«Ամենալավ աշխատանքը բարձր վարձատրվող հոբբին է»,-այսպես է ասել Հենրի Ֆորդը, իսկ նրա հետ համակարծիք է իմ զրուցակիցը` ԵՊՀ–ի ֆարմացիայի ինստիտուտի ուսանող, մասնագիտությամբ դեղագետ Դավիթ Գրիգորյանը: Նա, ընտրելով երաժշտությունը որպես հոբբի, դարձավ Դավիթ Գրեգ: Նա իր ընկերների հետ միացրեց տարբեր ժամանակների, ազգությունների ու լեզուների երգերը և ստեղծեց Armenian Mashup-ը: Եվ ահա այսօր այն ունի 12 միլիոն դիտում: Թե ինչպես եղավ, ու դեռ ինչեր պետք է լինեն՝ մեզ հետ զրույցում պատմեց Դավիթը։
–Ե ՞րբ և ինչպե՞ս որոշեցիք զբաղվել երաժշտությամբ:
-Երաժշտությամբ սկսեցի զբաղվել, երբ վերջացրի զինվորական ծառայությունս: Նախքան բանակն էլ սիրողական կիթառ նվագել էի սովորում: Բայց, վերադառնալուց հետո, երաժշտությունը դարձավ ապրելակերպ:
– Հե՞շտ էր արդյոք համալսարանական երիտասարդին ստեղծել այնպիսի մի աշխատանք, որը հիմա յութուբում ունի 12 միլիոն դիտում: Ի ՞ նչ ճանապարհ եք անցել, կխոսե՞ք այդ մասին:
-Դե, բնականաբար, հեշտ չէր: Ճանապարհը սկսվեց հենց համալսարանից: Ուսանողական խորհրդում ներառվել էի որպես ակտիվ ուսանող, այդտեղ էլ ծանոթացա մեր էրեխեքի հետ: Երբ Արցախ էինք գնացել, Եղնիկներում միջոցառում պետք է անցկացնեինք ու այդ ճանապարհին կիթառով նվագելով, էդ երգերը երգում էինք իրար հետևից, միտք առաջացավ, որ արժե այսպես անել, բայց արդեն պրոֆեսիոնալ մակարդակով:
– Ե րբ պատրաստում էիք առաջին Armenian Mashup-ը, սպասո՞ւմ էիք, որ այսպիսի արձագանք կունենա: Ի ՞ նչ ապրումներ ունեիք:
-Ես սպասում էի. այդքան՝ 11-12 միլիոն չէ, բայց սպասում էի, որ միլիոնը կանցնի: Համեմատելով մյուսների հետ` ես մոտավորապես գիտեի, թե իմ աշխատանքն ինչ արդյունք կտա: Բայց, որ 12 միլիոն դիտում կունենա մեկ տարում, չէի սպասում:
–Վերջերս համագործակցեցիք Աղաս Մանուկյանի հետ , ում երգը դարձավ Ամանորի թեմայով ամենաշատ դիտում ունեցած երգը` 4 միլիոն: Ինչպե ՞ ս ստացաք համագործակցության առաջարկը:
-Աղաս Մանուկյանի հետ նախկինում կապ եղել է, բայց շատ քիչ: Երկրորդ Armenian Mashup-ի ժամանակ մեզ հրավիրել էր, որպեսզի իր Stand Up ներկայացման բացմանը երգենք մեր առաջին երկու Mashup-ները: Բայց արդեն Armenian Mashup 4-ից հետո առաջարկեց միասին ստեղծել մի աշխատանք, որը կտեղակայվի իմ Յութուբյան ալիքում, ու արեցինք: Արմեն Պետրոսյանը (Մենչը) մի գերնպատակ էր դրել, որ Նոր տարվա վերաբերյալ այդ աշխատանքով պետք է գերազանցենք բոլորին:
–Սպասվում ե՞ ն նոր աշխատանքներ հանրաճանաչ մարդկանց հետ:
-Բնականաբար, արդեն կան: Հենց Աղաս Մանուկյանն էլ նոր առաջարկներ ունի, բայց բացի այդ վեց-յոթ արդեն կայացած արտիստների հետ ծրագրեր կան:
–Ինչպիսի ՞ ն է Ձեր պատկերացումների Դավիթը տասը տարի անց:
-Մայամի, երեք հարյուր հազար աուդիտորիա իմ առաջ ու Հայաստանի դրոշը մեջքիս:
Ներկայացնում ենք բլից հարցում Դավիթ Գրեգի հետ:
-Ո՞րն է Ձեր բնավորության ամենացայտուն գիծը:
-Նպատակասլացություն:
– Ի՞նչն եք ամենաշատը գնահատում մարդկանց մեջ:
-Ազնվությունն ու աշխատասիրությունը:
– Ո՞րն է Ձեր ամենամեծ թերությունը:
– Ժամանակի հանդեպ թափթփվածությունը:
– Այս պահին ի՞ նչ հոգեվիճակում եք:
– Բարձր տրամադրությամբ:
– Կարողություն, որով կցանկանայիք օժտված լինեք:
– Լինել ամենազոր:
–Ո՞րն է Ձեր սիրելի գրական հերոսը:
– Գիքորը:
– Եթե հանդիպեիք Աստծուն, ի՞ նչ կասեիք:
– Կասեի՝ Արցախը հանգիստ թողեն:
– Եթե հանդիպեիք սատանային, ի՞ նչ կասեիք:
– Էլի կասեի՝ Արցախը հանգիստ թողնի:
– Ի՞ նչի համար եք ամենից շատ ափսոսում:
– Որ արդեն 23 տարեկան եմ:
– Եթե իմանայիք, որ սա Ձեր վերջին խոսքն է, ի՞ նչ կասեիք:
– Կասեի` ցտեսություն:
Վարդուհի Հովհաննիսյան
2-րդ կուրս