ԲՋՋԱՅԻՆՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ․ ՄՇՏԱԿԱՆ ԿԱ՞Պ, ԹԵ՞․․․

ԲՋՋԱՅԻՆՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ․ ՄՇՏԱԿԱՆ ԿԱ՞Պ, ԹԵ՞․․․

1533

Հոգեբան 34-ամյա Շուշանը որդու մոտ նկատել է մի շարք բացասական փոփոխություններ և դրանք կապում է վերջերս տղային նվիրած բջջային հեռախոսի հետ։ Երկու երեխա ունի՝ 16 տարեկան աղջիկ և 9 տարեկան տղա։ «Աշխատում եմ, դրա համար էլ նրանց բջջայիններ ենք գնել, որ մշտապես կապի մեջ լինենք»,-պատմեց հերոսուհին։ Նրա խոսքով՝ տղան՝ Կարենը, դպրոցում բարձր առաջադիմություն ունի, սակայն հիմա ուսուցիչները բողոքում են․ «Կարենը դարձել է անուշադիր, ագրեսիվ, նույնիսկ չի ուզում գնալ իր համար այդքան սիրելի բասկետբոլի պարապմունքներին»։ Շուշանենց բնակարան այցի ժամանակ Կարենը ցույց տվեց իր հեռախոսը, խաղերն ու ռոբոտների մասին իր սիրած մուլտֆիլմը։

Հոգեբան Կարեն Այվազյանի դիտարկմամբ՝ հիմա բոլոր ծնողները ցանկություն ունեն միշտ կապի մեջ լինել իրենց երեխաների հետ, և դա նորմալ է։ «Հեռախոսի բացասական ազդեցությունը հիմնականում կապված է էլեկտրամագնիսական ճառագայթների հետ, որոնք ազդում են մարդու գլխուղեղի և ամբողջ մարմնի վրա։ Այս պարագայում առավել զգայուն են երեխաները, նրանք չեն կարող պաշտպանվել ճառագայթներից»,- նշում է հոգեբանը։

Նյարդաբան Լիլիթ Հայկյանի խոսքով՝ հեռախոսի առաջին ամենամեծ վտանգը կախվածությունն է և ծնողների հետ մշտական կոնտակտի բացակայությունը․ «Հեռախոսի պատճառով երեխան դառնում է դաժան ու ագրեսիվ, հեռախոսը ձեռքից վերցնելու դեպում սկսվում է հիստերիա»։

«Ծիածան ուսումնական կենտրոնի» հիմնադիր Օֆելյա Ավագյանը երկար ժամանակ է՝ աշխատում է երեխաների հետ և կարծում է, որ եթե երեխան համացանցի գերի է, մեղավորը ծնողն է։ «Իմ աղջիկն ու տղան չունեն կախվածություն, նրանք հիմնականում դիտում են հայկական մուլտֆիլմեր։ Կարող եմ խորհուրդ տալ բոլոր ծնողներին երեխաների օրն այնպես կազմակերպել, որ նրանք չկտրվեն իրական աշխարհից»,- ասում է Օֆելյա Ավագյանը։

Դասվար Սուսան Եղոյանը հավաստիացնում է, որ բջայինների բացասական ազդեցությունը հանգեցնում է քնի խանգարման, հիշողության կորստի․ «Աշխատանքային պրակտիկայում նկատել եմ, որ գաջեթները փոխում են երեխայի վարքը։ Նրանք, ովքեր բջջայինով են հաճախում դպրոց, չեն կենտրոնանում դասապրոցեսի ընթացքում, առանց նպատակի ժամին են նայում, գտնվում են հոգեկան անհանգիստ վիճակում»։ Ուսուցչուհու խոսքով՝ նախակրթարանում աշխատելիս նկատել է, որ երեխաներն, ովքեր շատ են օգտագործում գաջեթներ, ունեն նաև խոսքի և շփման խնդիր։

Մասնագետներն, այսպիսով, հավաստիացնում են, որ մի կողմից թվային տեխնոլոգիաներն ընդլայնում են մտահորիզոնը, մյուս կողմից՝ կտրում են մարդկանց իրական աշխարհից և կախվածություն առաջացնում։ Ծնողներին ու երեխաներին փաստորեն նորից մնում է դժվար, բայց կարևոր ոսկե միջինը։


Կակոյան Շողեր
2-րդ կուրս

Կիսվել