ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵՌԱԳԻՐՍ ԱՅՐԵԼ. ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂ ՍՅՈՒԶԱՆԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵՌԱԳԻՐՍ ԱՅՐԵԼ. ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂ ՍՅՈՒԶԱՆԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

1527

Սոցիալական կայքերի դրական կողմերից է մարդկանց ինքնադրսևորման հնարավորություն տալը։ Այսօր բազմաթիվ նոր ու հետաքրքիր դեմքեր կան, որոնց համար համացանցը դարձել է գրական ճանապարհի սկիզբ։ Հենց այդ տաղանդավոր հերոսներից մեկն էլ իմ զրուցակից, երիտասարդ ստեղծագործող Սյուզանա Նավասարդյանն է։ 

«Գրելը իմ տարերքն է, եթե մի օր էլ չգրեմ, ուրեմն մահացել եմ, ուրեմն էլ չկամ աշխարհի երեսին»_ ասում նա։ 

– Սյուզաննա, ե՞րբ առաջին անգամ ձեռքդ գրիչ վերցրիր։ 

-Առաջին անգամ գրիչ վերցրի 4 տարեկան հասակում։ Փաստացի, իմ առաջին ուսուցիչը եղավ քույրիկս, ով ինձ սովորեցրեց տառերը։ Կարդալ իմանալուց հետո ինձ սկսեցին հետաքրքրել գրքերը։ 5 տարեկանում կարդացի «Լիր արքան»։ Հեքիաթներ չէի նախընտրում. մանկական ոչ մի գիրք չեմ ունեցել։ 

Որսացե՞լ ես այն պահը, որ ինքդ ստեղծագործելու որոշում ես կայացրել։ 

-Ինձ թվում է, որ անկեղծ ու ի սրտե ստեղծագործողի մոտ դա պահ չէ, այլ՝ հավերժություն։ Հետևաբար չեմ որսացել, ուղղակի սկսել եմ գրել, ու ամեն ինչ ինքնաբերաբար է ստացվել։ Սկզբնական շրջանում գրածներս միայն ինձ համար էին ու փակ էին բոլորի առաջ, այդ թվում՝ մտերիմ մարդկանց։ Հիշում եմ՝ մի օր ամբողջական տետր այրեցի, որ ոչ ոք չկարդա։ Մի գաղտնիք ասեմ՝ գրող մարդկանցից ամեն մեկն իր հիվանդությունն ունի։ Իմ հիվանդությունն իմ մտքերն են ու դրանց ծանրությունը։ Մի գիշեր, էսպես ծանր մտքերով, վառեցի տետրս։ 

Իսկ ե՞րբ հաղթեցիր ինքդ քեզ ու մտքերդ ներկայացրիր հասարակությանըարձագանքներն ինչպիսի՞ն էին։ 

Այդ բարդույթից ազատվեցի բավականին վերջերս, երբ բանաստեղծություններիցս մեկով կիսվեցի ընկերուհուս հետ։ Նա որոշեց  դրանք հետաքրքիր կերպով ներկայացնել․ բանաստեղծությունս տպագրեց մի թղթի վրա, որի վերջում հեղինակին նշելու տեղ չմնաց ու գրեց ՍյուՆա (անվանս ու ազգանվանս առաջին վանկերը), և հենց դա էլ դարձավ գրական կեղծանունս։ Ընկերուհիս պնդեց, որ բանաստեղծությամբս կիսվեմ ու այն տարածեմ համացանցում։ Սկզբից չհամաձայնեցի, բայց հետո ինձ էլ հետաքրքրեց, թե ինչպիսի կարծիքներ կարող են լինել, ու բանակստեղծությունս հանձնեցինք ընթերցողի դատին։ Արձագանքներն ինձ համար բուռն էին ու անսպասելի։ Դրանից հետո սկսեցի կարևորել ընթերցողի կարծիքը։ Ֆեյսբուքում ունեմ էջ՝ «Սրտով միշտ քեզ հետ»․  այսպես էի ուզում վերնագրել չծնված գիրքս, որը այրեցի։ Թե՛ Ֆեյսբուքում, թե՛ Ինստագրամում ընթերցողներս ավելի ակտիվ են, քան ես, իրենք են տարածում գրածներս։ 

-Համարու՞մ ես, որ համացանցը կարող է ստեղծագործողի գրական ուղու մի մասը լինել։ 

-Ժամանակի թելադրանքն է, որ համացանցը մտել է մեր կյանք, ուստի կարծում եմ, որ սկսնակի համար համացանցը որոշիչ կարող է լինել, իհարկե, ճիշտ օգտագործելու դեպքում։ Համացանցի շնորհիվ ես ծանոթացա ու կապվեցի ընթերցողներիս հետ։ Շատ եմ կարևորում գրող_ընթերցող շփումը։ Իմ դեպքում այդ կապը ձևավորվեց այն ժամանակ, երբ ընթերցողն իմ մտքերում իրեն գտավ և որոշեց կիսվել ինձ հետ իր կյանքի պատմությամբ։ «Իմ սրտից ես գրում»,  «Գիրք եմ ուզում» ամենահաճախ լսվող արտահայտություններն են ընթերցողիս կողմից, որոնց առայժմ միայն իմ ժպիտով կարող եմ պատասխանել։ Գիրք ունենալը ներկայիս  մեծագույն երազանքն է։ 

Գիտեմ, որ շատ ես բախվել հեղինակային իրավունքներիդ խախտման խնդրին։ Ի՞նչ կասես այս մասին։ 

-Եթե ստեղծագործություններդ սկսում են տարածվել համացանցում, ռիսկ միշտ կա, որ կլինի նաև գրագողոություն։ Ես էլ, այո՛, բազմիցս բախվել եմ այդ խնդրին։ Վերջին դեպքը մի քանի օր առաջ եղավ, երբ քույրս պատահմամբ մի տեսահոլովակ էր գտել, որում արտասանվում էին իմ խոսքերը, սակայն իմ փոխարեն այլ հեղինակ էր նշված։ Շատ ծանր եմ տանում և կարծում եմ, որ գրագողությունն աններելի է։ 

Իսկ ի՞նչ քայլեր ես ձեռնարկում իրավունքներդ պաշտպանելու համար։ 

-Տեղյակ եմ, որ կարող եմ իրավապահ մարմիններին դիմել, սակայն նախընտրում եմ ինքս լուծել խնդիրը։ Բազմիցս կապվել եմ մտքերս հրապարակած էջերի հետ, բացատրել եմ պահանջներս։ Միշտ հասկանում ենք իրար, շատ անգամ ներողություն են խնդրում ինձնից և սկսում հետևել անձնական էջերիս՝ սխալմունքից խուսափելու նպատակով։ Այնուամենայնիվ, գիտակցում եմ, որ անհնար է լիովին խուսափել գրագողությունից, ուստի մտքերս հանգում են նրան, որ գիրք ունենալն արդեն անհրաժեշտություն է։ 

Ի վերջո, կտեսնե՞նք ՍյուՆային ավելի լուրջ գրական հարթակներում։ 

-Հիմա ամեն ինչ կապում եմ գրքի տպագրության հետ։ Երբ այն տպագրվի, ես ինքնաբերաբար ավելի լուրջ հարթակներում կհայտնվեմ ու բախտ կունենամ լինելու այնպիսի միջավայրում, որի մասին միայն երազել կարող էի։ Քանի որ բռնկուն բնավորություն ունեմ և սիրում եմ ձեռագիրս այրել, այդ պատճառով չեմ կարող հստակ ասել, թե երբ գիրք կտպագրեմ։ Բայց մի՞թե հնարավոր է երազանքներն էլ այրել… Իհարկե, ո՛չ։ Եվ,  ուրեմն, գիրքը անպայման լույս կտեսնի։

Լուսինե Հակոբյան
2-րդ կուրս

Կիսվել