ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՏՈՆԸ ԹԵՂԵՆԻՔՈՒՄ

ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՏՈՆԸ ԹԵՂԵՆԻՔՈՒՄ

1649

Հայ առաքելական եկեղեցու ամենասիրված ու սպասված տոներից մեկը՝ Բարեկենդանը, այս տարի մեծ շուքով  նշվեց Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում։

Տոնախմբությունը երգ ու պարով մեկնարկեց գյուղի սկզբից․ հարսանքավորներն ու հյուրերն անցնում էին գյուղի փողոցներով, օգտվում տան բակերում դրված սեղանների հյուրասիրությունից, բարի կենդանություն, առատություն ու երջանկություն մաղթում միմյանց: Տոնախմբության երթը շարունակվեց մինչ գյուղի եկեղեցի, որի բակում էլ բոլորին սպասում էին  «Ուտիս տատի ու Պաս պապիի» ու «Սուտլիկ հարսանիքի» բեմականացումները։

Մինչ կսկսեր թատերախաղը, եկեղեցու հարակից բակում հյուրերին իր հնարքներով ափշեցնում էր լարախաղաց Վլադիմիր Հակոբյանը։ Դե իսկ ի՞նչ հարսանիք, առանց զուռնա դհոլի ու հայկական ավանդական պարերի: Հյուրերն ու մասնակիցները մեծ շուրջպար էին բռնել եկեղեցու բակում, բարեկենդանի տոնին նվիրված երգեր էին երգում։

Տեր Համազասպ քահանա Հագեյանը բոլորին հորդորեց  ուրախությամբ դիմավորել Բարեկենդանը. «Բարեկենդան բառն ինքնին արդեն խոսում է տոնի մասին՝ մաղթելով բարի կենդանություն, կենդանության շունչ տալով մեզանից յուրաքանչյուրին»։

Հյուրերից շատերն էլ ողջունեցին տոնակատարության անցկացումը․ Թեղենիք գյուղի բնակիչ Հասմիկ տատը ոգևորությամբ ասաց. «Մեր ժամանակ մենք մենակ կարդում էինք Բարեկենդանի մասին, ուրիշ ոչ մի բան, իսկ հիմա, ոչ միայն տեսնում ենք, այլ դառնում ենք տոնի անմիջական մասնակիցը»։

Բարեկենդանը նշելու էին եկել, ոչ միայն Հայաստանի տարբեր մարզերից, այլ նաև Սփյուռքից ու աշխարհի ամենատարբեր երկրներից։

Այս տարի Բարեկենդանը սկսվեց փետրվարի 24-ից։ Տոնի խորհուրդը շատերս գիտենք․ այն է՝ 49 օր պաս պահել, չուտել կենդանական ծագման որևէ ուտեստ։ Սակայն առավել կարևոր է ոչ միայն սնունդը, այլև տոնի  հոգևոր նշանակությունը։ Պահքի ժամանակահատվածում պետք է զերծ մնալ բամբասանքից, չարախոսությունից ու հայհոյելուց։ Հոգևոր առումով ևս պետք է մաքրագործվել։

Թեղենիքում անցկացված Բարեկենդանի տոնից մասնակիցները մեծ գոհունակությամբ հեռացան՝ իրենց հետ տանելով ոչ միայն հուշեր, այլև սեր, ջերմություն ու բարություն:

Ձեզ՝ բարկենդան, Մեզ՝ բարի զատիկ։

Մերի Մանուկյան 
3-րդ կուրս

Կիսվել