ԶԻՆՎՈՐԻՑ ԴԵՊԻ ԳՆԴԱՊԵՏ․ԱՀԱ ԹԵ ՈՒՐ Է ՏԱՆՈՒՄ ԱԶՆԻՎ ԵՎ...

ԶԻՆՎՈՐԻՑ ԴԵՊԻ ԳՆԴԱՊԵՏ․ԱՀԱ ԹԵ ՈՒՐ Է ՏԱՆՈՒՄ ԱԶՆԻՎ ԵՎ ԱՌԱՔԻՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

4750

 Զինվորից մինչև գնդապետ, խաղաղ ծառայությունից մինչև պատերազմի դաշտ անձնվիրաբար հայրենիքին նվիրված զինվորականն անցել է կյանքի բազում խաչուղիներով։ Իր առջև ծառացող խնդիրներին ու դժվարություններին պատրաստ Թաթուլ Թամրազյանը  քսաներկու տարի առաջ որոշում է ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ՝ տպավորվելով  իրենց տուն ելումուտ անող զինվորականների այցերով։ Կարգուկանոն սիրող և զսպվածություն պահպանող  երիտասարդը շատ շուտ ընտելացավ զինվորական կյանքին։ «Ինստիտուտում մենք ապրում էինք զինվորականի կյանքով, միայն մեր առօրյան ավելի շատ հագեցած էր ուսմամբ»։ Մայրն ասում է, որ այդ տարիները շատ ծանր էին նրանց համար, քանի որ ավագ որդին ծառայում էր բանակում, իսկ կրտսերը՝ ռազմական ինստիտուտում։ Ավագ որդու հետ երկու տարի է ծառայել, իսկ Թաթուլի հետ արդեն քսաներկու տարի է՝  ինչ ծառայում է։

  Համազգեստը այն տարիներից մինչև այսօր հարգում և կրում է շատ մեծ պատասխանատվությամբ։ Ինստիտուտն ավարտելուց հետո ցանկություն է հայտնում ծառայել սահմանամերձ զորամասում, քանի որ երիտասարդ էր, դեռ ամուսնացած չէր և ցանկանում էր կարիերան  սկսել մարտական հերթապահությունից։ Սակայն վերադաս հրամանատարությունը նրան ուղարկում է Դիլիջանում տեղակայված նոր զորամաս, որտեղ ցանկանում էին տեսնել որակյալ կադրերի։ Դիլիջանցի լինելով՝ մեծ ուրախություն է ապրում, որ պետք է գնա և ընտանիքի կողքին շարունակի իր ծառայությունը։ Նշանակվում է լեյտենանտ, և յոթ տարի գտնվելով Դիլիջանում՝ ունենում է պաշտոնի բարձրացումներ։ Այդ տարիների ընթացքում վերապատրաստվում է և նույն զորամասում նշանակվում  շտաբի պետ։ Ապա ծառայությունը շարունակում է Բալահովիտում տեղակայված հրետանային զորամասում որպես դիվիզիոնի հրամանատար։ «Վերադաս հրամանատարությունը գնահատեց իմ աշխատանքը և  փոխգնդապետի հաստիք ունեցող կոչումն ինձ վստահվեց։ Իսկ ես ունեի կապիտանի կոչում, որը երեք տեղ ցածր էր նման պաշտոն ունենալու համար»։

  Շրջապատում հենց մեկն ասում է, որ ծանոթ չունենաս առաջ չես գնա, Թաթուլը միշտ բերում է իր օրինակը․ հասարակ ընտանիքում ծնված և մեծացած զավակը առաջ էր գնում ազնվությամբ ու  սեփական ուժերով։ Հիմա իր զինվորներին ինքն է ուղղորդում, որ պայքարեն, դժվարություններից չփախչեն, քանի որ վստահ է՝ բոլորն էլ  կարող են հասնել նրան, ինչին ձգտում են։ Ծառայության մեջ մեծ տեղ է տալիս ինքնակրթությանը․ ինստիտուտի բազան շատ քիչ է պաշտոններում առաջխաղացում ունենալու համար։ Նրա ղեկավարած ստորաբաժանումները զինված ուժերում միշտ  լավագույնն էին ճանաչվում։ «Ես իմ հաջողություններով գայթակղվել եմ և փորձել ավելի առաջ շարժվել»։ Մոտ հինգ տարի դիվիզիոնի հրամանատարի պաշտոնում լինելով՝ արձանագրել է այնպիսի արդյունքներ, որ իր զինվորները մրցակցել են նաև ռուսական զորքերի հետ, միշտ փայլել իրենց պատրաստակամությամբ։ Իսկ ռուսական հրամանատարությունը զարմանում էր, որ այդքան երիտասարդ հրամանատար ունենալով՝ այդ  դիվիզիոնը կարող է նման կրակ արձակել։ Սակայն այդ պաշտոնին լինելով էլ շարունակել է իր սերժանտներից սովորել և նրանց գիտելիքները բարձր գնահատել։ «Ինձ համար առաջնայինը մարդն է, հետո զինվորական լինելը։ Բանակում ծառայող ոչ մի զինվոր չպետք է իրեն զգա ուշադրությունից դուրս»։

  Թաթուլն առաջարկ է ստանում դիմել Սանկ Պետերբուրգի ռազմական բարձրագույն ակադեմիա և ստանալ մագիստրոսական կոչում։ Երկու տարի դիմում է, սակայն չի անցնում, քանի որ առաջնությունը տրվում է  մարտական զորամասերում ծառայող զինվորականներին։ Երրորդ անգամ դիմելով՝ անցնում է և տեղափոխվում այս անգամ արդեն նորաստեղծ ընտանիքի հետ։ Իրեն ծառայությանը նվիրած զինվորականը խոստովանում է, որ ուշ ընտանիք կազմեց, սակայն չի փոշմանում, քանի որ գտել է այն ուժեղ կնոջը, ով ամեն պահի պատրաստ է իր կողքին լինել։ Կինն ասում է,  ընտանիքում միշտ առողջ մթնոլորտ է տիրել և  սիրո, համակարծիք լինելու, իրար հարգելու մեջ նա չի նկատել իրենց դժվարությունները։

   Սանկ Պետերբուրգից վերադառնալուց հետո Թաթուլը վերջնական որոշել էր, որ պարտադիր կերպով իրեն ուղարկեն մարտական գոտի։ Այդքան տարիների սովորածը ուզում էր օգտագործել հայրենիքի անվտանգության գործում։ Հրամանատարությունը ընդունում է որոշումը, և Թաթուլը Վայքում նշանակվում է հրամանատարի տեղակալ՝ հրետանու պետ։ Ամուսնությունից հետո յուրաքանչյուր տեղափոխության ժամանակ կինն ու երկու տղաներն  իր հետ են եղել, և դրանով նա ավելի ամուր է կանգնել և իրեն պաշտպանված զգացել։ Միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն է կրել ընտանիքի պաշտպանության հարցում։ Պաշտոնում յոթ ամիս ծառայելուց հետո, ողջ գնդի առաջ գնդապետը նրան անձնական զենք է նվիրում և հաջողություն մաղթում հետագա ծառայության ընթացքում։

  Ժամանակն էր տեղափոխվել Արցախ, Լաչինի շրջան։ 2016 թվականի ապրիլի երկուսին՝ վաղ առավոտյան որոշում է ընտանիքի հետ գնալ և ծանոթանալ այն տարածքին, որտեղ պետք է տեղափոխվեին։ Անտեղյակ լինելով գիշերային հարձակումներից՝ սկզբում զարմանում է՝ տեսնելով,  որ մարդիկ դուրս են գալիս իրենց տներից և մեքենաներով հեռանում։ Վտանգի տակ գտնվող տարածքներից մարդկանց տարհանում էին։  Հետո ռադիոն միացնելով լսում է, թե ինչ է պատահել և մեծ ափսոսանք ապրում, որ համազգեստով չէ և այդ պատերազմական վիճակում ընտանիքն իր հետ է։ Հետ է գնում Վայք, այնտեղ թողնում կնոջը և երեխաներին, հագնում համազգեստը, վերցնում իրեն անհրաժեշտ սև պայուսակը և վերադառնում Արցախ։ Մայրը չի թողնում, որ հեռանա, սակայն կինը քաջալերում է, որ հանգիստ գնա, քանի որ վստահ է, որ հաղթանակով է վերադառնալու իր ամուսինը։ Կնոջ արցունքները նկատում է միայն  որդին՝ Լևոնը։  «Երբ ես  արթնացա, տեսա, որ մաման լացում ա, ու որոշեցի, որ այդ օրը դասի չեմ գնա»։

  Առաջին իսկ օրից մտավ ռազմական գործողությունների մեջ։ Եվ հենց այդ օրը հրամանատարին ի պաշտոնե ներկայանալուց հետո  հակառակորդը սմերչ կայաններ կիրառեց։ Թաթուլը հիշում է, որ գնդապետը չէր հասկանում, թե դրանք ինչեր են, քանի որ հայկական սպառազինության մեջ նման զենք չկար, սակայն Սանկ Պետերբուրգում սովորած տարիներին Թաթուլը տեսել և զինավարժանքների ժամանակ օգտագործել էր և գիտեր, թե դա ինչ է։  Այստեղ արագ գործողություններ է կատարում, փրկում այդ տարածքում գտնվող մարդկանց, որոնք չէին հասկանում, թե ինչեր են թափվում երկնքից։ Նա իր առաջ տեսնում է բոցե բեկորներից մեկը, ապա արագ վերցնում և գցում է պայուսակի մեջ։ Ասում է, որ այն պահում է մինչև այսօր։ Այդ զինատեսակն այնպիսին է, որ պայթելով ընկնում է, տարածում իր բեկորները։ Բարեբախտաբար զոհեր չունեցան, կային միայն թեթև վիրավորներ։ Զինակիցները կատակով ասում են, որ երբ Թամրազյանը եկավ, իրենց գլխի վերևը սալյուտ պայթեց։

 Ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամու հարձակումները նրա գնդից զոհեր չպահանջեց, սակայն բնական  աղետն արդեն որոշել էր իր անելիքը։ Քառօրյաից հետո երեք ամիս էր, ինչ զորքը Ջեբրաիլի (Մեխակավան) շրջանում էր տեղակայվել։ Հունիսի յոթի գիշերն էր, հաջորդ օրը արդեն պետք է տեղափոխվեին զորամասեր։ Ջեբրաիլը չոր և անապատային տարածք է, որտեղ ջուր չկար և զինվորները ջուրը հայայթում էին տարբեր տեղերից։ Եվ Հադրութի շրջանում տեղացող ուժեղ  կարկուտն ու անձրևը այնտեղ էր հասել ջրհեղեղի տեսքով։ «Առավոտյան մենք տուն էինք վերադառնալու, և զինվորների ու սպայական կազմի ուրախությունն այնքան մեծ էր, որ որոշեցինք այդ գիշեր չքնել։ Եվ գիշերը տեսնում ենք՝ ջրի մեծ ալիք գալիս է դեպի մեզ՝ իր հետ բերելով նաև մեր ողջ տեխնիկան»։ Փոխգնդապետ Թամրազյանը գոռում է, որ բոլորը դուրս գան վրաններից և բարձրանան մոտակա բլուրը։ Ջուրը քշում ու տանում էր նրանց։ Հարկավոր էր հաշվել գունդը, տեսնել արդյոք ամբողջ անձնակազմը  տեղում է, բայց ամեն մեկը վազում էր մի ուղղությամբ։ Այդ տարածքում հեռախոսի ազդանշան երբեք չի եղել։ Սակայն երբ փոխգնդապետ Թամրազյանը բացում է հեռախոսը, տեսում է, որ կապ կա։ Զարմանում է, սակայն շատ շտապ զանգում է իրենցից մի քիչ ներքև գտնվող ստորաբաժանումներին և հայտնում աղետի մասին։ Ողջ գույքը, տեխինիկան, զենքերը այդ ցեխաջրերի մեջ լող էին տալիս։ Տեսնում է, որ բեռնատարի մեջ զինվորներ կան, ովքեր օգնության կոչեր են անում, ազդանշան է տալիս ներքևի  ստորաբաժանման հրամանատարին արագ լողալ և փրկել զինվորներին։  Իրենց զորամասի գնդապետի հետ է կապնվում, ով արագ գալիս է, սակայն մեծ փոսի մեջ է ընկնում և  ջուրը տանում է նրան։ Այնքան մութ էր, որ կայծակը խփելու ժամանակ էին միայն իրարի տեսնում։ Թաթուլը հասնում է գնդապետի մոտ և մեծ դժվարությամբ հանում նրան։ «Ցեխաջուրը չէր թողնում, որ գնդապետի ձեռքից բռնեի ու դեպի ինձ քաշեի։ Երևի գերբնական ուժ կար, որ վզով ես կարողացա քաշել և հանել»։ Շատ երևույթներ կան, որ անբացատրելի մնացին նրա համար։ Ինչպե՞ս այդքան ժամանակ ազդանշան չլինելուց հետո հեռախոսը կարող ես բացել և տեսնել, որ ազդանշան կա։ Վզով կարող ես հանել ծանրաքաշ մարդու։ Եվ  դրա հետ մեկտեղ, երբ զենքեր են կորել, բայց դու գտնում ես քո մեքնայի բանալին և նույնիսկ ցեխոտ վիճակում, բայց այն աշխատում է։ Միայն հաջորդ օրը նկատվեց, որ  զինվորների թվում չորս հոգի չկային։ Սկսեցին որոնողական աշխատանքները և երկուսին գտան վախեցած ու թաքնված, բայց մյուս երկուսը մահացած էին։  «Այս երկու զինվորները լավագույներից էին, նրանք մոտ ընկերներ էին և, որպես լավագույն ռմբարկուներ, պայքարում էին առաջին տեղի համար, իսկ ես ասում էի, որ երկուսիդ էլ հաղթանակ է շնորհվելու»։ Իր բոլոր մեդալների կողքին Ապրիլյան պատերազմից հետո ավելանում է  ՀՀ նախագահի կողմից արժանցած ամենապատվավոր՝ «Կառավարության մեդալը»,  որը շնորհվում է խիզախության և անձնազոհության համար։

  Այս ամենին հաջորդում էր գնդապետի կոչումի ստացումը։ Առանց որևէ հարցազրույցի և քննության նրան հրավիրում են պաշտպանության նախարարություն և շնորհում գնդապետի բարձրագույն կոչումը և պաշտոնը, որը մեծ անակնկալ էր նրա համար։ Հրթիռային զորքերի և հրետանու գաղտնի հետախուզության շտաբի պետի պաշտնում է մինչև այսօր։ Սա այն բաժինն է, որը ելակետային տվյալներ է պատրաստում ամբողջ զինված ուժերի համար։ « Հիմա մենք մեծ աշխատանք ենք տանում, որի արդյունքը եթե չտեսնեմ, ապա մեզնից հետո  եկող սպաները հաստատ կտեսնեն»։

Անի Թամրազյան

2-րդ կուրս

Կիսվել