93-ԱՄՅԱ ԱԶԳԱՆՈՒՇ ՏԱՏԸ 84 ԹՈՌ ՈՒ ԾՈՌ ՈՒՆԻ

93-ԱՄՅԱ ԱԶԳԱՆՈՒՇ ՏԱՏԸ 84 ԹՈՌ ՈՒ ԾՈՌ ՈՒՆԻ

835

Կարբի գյուղի բնակչուհի Ազգանուշ տատը 93 տարեկան է․ 84 թոռ ու ծոռ ունի: Նա գյուղի երեք մեծերից երկրորդն է։ 9 զավակի մայր է. ցավով է նշում, որ երեքին կորցրել է։

Ազգանուշ տատը ծնվել է 1924 թվականին` Արագածոտն մարզի Կարբի գյուղում, որտեղ էլ ամուսնացել է եւ իր բովանդակալից կյանքն է ապրում: Ե՛ւ ցավով, ե՛ւ ուրախությամբ նշում է, որ, լինելով հարուստ ընտանիքի դուստր, ընդամենը չորս օր է հաճախել դպրոց, որովհետեւ հայրը վախեցել է դպրոց ուղարկելուց:

«Դպրոցում մի տղա և աղջիկ փախել էին իրար հետ, հայրս էլ ինձ արգելեց դպրոց գնալ»,-վերհիշում է Ազգանուշ տատը: Այդպես էլ գրել, կարդալ չի սովորում, միայն կարողանում է ստորագրել: Մորաքրոջ խորհրդով և հոր համաձայնությամբ ամուսնանում է:

 Ամուսնանում է 15 տարեկանում, իսկ ամուսինը լինում է 25 տարեկան: «Սիրելով եմ ամուսնացել ու մինչև հիմա էլ սիրում եմ»,-անկեղծանում է Ազգանուշ տատը եւ պատմում, որ ամուսինը ծնողներ չի ունեցել: Լինելով ընտանիքի ավագը` աշխատել և մեծացրել է երեք եղբայրներին:

Ազգանուշ տատը պատմում է, որ ամեն ինչ ստեղծել են իրենց քրտինքով, ունեցել են 9 երեխա՝ չորս որդի, հինգ դուստր:

«Երեխաներս փոքր են եղել, երբ սկսվել է Հայրենական պատերազմը. ամուսինս գնացել է պատերազմ, իսկ ես երեխաներիս շարունակել եմ մեծացնել միայնակ: Ամեն նեղություն կրել եմ երեխաների համար՝ ծիրան եմ քաղել, արիշտա եմ կտրել, քաղհան եմ արել… Հետո պատերազմից վերադարձել է ամուսինս, և սկսել ենք աշխատել միասին: Տնկել ենք ծառեր, մշակել խնձորի այգիներ: Շատ հաճախ երեխաներին թողել եմ տանը մենակ` ավագ զավակի խնամքի հույսին, իսկ մենք`ամուսիններով մնացել ենք այգիներում, անդադար աշխատել ենք: Այգիները մինչ օրս առատ բերք են տալիս, դրանց խնամքով զբաղվում են որդիներս ու թոռներս»:

Ութ զավակներին էլ հարսանիք են արել, վերջին թոռան հարսանիքն էլ մի քանի օր առաջ է եղել: Ազգանուշ տատի ամուսինը շուտ է մահացել: 93-ամյա Ազգանուշ տատն այսօր ապրում է կրտսեր որդու հետ, գրեթե չի կարողանում քայլել, օրվա մեծ մասը պառկած է անցկացնում: Ամեն ինչից ու ամենքից էլ գոհ է` զավակներից, հարսներից, թոռներից, հարեւաններից: Ուրախությամբ է հիշում, թե ինչպես էին ջահել ժամանակ հավաքվում իրենց տանը եւ հաց թխում. ավանդույթ, որն այսօր Կարբիում շատ քչերն են պահպանում:

Ազգանուշ տատի միակ դժգոհությունը կենսաթոշակի քիչ լինելն է, իսկ նպատակը՝ մշտապես խաղաղ կյանք տեսնելն է. աշխարհին խաղաղություն է մաղթում, մարդկանց` առողջություն. «Կարևորը՝ պատերազմ չլինի»,-ավելացնում է Ազգանուշ տատին:

Սվետլանա Դավթյան

2-րդ կուրս

Կիսվել