´ առաջին, թե´ երկրորդ տարբերակն ընտրելու իրավունք ծնողները չունեն, բայց չեն դադարում իրավիճակից դուրս գալու ելք փնտրել։

«Պետք է առնվազն գրքի երկու օրինակ լինի, որ մեկը թողեն դպրոցում, մյուսն էլ տանը օգտագործեն»,- ասում է աշակերտի ծնողը։

Դեռ 2018 թվականին ԿԳՆ հանրակրթության վարչության պետը նշում էր, որ դասագիրքը, պլանշետներով փոխարինելու, էլեկտրոնային ուսուցման անցում կատարելու մասին խոսակցություններն իրականության հետ կապ չունեն, սրանք իրավիճակից դուրս գալու լավագույն տարբերակները չեն։

«Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այն երկրները, որոնք անցում են կատարել միայն էլեկտրոնային դասագրքերի, արդեն հետ են վերադառնում դասագրքային համակարգին, որովհետև առանց դասագրքերի հնարավոր չէ, այլ բան է դրանց քանակի վերահսկումը»,- ասում է Աշոտ Արշակյանը։

Իսկ ահա 2019-ին ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը հայտնել է, որ այս ուսումնական տարում գրեթե բոլոր դասարաններում կունենանք դասագրքեր, որոնք բաղկացած կլինեն երկու հատորից։ Սրա հիմնական նպատակը դպրոցական պայուսակների բեռնաթափումն է, քանի որ առողջապահության նախարարությունը, ծնողները հաճախ են խոսում աշակերտների պայուսակների ծանր լինելու մասին։ Այս ուսումնական տարում արդեն 48 դասագիրք երկհատորանի կդառնան, հայտնում է Sputnik Արմենիան։

«Երկհատորանի կդառնան այն դասագրքերը, որոնք այս տարի պետք է վերահրատարակվեին. քանի որ փոփոխությունը նաև ծախսատար է, դրա համար էլ նախարարությունը քայլ առ քայլ կգնա դրան»,- ասում է Աշոտ Արշակյանը։

ԿԳՍՄՆ-ի աստիճանական բարեփոխման հետ մեկտեղ երեխաներն էլ պետք է ճիշտ օգտագործեն պայուսակները. գցել ոչ թե մեկ ուսին, այլ երկու ուսերին, որպեսզի ծանրությունը ուսերի վրա հավասար բաշխվի։

Սյուզաննա Ավագյան
4-րդ կուրս

Կիսվել