Նրա գրչին են պատկանում գրաքննական հոդվածներ, թարգմանություններ և գրականագիտական աշխատանքներ, բայց այսօր նրա կյանքի կարևոր առաքելությունն «Ապրելու բանաձև» պատմավավերագրական մատենաշարն է։
Հանրային ռադիոյի եթերում՝ մանկական ուրախ հաղորդումների կողքին՝ ծնունդ առավ «Ապրելու բանաձևը», որն ավելի ուշ վերածվեց հատորների։
Հյուրասենյակի պատից կախված նկարում որդին է՝ արցախյան պատերազմում զոհված սերժանտ Աշոտ Չախոյանը։ Հենց նա դարձավ մատենաշարի առաջին հերոսը, ում պատմությամբ մեկնարկեց «Ապրելու բանաձև»-ի անդրանիկ հատորը։
ՀՀ ժուռնալիստների միության անդամ, ռադիոլրագրող Գոհար Մարտիկյանն իր 12 հատորներում 1000-ից ավելի հերոսների պատմություններ է զետեղել։ Գոհար Մարտիկյանը ընկրկել է, մտածելով, որ կդժվարանա իր ցավը դարձնել պատմություն, բայց հետո ամուսնու պնդմամբ հասկացել է, որ տղանների գործած սխրանքների մասին պե´տք է իմանան։
«Նախ՝ ես օգնեցի մայրերին, որ նրանք կարողանան իրենց զավակների կորստից հետո ապրել։ Պիտի կարողանային ապրել, որովհետև ինքս չէի կարողանում»։ Մանկական ուրախ հաղորդումները հանրային ռադիոյի եթերում, անգամ Աշոտի մահից հետո, շարունակեցին հեռարձակվել, բայց, ինչպես տիկին Մարտիկյանն է ասում, ձայնի երանգի տխրությունն անհնար էր թաքցնել։
«Այդ երեխաների աչքերում այնքան կյանք կար, որ մի պահ կտրվում էի իրականությունից, բայց նրանցից շատերը Աշոտիս էին հիշեցնում, և դա խորացնում էր ցավս»։ Զոհվածների մայրերի հետ զրուցելը բարդ էր, բայց տիկին Մարտիկյանը վստահ է, որ իրենից լավ ոչ ոք չի կարող հասկանալ այդ վիշտը։
«Ինձ դիմավորում էին արցունքոտ աչքերով և ճանապարհում՝ ժպիտով։ Ես գիտեի, որ բախում եմ այն ծնողի դուռը, ով արդեն գիտեր՝ դա Գոհար Մարտիկյանն է։ Նրանք լսել էին «Ապրելու բանաձև»- ը, իսկ դա ուժ էր տալիս ինձ»։
Տիկին Մարտիկյանն անկեղծացավ, որ եթե ժամանակ ունենար, կնկարահաներ յուրաքանչյուր հերոսի պատմությունը։ «Ես 1200 կինոսերիալի նյութ եմ թողնում։ Եթե որևէ մեկը հանձն առնի այդ գործը, նա բավականին շատ նյութ կունենա»։
Գոհար Մարտիկյանին միշտ հուզող հարցը, թե ինչու մենք ծովից ծով Հայաստանից մի բուռ մնացինք, այսօր կարծես գտել է իր պատասխանը։ Նա համոզված է՝ հայի դարավոր թշնամին ընչաքաղցությունն է։
«Վերջին 2 տարիների պատմությունները, ինչպես նաև «Թավշյա հեղափողությունը» պատասխանեցին իմ հարցին։ Ես համոզվեցի, որ հանուն իրենց գրպանի ամեն ինչի էլ պատրաստ են։ Բայց գոնե հիմա պետք է կարողանանք այս եղածը պահել»։
Այսօրվա երիտասարդներին «անսահման հրաշալի սերունդ» է կոչում։ Վստահ է, որ հենց նրանք են արդարացնելու իր հույսերը։ Իսկ լրագրողների նոր սերնդին միայն մի պատգամ ունի։
«Հանկարծ չհրապուրվե՛ք նյութականով ու չդավաճանե՛ք ձեր հոգուն, մտքի թելադրանքին։ Աշխատեք այնպես, որ ձեր գրած երկու տողից օգուտ ունենա մարդկությունը և հայրենիքը»։
Նոր գիրքը չի ուշանա։ Արդեն 30-ից ավելի նոր հերոսի պատմություն է բացահայտել։ Երբ պատմությունների թիվը հասնի հարյուրի, մեր ձեռքում կունենանք «Ապրելու բանաձև»-ի 13-րդ հատորը։
Էլիզա Գալուստյան
2-րդ կուրս