ՊԱՏՇԱՃ ԿԱՀԱՎՈՐԵԼ ՀԵՏԻՈՏՆԱՅԻՆ ԱՆՑՈՒՄՆԵՐԸ, ՔԱՆԻ ԴԵՌ ՈՒՇ ՉԷ

ՊԱՏՇԱՃ ԿԱՀԱՎՈՐԵԼ ՀԵՏԻՈՏՆԱՅԻՆ ԱՆՑՈՒՄՆԵՐԸ, ՔԱՆԻ ԴԵՌ ՈՒՇ ՉԷ

1416

Թիվ 52 հիմնական դպրոցի հետիոտնային անցումը ողբերգական վթարից հետո էլ առանց լուսացույցի է

Այս տարվա հունվարի 24-ին Երևանի թիվ 52 հիմնական դպրոցի (Շենգավիթ վարչական շրջան, Չարբախ թաղամաս) 10-ամյա աշակերտուհի  Էլեն Մ․-ն դպրոցի մոտ ավտովթարի ենթարկվեց։

Ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո, գիտակցության չգալով, նա մահացավ։ Ավտովթարից հետո մինչ այսօր դպրոցի աշակերտներին ծնողներն ուղեկցում են տանից դպրոց, դպրոցից տուն։ Շիրակի փողոցի այդ հատվածում հսկողություն են իրականացնում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։

«Անմեղ երեխեն առավոտ գալիս ա իր ուսումը ստանալու ու․․․». մեր զրուցակիցը՝ թիվ 52 դպրոցի ծնողներից, ով չցանկացավ ներկայանալ, դժվարանում է շարունակել։

«Տղես հիմա 6-րդ դասարան ա ու առավոտյան բերում եմ, սպասում եմ ավարտում ա, նոր տանում եմ, բայց ամեն րոպե հնարավորություն չկա երեխաների հետ լինելու, ծնողն աշխատում ա, ամեն ծնող չի, որ կարողանում ա իրա երեխու հետ գա դպրոց, տանի։ Հիմա դասերը վերջացան, երեխեքը պիտի տուն գնան, ես անցնում եմ, տեսնում եմ՝ էլի երեխա կա, նորից եմ անցնում»,- ասում է մեզ հետ զրուցող ծնողը։
Նա փաստում է, որ դպրոցի տնօրինությունը բազմիցս դիմել է քաղաքապետարան՝ լուսացույց տեղադրելու համար, անգամ իրենք՝ ծնողներով, շուրջ հազար դիմում-ստորագրություն են հավաքել այդ հարցով, որից հետո դպրոցի մոտակայքում ճանապարհային ոստիկանությունը սկսել է հսկողություն իրականացնել։

«Մի փոքր էլ մենք պետք է սթափ լինենք, նկատենք, բայց դեպքերը գնալով շատանում են։ Մերը հենց դիմացի շենքն է, անընդհատ վախը մեջներս է, մի հատ ճռռոց է լսվում՝ ահա՝ դպրոցից երեխա դուրս եկա՞վ, հո մարդ չընկա՞վ, հո բան չեղա՞վ, չգիտեմ՝ լուսացույցը կօգնի, թե չէ, բայց գոնե ինչ-որ ազդանշան կլինի վարորդներին, որ կանգնեն»։


Դպրոցի տնօրեն  Նարինե Շառյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հունվարի 29-ին, այսինքն՝ աշակերտուհու մահվան դեպքից հետո դիմել է քաղաքապետարան, որից հետո աշխատակիցները եկել ու հետիոտնային անցման մոտ նախազգուշացնող վահանակներով սյուներ են տեղադրել։

«Քաղաքապետարանից եկան, սյուներ տեղադրեցին հետիոտնի անցումի մոտ և ամեն օր առավոտ 8-ից ՃՈ-ն է հսկողություն իրականացնում մեր դպրոցի մոտ, մինչ դասերի ավարտը։  Հսկողությունն իրենք ամենօրյա ժամանակացույցով, գրաֆիկով իրականացնում են, մնում է մեր քաղաքացիների օրինապահությունը։ Դպրոցի երկու կողմերում կան լուսացույցեր, և դպրոցի դիմաց հետիոտնի անցում կա։ Այսինքն՝ այն, ինչ պետք է արվեր ճիշտ երթևեկության կազմակերպման համար, արվել էր»։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքով՝ նմանատիպ խնդիր ունեցող անցումներ քաղաքում էլի են առկա։ Ներկայումս
քաղաքապետարանը լուսակիրների տեղադրման մրցույթ է հայտարարել՝ խնդրահարույց անցումները պատշաճ ձեւով կահավորելու համար։ «Քաղաքապետը մի քանի անգամ առիթ ունեցել է համայնքի բնակիչների անվտանգ երթևեկության գերակա կարևորության մասին խոսել, և  անցած տարվանից հայտարարվեց այդ սկզբունքը, որ անվտանգության  մակարդակը բարձրացնելու համար պետք է հատկապես հետիոտնային անցումները ավելի անվտանգ դարձնել։ Դեկտեմբերին 26 հետիոտնային անցումները լուսացույցերով կահավորելու համար մրցույթ է հայտարարվել, որոնց թվում էր նաև Շիրակի  փողոց 3 հասցեի հետիոտնային անցումը։ Այսինքն՝ կոնկրետ այդ անցումով քաղաքապետարանը սկսել է զբաղվել  2019-ի դեկտեմբերից, այսինքն՝ մինչև այդ ողբերգական դեպքը»։

Հակոբ Կարապետյանը նաև հավելեց՝ առաջիկա շաբաթների ընթացքում 26 անցումներից առաջին 11-ը կլինեն կահավորված։  

Էլենիտա Սարգսյան

Ալբերտ Սերոբյան

3-րդ կուրսս
Նկարները վերցված են Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի ֆեյսբուկյան էջից

Կիսվել