«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՀԱՄԱՅՆՔ, ՈՐՏԵՂ ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՑԻՉ ՉԻ ԵՂԵԼ»․ «TEACH FOR...

«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՀԱՄԱՅՆՔ, ՈՐՏԵՂ ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՑԻՉ ՉԻ ԵՂԵԼ»․ «TEACH FOR ARMENIA» (ԴԱՍԱՎԱՆԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ) -Ի ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՊԱՏՄԵՑ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

1229

«Դասավանդիր Հայաստան» ( Teach for Armenia) կրթական հիմնադրամը գործում է արդեն 5 տարի։ Այն միտված է մարզերում կրթական մակարդակի բարձրացմանը։

Մեզ հետ զրույցում հիմնադրամի աշխատակից Հրանուշ Վանեսյանը պարզաբանեց, որ «Առաջնորդության զարգացման» ծրագրի մասնակիցները վերապատրաստվում ու գործուղվում են Հայաստանի ու Արցախի տարբեր համայնքներ։ Մասնակիցները դպրոցներում դասավանդելուց բացի իրականացնում են նաև  համայնքային ծրագրեր։

«Մենք ունենք համայնք, որտեղ տարիներ շարունակ առարկայի ուսուցիչ չի եղել և երեխաները իրենց կարիերան տվյալ ուղությամբ չեն կարողացել տեսնել։ Մեր նպատակն առաջին հերթին բոլոր երեխաների համար կրթության հավասար պայմաններ ապահովելն է։ Իրականացնում ենք տարբեր միջոցառումներ դասասենյակների վերանորոգումից մինչև գրադարանների կամ լաբորատորիաների կառուցում, նույնիսկ մեղրի արտադրություն, որի շահույթն ուղղվում է որևէ կրթական ծրագրի»։

«Դասավանդիր Հայաստան»-ը «Teach for all» գլոբալ ցանցի անդամ երկրներից է, որին անդամակցում է մոտ 50 երկիր։ Հենց այդ երկրների ուսումնասիրությունների և փորձի արդյունքում է որոշվել, որ դասավանդումը պետք է լինի երկամյա։

«Առաջին տարին հարմարվելու, ուսումնասիրելու, համայնքի խնդիրներին ծանոթանալու համար է․  բացահայտում ես,  թե ինչ ռեսուրսներ կան տվյալ համայնքում։  Երկրորդ տարին մեծ  ներուժով սկսում ես տարբեր ծրագրեր իրականացնել։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկու տարի հետո այդ ոգևորվածությունը կարող է մարել»։

Ծրագրում ընդունելության հետ կապված որոշակի փոփոխություններ են եղել։ Եթե առաջ դիմորդը լրացնում էր մեկ երկար և ծավալուն հայտադիմում, ապա այս տարի հայտադիմումը բաժանվել է երկու մասի։

«Սկզբում հասկանում ենք՝ համապատասխանու՞մ է արդյոք դիմորդը մեր ծրագրին, ապա նշում է այն առարկան կամ առարկաները,  որոնց  որակավորումն ունի և պատրաստ է դասավանդելու։ Դիմորդը պետք է ունենա բակալավրի աստիճան, տիրապետի հայոց լեզվին։ Դիմորդի մասնագիտությունը պետք է հնարավորինս մոտ լինի տվյալ առարկային, քանի որ դասավանդումն իրականացվում է ծրագրով նախատեսված պարտադիր առարկաներից մեկով։ Մանկավարժի որակավորում ունենալը անհրաժեշտ չէ, քանի որ ծրագրի շրջանակներում մասնակիցները մանկավարժի որակավորում ստանում են ։

Երկրորդ հայտադիմումը ցույց է տալիս մարդու մոտիվացիան․ հրավիրում ենք թեստավորման, որի ժամանակ մասնակիցները թեստ են հանձնում այն առարկաներից, որոնք պատրաստվում են դասավանդել։ Ունենք նաև անգլերենի բազային գիտելիքները ստուգող և վերլուծական հմտությունները ստուգող թեստեր։ Թեստավորումից հետո մասնակիցներին ուղարկում են գնահատման կենտրոն, որտեղ մասնակիցը մի ամբողջ օր անցկացնում է կազմակերպչական թիմի հետ։ Ունենում է բանավեճ, դաս- նմուշ- ներկայացում և անհատական հարցազրույց։ Այս փուլը հաղթահարելուց հետո արդեն մասնակցության առաջարկ ենք ուղարկում»։

Հրանուշ Վանեսյանը նաև բացատրեց, որ մասնակիցների տեղաբաշխումն իրականացվում է ըստ գիտելիքների և հմտությունների իմացության։

«Նախքան դպրոցներում դասավանդելը մասնակիցները պետք է 5 շաբաթյա վերապատրաստում անցնեն ամառային ակադեմիայում, որի ընթացքում բացահայտվում են մասնակցի բոլոր հմտությունները։ Ծրագրին մասնակցել կարող են նաև օտարերկրացիները․ կարևորը գրավոր և բանավոր հայերենի իմացությունն է»։

Հրանուշ Վանեսյանն ասաց, որ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտներ Նարինե Վարդանյանն ու Վերոնիկա Շահնազարյանը նույնպես մասնակցել են ծրագրին։ Լրագրողի մասնագիտություն ունենալով հանդերձ՝ Վերոնիկան դասավանդել է անգլերեն և ռուսերեն, իսկ Նարինեն՝ հայոց լեզու և գրականություն ։

Փետրվարի 28–ին «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամի կազմակերպչական թիմը կայցելի ԵՊՀ։ Այցը տեղի կունենա ժամը՝ 14։30-ին,  Եղիշե Չարենց լսարանում։

Էլիզա Գալուստյան
2-րդ կուրս

Կիսվել