Մարիի սենյակ մտնողն անմիջապես կնկատի անկյունում դրված մեծ գրադարանը։ Մասնագիտությամբ դեղագետ երիտասարդի պահարանում, ոչ թե բնագիտական գրքեր են, այլ գեղարվեստական։
Հաջորդը, որ ուշադրություն կգրավի, արևածաղկի տեսքով թևնոցն է, որը գրեթե միշտ կրում է Մարին։ Ասում է՝ արևածաղիկն իր խորհրդանիշն է. ինչ-որ գաղտնի ուժ ունի, որ իրեն ներդաշնակություն է հաղորդում։
Մարին նաև ստեղծագործում է, բայց այդ մասին խոսել չի ցանկանում, քանի որ իր ստեղծագործությունների միջոցով նա արտահայտում է իր խոհերն ու հույզերը։ Բացի ստեղծագործելը նա սիրում է երգել, զբաղվել լուսանկարչությամբ, կիթառ նվագել։ Եթե խորանում է մի բանի մեջ, ապա դա ինքնաբերաբար դառնում է իր հոբբին։
Դեռ վաղ տարիքից Մարին սիրել է երգն ու երաժշտությունը։
«Ես չեմ հիշում, բայց պատմում են, որ երբ 4-5 տարեկան էի ու տանը հյուրեր էինք ունենում, միշտ մոտենում էի բոլորին ու ասում՝ «Կլինի՞ ձեզ համար երգեմ», եթե անգամ չուզենային էլ, մեկ է, երգում էի»,- պատմում է Մարին։ Երբ քույրը սկսել էր երաժշտական դպրոց հաճախել, մի օր գնում է նրա հետ և տեսնելով, թե ինչպես են դիմացի դասասենյակում վոկալի դասեր պարապում, իր մոտ ևս ցանկություն է առաջանում հայտնվել այնտեղ ու երգել։ Ի վերջո Մարիի ցանկությունը կատարվեց, երբ մոր առաջարկությամբ նա ևս սկսեց հաճախել երաժշտական դպրոց։ «Ճիշտ է՝ սկզբում չէին ընդունում, որովհետև ընդունելությունը սեպտեմբերից էր, իսկ ես ավելի ուշ էի գնացել, բայց տեսնելով, որ շատ եմ ցանկանում, ընդունեցին․ այդ օրը դարձավ իմ երջանիկ օրերից մեկը»,- անկեղծացավ նա։ Մարին նշեց նաև, որ երբ ավարտեց երաժշտական դպրոցը, ծնողները առաջարկեցին նրան գնալ այս ուղղությամբ, բայց խորհուրդ տվեցին նաև ընտրել որևէ այլ մասնագիտություն։
Մասնագիտության ընտրության հարցում շատ է մտածել․ նրա համար դժվար էր կողմնորոշվելը, քանի որ դպրոցում բոլոր առարկաները անխտիր սովորել է գերազանց։
Մարիի համադասարանցիները վաղուց կոմնորոշված պարապում էին, իսկ նա դեռ երկմտանքի մեջ էր, փորձում էր ընտրել այնպիսի մասնագիտություն, որը ոչ միայն կսիրեր, այլև հետագայում իրեն օգուտ կբերեր։ Նա շատ հետաքրքրված էր բնագիտական առարկաներով, հատկապես շատ էր սիրում կենսաբանությունը, նրա խոսքով օտար լեզուները իր մոտ ևս լավ էին ստացվում, նույնիսկ ցանկանում էր գնալ այդ ուղղությամբ։ Նրան շատ էր դուր գալիս առավելապես գերմաներենը, այդ լեզվում նրան ավելի շատ գրավում էր լեզվի դժվար լինելու փաստը։ Բայց, ընտրեց բժշկությունը, ցանկանում էր դառնալ վիրաբույժ, որի շնորհիվ կկարողանար փրկել մարդկային կյանքեր, դա է պատճառը, որ նա ամենից շատ կարևորում է հենց բժշկի մասնագիտությունը, իսկ լեզուներին տիրապետելը նրա կարծիքով ավելի շատ ունակություն է, քան մասնագիտություն, որին ցանկության դեպքում կարելի է մի քանի ամսում էլ տիրապետել։ Վիրաբույժ չցանկացավ դառնալ, քանի որ կարծում էր, որ այս ոլորտում նախ և առաջ հարկավոր է թե՛ ֆիզիկական և, թե՛ հոգեբանական պատրաստվածություն, ինչպես նաև մեծ պատասխանատվություն, ինչը իր ուժերից վեր է։
Մայրիկի՝ տիկին Արմինեի խոսքով, Մարին բնույթով հանգիստ աղջիկ է, շատ պարտաճանաչ է, եթե որևէ բան է նախաձեռնում, օրեր առաջ նախապատրաստվում է։ Ամեն ինչին լրջությամբ է վերաբերվում, նույնիսկ ամենահասարակ բաներին։ Տիկին Արմինեն նշեց նաև, որ այդ ամենը դստերը շատ է վնասում, քանի որ դրանից նա ավելի անհանգիստ է դառնում։
Ապագա դեղագետը ունի նաև մի շարք նպատակներ ու երազանքներ։ Երազանքը, ըստ նրա, այն է, ինչի մասին անդադար երազում ես, գիտակցելով, որ չի իրականանանա։ Այստեղ նա ակամայից հիշեց, որ փոքր ժամանակ իր և քրոջ երազանքը թռչելն էր։ «Մենք կանգնում էինք բարձր տեղ և անձրևանոցով բարձր տեղից ցատկում ներքև, որպեսզի սովորեինք թռչել»,- ասաց Մարին։ Իսկ նպատակներ շատ ունի․ ցանկանում է դառնալ իր ոլորտում լավ մասնագետ և ստեղծել քաղցկեղի դեմ այնպիսի դեղամիջոց, որը մարդկությանը կփրկի այդ չարիքից։ Մարիի կարգախոսն է՝ «Հիշիր՝ ինչի համար ես սկսել» արտահայտությունը։
Մերի Մաթևոսյան
2-րդ կուրս