ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՎ ԱՆՑԱԾ ԿՆՈՋ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՎ ԱՆՑԱԾ ԿՆՈՋ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

954

Ընտանեկան բռնությունը լայն տարածում ունի մեր հասարակությունում, դրա զոհերի մեծամասնությունը կանայք են։ ՀՀ Ոստիկանության տվյալների համաձայն, 2015-2017թթ․ գրանցվել է ընտանեկան բռնության 2333 դեպք, որից 1422-ը (61%) ամուսնու կողմից կնոջ նկատմամբ գործադրված բռնությունն է։

Ընտանեկան բռնության զոհ է դարձել  Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Կարինե Բեգլարյանը: Ամուսնացել է 18 տարեկանում: «Ամուսնացել ենք հին հայկական ավանդույթների համաձայն, առանց մեկս մյուսիս ճանաչելու, առանց շփվելու: Սկզբնական շրջանում չեմ  ցանկացել ամուսնանալ, սակայն ծնողների պահանջով ամուսնացել եմ  և հիմա ունեմ  3 երեխա` 2 աղջիկ, 1 տղա» -պատմում է բռնության շղթայի միջով անցած կինը:

Ամուսնական կյանքի ընթացքում վերջիններս հաճախակի կենցաղային տարբեր հարցերի շուրջ ունեցել են տարաձայնություններ, քանի որ երկուսն էլ եղել են տարբեր պատկերացումների տեր մարդիկ և յուրաքանչյուր հարցի շուրջ ունեցել են տարբեր կարծիքներ։

Տարիների ընթացքում այդ տարաձայնությունները վերածվել են վիճաբանությունների, և վերջիններիս տանը տիրել է լարված մթնոլորտ, իսկ այդ լարված մթնոլորտը բացասական  ազդեցություն է ունեցել երեխաների հոգեբանության վրա:

Կարինեն տեսնելով, որ այդ լարված մթնոլորտը ազդում է երեխաների վրա, փորձել է խոսել ամուսնու`Սմբատ Հակոբյանի հետ: 

Հարցին, թե ինչ լուծում է տվել իրավիճակին, Սմբատ Հակոբյանը պատասխանեց. «Տան տղամարդը ես եմ, և կինը կարծիք արտահայտելու իրավունք չունի»:

Ընտանեկան լարված մթնոլորտի վերաբերյալ  Կ. Բեգլարյանը տեղեկացնում է իր ավանդապաշտ ծնողներին և ասում է, որ այլևս ի վիճակի չէ այդ կերպ ապրելու, քանի որ չկա մի օր, որ այդ տանը ինքն առանց արցունք թափելու անցկացնի: Օրվա մեծ մասը նա  ամուսնու կողմից ենթարկվում է հոգեբանական ճնշման, իսկ, երբեմն էլ, վիճաբանության թեժանալու արդյունքում ծեծի է ենթարկվում: Այդ ամենը լսելուց հետո վերջինս ծնողները նրան հորդորում են, որ շարունակի ապրել այդ ընտանիքում` ասելով, որ կարևորը ընտանիքի պատիվն է, և տարիների ընթացքում այդ ամենը կհարթվի:

«Ծնողներս ինձ չեն հասկանում, մտածում են միայն ընտանիքի անվան մասին, մի կողմից էլ հասկանում են իրենց: Ինձ համար ամենադժվարը, այդ ամենից հետո,  տուն վերադառնալն էր: Այս ամենի մեջ ինձ ուժ են տվել միայն երեխաներս, և, վերջապես, կարողացա ճիշտ որոշում կայացնել»:

Կարինեն որոշում է աշխատանք գտնել, որպեսզի տանը քիչ լինի և ամուսնու հետ քիչ շփվի: Մեծ դժվարությամբ, վիճաբանությունների արդյունքում կարողանում է ամուսնուն համոզել և խանութում աշխատել որպես վաճառողուհի: Աշխատանքի ընթացքում  Կ. Բեգլարյանը ձեռք է բերում աշխատանքային ընկերներ, շփվում է տարբեր մարդկանց հետ և այդ կերպ կարողանում է կազմակերպել իր առօրյան։ Սակայն աշխատանքի ավարտից հետո, երբ վերադառնում է տուն, կրկին առաջանում են վեճեր․ այդ վիճակը շարունակվում է մոտ 22 տարի :

Հարցին, թե ինչու է այդքան երկար լռել և հանդուրժել, վերջինս ասաց. «Չկար այնպիսի մեկը, ով ինձ կօգներ, իսկ երբ արդեն կարողացա հույսս դնել Սոնայի (Սոնան Կարինեի աշխատանքային ընկերուհին է) վրա, ամեն ինչ փոխվեց»:

Սոնան նրան առաջարկում է ամուսնալուծվել։ Սկզբում Կարինեն չի համաձայնվում` ասելով, որ ծնողների պատիվը գետնով կտա: «Վախենում էի բաժանվելու մասին խոսելուց, բայց ամեն մեկի կյանքում էլ լինում է մի պահ, երբ այսպես կոչված համբերության բաժակը լցվում է: Երբ աշխատանքային ծանր օրվանից հետո  սովորականից ավելի ուշ եկա տուն, սկսվեց հերթական ծեծը, և դա եղավ այդ տանն անցկացրած  վերջին օրը»- ասաց Կարինեն:

Կարինեն այդ մասին զանգով տեղեկացնում է ընկերուհուն` Սոնային: Վերջինս  նրան առաջարկում է  գնալ իր տուն: Սոնան տեսնում է, որ Կարինեն ունի մարմնական վնասվածքներ, առաջարկում է դիմել ոստիկանություն, գնում են ոստիկանության մոտակա բաժին, որտեղ կատարվածի վերաբերյալ Կարինեից վերցնում են համապատասխան հաղորդում և նախապատրաստում են նյութեր:

Ոստիկան Ս.Ա.-ի խոսքով՝ Կարինեի ամուսնուն  հրավիրում են ոստիկանություն, հարցաքննում են, այնուհետև բացատրում են ընտանիքում բռնության մասին օրենքը  և վերցնում են հաշվառման՝ կայացնելով անհետաձգելի միջամտության որոշում, որով արգելում են Ս. Հակոբյանին 20 օր ժամկետով այցելել կնոջը, քանի որ նա բնակվում է ընկերուհու  տանը, չի ցանկանում ամուսնուն  տեսնել և ցանկանում է ամուսնալուծվել:

Ոստիկանությունում Ս. Հակոբյանին բացատրում են նաև, որ եթե ինքը չկատարի որոշման պահանջները, ապա կենթարկվի քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքի 353.1 հոդվածի 1-ին  մասի հատկանիշներով, այն է՝ անհետաձգելի միջամտության որոշումը դիտավորությամբ չկատարել:

Դրանից հետո Ս. Հակոբյանը գնում է տուն, իսկ Կ. Բեգլարյանը `ընկերուհու տուն: Մի քանի օր անց Ս. Հակոբյանը ալկոհոլի ազդեցության տակ գնում է Սոնայի տուն և փորձում է կնոջը հորդորել, որպեսզի վերադառնա տուն, սակայն Կարինեն չի համաձայնվում և նրան տեղեկացնում է, որ ցանկանում է ամուսնալուծվել:

«Այդ ամենը լսելուց հետո Սմբատը հրեց ինձ և միանգամից հարձակվեց Կարինեի վրա, սկսեց ծեծել նրան: Տեսնելով, որ ոչ մի կերպ չեմ կարողանում օգնել Կարինեին զանգեցի ոստիկանություն»- ասաց Սոնան: Ոստիկանության աշխատակիցները  բերման են ենթարկում Ս. Հակոբյանին:

Ոստիկան Ս.Ա.-ի խոսքերով՝ Կարինեից կրկին ընդունում են  հաղորդում  և նյութեր նախապատրաստում՝ ինչպես Կարինեին ծեծի ենթարկելու, այնպես էլ  Ս. Հակոբյանի կողմից անհետաձգելի միջամտության որոշումը դիտավորությամբ չկատարելու փաստով: Այնուհետև Ս. Հակոբյանի վերաբերյալ հարուցվում է քրեական գործ և վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 353.1 հոդվածի 1-ին  մասի և 117 հոդվածի  հատկանիշներով ենթարկվում է քրեական պատասխանատվության:

Մարիամ Պետրոսյան

4-րդ կուրս

Կիսվել