ՄՈՒԼՏՀԵՐՈՍԸ ԿԱՐՈՂ Է ՎՏԱՆԳԵԼ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔԸ

ՄՈՒԼՏՀԵՐՈՍԸ ԿԱՐՈՂ Է ՎՏԱՆԳԵԼ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔԸ

946


18 տարեկան  Հայկը հիշում է, թե ինչպես 13 տարեկանում  իրենց  տան 2-րդ հարկի պատուհանից իրեն դուրս նետեց՝ փորձելով կրկնել սիրելի մուլտֆիլմի հերոսի գործողությունները:


«Այդ ժամանակ շատ էի տարված  մուլտֆիլմներով և հատկապես ճապոնական անիմեով: Ամեն ինչ անում էի՝  նմանվելու իմ սիրելի հերոսին, և  մի օր էլ ընկերոջս հետ հերթական սերիան նայելուց հետո որոշեցինք կրկնել: Որոշեցինք՝  որպես առաջնորդ ես պետք է ցատկեմ: Արդյունքը եղավ այն, որ 1 ամիս պառկեցի հիվանդանոցում, ոտքի և ձեռքի կոտրվածքներով: Հիմա ծիծաղով եմ հիշում այդ ամենը, բայց սա, իրոք, լուրջ խնդիր է։ Հիմա երեխաներն ավելի շատ են դիտում մուլտֆիլմեր պլանշետով եւ ծնողներից հեռու, ինչը բացասական ազդեցություն կարող է ունենալ նրանց վրա»։

Հոգեբանների պնդմամբ, այն տպավորությունները, որոնք ստանում են երեխաները այդ պահին, պահպանվում են երկար ժամանակ: Ժամանակակից մուլտֆիլմերից շատերը բացասական են ազդում երեխայի  առողջ հոգեբանության վրա, որովհետեւ հերոսների մեծ մասն իրական չեն: Հոգեբան Կարինե Նալչաջյանը նշում է, որ  երեխան մուլտֆիլմի ազդեցության տակ վախեցել է ոչ միայն մթությունից կամ չար կերպարներից, այլ, օրինակ, որ «Սպայդերմեն»-ը կգա և կքայլի իր սենյակի պատերով, կամ էլ երեխան մուլտֆիլմի ազդեցության տակ կվնասի  իրեն:

«Մուլտեր կան, որտեղ հերոսները բարձր տեղից թռչում են ու իրենց ոչինչ չի պատահում, չեն վնասվում, երեխան նայում է և նրա մեջ ստեղծվում է տպավորություն, որ ինքը բարձր շենքի վրայից, եթե  թռչի, ուրեմն իրեն էլ ոչինչ չի պատահի, և այդպիսի դեպքեր ես գիտեմ, որ գրանցվել են երեխան ինքն իրեն վնասել է։ Պետք է միշտ հիշել, որ մուլտֆիլմերի հերոսները երեխաների համար դառնում են իդեալներ , կրկնօրինակման  մոդելներ և եթե այդ հերսները իրենցից ոչինչ չեն ներկայացնում միայն ագրեսիայի և բացասական վարքի խորհրդանիշ են, մենք պետք է շատ զգույշ լինենք, որ  այդ մուլտերից  ինչքան հնարավոր է հետ պահենք  երեխաներին»,-նկատում է հոգեբան Նալչաջյանը:

Մուլտիպիկացիան այնքան հասանելի է դարձել երեխայի  համար, որ երբեմն թվում է՝ այն հետապնդում է նրան ամենուր և  ամեն րոպե: Ժամանակակից անիմացիան լի է վառ գույներով, տպավորիչ  գրաֆիկաներով, որոնք միանգամից գրավում են երեխաների ուշադրությունը: Մուլտֆիլմերը երեխաների համար առավել գրավիչ են, քան  զրույցը ծնողի, հեքիաթը տատիկի կամ խաղը հասակակցի հետ։  Դրանք ամենաշատն են ազդում ժամանակակից երեխայի աշխարհընկալման, արժեքների ձևավորման, դաստիարակման վրա:

Մուլտֆիլմերի գերակշռող մասը վաղուց դադարել է լինել արվեստի նմուշ: Եթե Խորհրդային տարիներին մեծ ուշադրություն էին  դարձնում, թե ինչ  բառապաշար է օգտագործելու երեխայի համար հերոսի վերածվող կերպարը, ինչ սցենար է հրամցվելու փոքրիկին կամ ինչ գունային գամմայով են փաթեթավորվելու տեսարանները, ապա այժմ մուլտֆիլմերի թեմաների եւ հերոսների ընտրությունը հաճախ տարակուսանք են առաջացնում ծնողների, հոգեբանների եւ մանկավարժների մոտ։

Միչիգանի համալսարանի պրոֆեսորներ Կայլա Բրոյսի և Բրեդ Բուշմենի հետազոտությունը  պարզել է՝

  • 2-5 տարեկան երեխաները շաբաթական 32 ժամ դիտում են մուլտֆիլմ, իսկ

 6-11 տարեկանները՝ 28 ժամ,

  • 8-18 տարեկան երեխաների 71%-ն ունի առանձին հեռուստացույց
  • 7-12 տարեկան երեխաների 53%-ը հեռուստացույց են դիտում առանց ծնողների վերահսկողության:

Նույն համալսարանի պրոֆեսոր Շարմինն իր հետազոտությունում փաստում է՝ որ երեխաներին ավելի շատ գրավում են մուլտֆիլմերը, քան սովորելու ավանդական, ակադեմիական տարբերակները, պատճառը մուլտֆիլմերի հետաքրքիր սցենարներն են, աուդիովիզուալ էֆֆեկտները և գունային լուծումները: Գիտնականները ապացուցել են, որ երեխաները ոչ միայն սովորում են մուլտֆիլմից, այլ նաև մտապահում և ընդօրինակում են հերոսների պահվածքը, խառնվածքը եւ բառապաշարը:

Ռուսաստանի դպրոցներից մեկում 47 երեխաների և նրանց ծնողների շրջանում իրականացրած հարցման արդյունքում պարզ է դարձել, որ ծնողների 33%-ը սահմանափակում է երեխաներին մուլտֆիլմերի ընտրության հարցում, 67%-ը՝ ոչ:

Մուլտֆիլմերը աստիճանաբար երեխայի մտքից դուրս են մղում իրական աշխարհի գաղափարները` այն փոխարինելով մուլտիպլիկատորների երևակայություններով: Երեխաներն ընդունում են մուլտֆիլմերի հերոսների պահվածքը, ընդօրինակում իրենց սիրելի հերոսների բոլոր որակները:  Հատկապես նախադպրոցականները հավատում  ու վստահում են մուլտհերոսներին: Ըստ հոգեբան Կարինե Նալչաջյանի, մուլտֆիլմեր, որտեղ  մարդկային ռոբոտները գրավում են երկիրը, հերոսը բարձրահարկ շենքից ընկնում է և շարունակում վազել, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանք գովազդելը բացասաբար է անդրադառնում երեխաների և դեռահասների վրա:  Մուլտֆիլմները երեխաների համար են, բայց ծնողն ինքն է որոշում եւ ընտրում այն ցանկը, որը համաատասխան է իր փոքրիկի տարիքին, վարիքն եւ ամենակարեւորը՝ լավագույն շահին։

Մերի Խաչատրյան

3-րդ կուրս

Կիսվել