ՓՈՔՐԻԿ ԳՐՔԱՍԵՐՆ ԻՐ ՕՐԻՆԱԿՈՎ «ՎԱՐԱԿՈՒՄ» Է ԻՐ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻՆ

ՓՈՔՐԻԿ ԳՐՔԱՍԵՐՆ ԻՐ ՕՐԻՆԱԿՈՎ «ՎԱՐԱԿՈՒՄ» Է ԻՐ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻՆ

2049

Շատերի համար գիրքը և ընթերցանությունը  ազատ ժամանակը լցնելու միջոց է, իսկ  10-ամյա Էլիզայի համար այն դարձել է ապրելակերպի  մի մաս: Յուրաքանչյուր օր, ինչ-որ ժամ անպայման պետք է գտնի ու հատկացնի կարդալուն: Մայրիկը շատ է ուղորդել նրան դեպի գրքերը: Դեռ փոքր տարիքից նա ունեցել է գրքեր, որոնք մայրիկի հետ միասին կարդացել  են. մայրիկը պատմել է նրան, նա էլ ինչ-որ ձևով փորձել է կրկնել:

Մանկուց Էլիզային խրախուսել են գիրք կարդալ, իսկ նա սիրել է ընթերցանությունը։ Լոգոպեդի մասնագիտությունը օգնել է տիկին Մարիամին (Էլիզայի մայրն է) երեխային դաստիարակելու գործում: Նա տարիքից մի փոքր շուտ է սկսել երեխայի հետ զարգացման աշխատանքները, իսկ  փոքրիկն էլ, մոտ չորս տարեկանից, սկսել է ճանաչել տառերը և կարողացել է բառեր արտասանել: Մայրիկը փորձել է իրեն տարիքից  շուտ չծանրաբեռնել,  դրա համար էլ փոքրիկը շատ սիրով էր կարդում. «Օրինակ՝ նա վերնագիրը կարդում էր, ես ասում էի  բավական է  և շարունակում էի ինքս կարդալ: Էդպես իր  մոտ քիչ-քիչ սկսվեց ավելի շատ կարդալու ցանկությունը»,-հավելեց տիկին Մարիամը:

Մայրիկը միշտ զգուշավորությամբ է գրքեր ընտրել փոքրիկի համար, քանի որ կարևոր է համարել, թե տվյալ տարիքի երեխային ինչ գրքեր են առաջարկում: Կամաց-կամաց սկսել է հետաքրքրվել արկածային գրականությամբ: Հետո ցանկություն է հայտնել մայրիկի հետ  գրախանութ գնալ և գրքի ընտրությունը անձամբ կատարել: Իհարկե, մայրն անպայման ուսումնասիրում էր գիրքը՝տառատեսակը, նկարների առկայությունը, գույները, քանի որ այդ փոքր դետալները  կարող էին նպաստել, որ երեխան ավելի մեծ հետաքրքրությամբ կարդա:

Էլիզայի ընթերցասիրությանը նպաստել է  նաև առաջին դասարանի դասվարը: Դպրոցում կար մի պաստառ, որտեղ երեխաներից ամեն մեկն իր կարդացած հեքիաթների ցանկն էր գրում  և դնում իր անվանը համապատասխան գրպանիկում: Ամսվա վերջում հաշվում էին, թե ով քանի գիրք է կարդացել, և ամենաշատ կարդացողը պատվոգիր էր ստանում: Էլիզան մի քանի անգամ ստացել է պատվոգիր, ինչը  ևս ոգևորել է նրան, որ սկսի ավելի շատ գրքեր կարդալ: Ամառային արձակուրդներին ամեն շաբաթ գնացել է գրախանութ, գնել իր նախընտրած գիրքը և կարդացել: Մայրիկը պատմեց մեզ, որ Էլիզան շատ արագ էր կարդում գրքերը, և նա մտածում էր, թե երեխան ամբողջը չի կարդում։ Համոզվելու համար նրան հարցեր էր տալիս, որոնց պատասխաններից հասկանում էր, որ իսկապես կարդացել է:

Փոքրիկ Էլիզայի պայուսակում միշտ գիրք կա: Իր համադասարանցիները միշտ հետաքրքրվում էին, թե որն է Էլիզայի կարդացած վերջին գիրքը: Նա էլ սիրով խորհուրդներ էր տաիս իր հասակակիցներին, թե ինչ կարդան, որ իրենց էլ դուր գա: Այդպես Էլիզայի խորհուրդներով էլ իր դասընկերներից մի քանիսը ևս դարձան գրքասեր: Օրինակ Ռոբերտը՝ Էլիզայի դասընկերը, հենց իր խորհրդով կարդացել է «Ջեռոնիմոս Ստիլտոն մկնիկի մասին» գիրքը, շատ է հավանել և ավարտելուց  հետո խնդրել է մայրիկին, որ երկրորդ հատորը ևս գնի, որը կարդացել է, հետո տվել է Էլիզային, որ նա ևս կարդա:

Ի դեպ, Էլիզան  Facebook-ում ունի «Փոքրիկ ընթերցասեր» էջը, որը բացել են մայրիկի խորհրդով: Այնտեղ Էլիզան պարբերաբար հրապարակում է իր կարդացած գրքերը, մի փոքր մեկնաբանում է գրքի մասին իր ունեցած կարծիքը, և շարունակում խորհուրդներ տալ իր հասակակիցներին: Անգամ դեպքեր են եղել, որ նրան գրել են, թե կարո՞ղ է արդյոք այս կամ այն գիրքը հրապարակել, բայց Էլիզան տեղադրում է միայն այն գրքերը, որոնք ինքը կարդացել է, և իրեն դուր են եկել:

Փոքր տարիքից սկսած՝ նա մայրիկի հետ միասին մասնակցել է գրական տարբեր միջոցառումների: Իրենց տան մի փոքրիկ անկյունում ունեն գրքեր, որոնք հենց հեղինակներն են իրեն նվիրել: Օրինակ, հեքիաթասաց Ալվարդ Ջիվանյանը հենց իր մակագրությամբ  Էլիզային նվիրել է «Գերբնական գազանները. որտեղ են նրանք բնակվում» գիրքը, որը Էլիզան մեծ ոգևորությամբ է կարդացել:

Էլիզան և տիկին Մարիամը պարբերաբար կազմակերպում են գրքահավաք և սահմանամերձ գյուղերի երեխաներին գրքեր են ուղարկում: Պատճառը եղել է  այն, որ նա իր տատիկի տանը տեսել է հին, վատ որակի թղթերով, առանց գույների, նկարների գրքեր,  հարցրել է մայրիկին, թե դրանք ինչ գրքեր են մայրիկն էլ պատասխանել է, որ սահմանամերձ գյուղերում էլ նման գրքեր շատ կան: Հետո Էլիզան խնդրել է, որ իր ծննդյան տարեդարձի խնջույքի գումարով գրքեր գնեն և ուղարկեն սահմանամերձ գյուղերի երեխաներին: Էլիզայի մայրիկի մի քանի ընկերներ ևս միացել են գրքահավաքին և գրքեր են նվիրել: Այդպիսով տիկին Մարիամը կապվել է սահմանամերձ գյուղի դպրոցի ուսուցչուհիների հետ, ովքեր իրենց վրա պատասխանատվություն են վերցրել, որ գրքերն ապահով տեղ կհասնեն և տեղ կգնեն իրենց գրադարաններում:

Իրաքում կա հայկական դպրոց, որտեղ երեխաները չունեն արևմտահայերենով գրքեր: Էլիզան և իր մայրիկը գնել են ութ գիրք և փոխանցել Իրաքում Հայաստանի դեսպանությանը: Քանի որ հին հրատարակված գրքեր շատ ունեն, հիմա փորձում են ավելի շատ նոր հրատարակվածները հավաքել կամ գնել: Ցանկալի է, որ դրանք ավելի գունագեղ լինեն, քանի որ դրա անհրաժեշտությունն իսկապես կա:

Էլիզա Գրիգորյան

2-րդ կուրս

Կիսվել