15-ամյա Մհերը ստիպված է աշխատել, որպեսզի օգնի սոցիալական ծանր պայմաններում ապրող իր ընտանիքին։ «Ես ժամանակ չունեմ սովորելու, ուր մնաց դպրոց հաճախեմ, էնքա~ն հոգս ունեմ, որ չեմ մտածում սովորելու մասին»,- ասում է դեռահասը: Ընտանիքում 4 հոգի են` մայրը, երկու քույրերը և նա: Հոր գնալուց հետո, սոցիալապես անապահովության մատնված ընտանիքում մորն օգնում է Մհերը, այդ իսկ պատճառով էլ , ո′չ հասցնում է նորմալ դպրոց հաճախել, ո′չ էլ սովորել: Նա զբաղվում է փողոցային առևտրով. իր և մոր կուտակածը հազիվ է հերիքում առօրյա սնունդ գնելու համար:
«Ինձ դպրոցում ծաղրում էին , որ չունեի իրենց նման լավ շորեր, որ չեմ կարողանում դասարանի հետ գումար հավաքել, որպեսզի տեղ գնանք, կամ էլ բուֆետում սնվեմ, չունեմ նաև գրքերի մեծ մասը, որովհետև այդքան գումարը իմ մի քանի օրվա սնունդն է ապահովում»,-անկեղծացավ Մհերը:
Նմանատիպ օրինակները, եթե ոչ ամեն քայլափոխի, բայց, այնուամենայնիվ, հաճախ հանդիպող դեպքեր են, որոնք ոչ միշտ են հստակ լուծումներ ստանում և հնարավորություն տալիս երեխաներին, գոնե դպրոցական հասակում չհոգալ ընտանիքի հոգսը՝ ոչնչացնելով ապահովված ապագա ունենալու երազանքները:
Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդած տվյալների, Սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորից: Սոցիալական նպաստի չափը սահմանված է ամսական 18000 դրամ:
Մեկ այլ օրինակի միջոցով հասկանանք, արդյոք տրամադրվող նպաստը բավական է ամսական կտրվածքով դպրոցի ծախսերի և գոյատրելու համար:
Աննա Կիրակոսյանը, ով Երևանի հանրակրթական դպրոց հաճախող աշակերտներից մեկի մայրն է, պատմեց դպրոցում ամսական կտրվածքով իրականցվող ծախսերի մասին:
«Ես միշտ պարտաճանաչ վճարում եմ այնքան, որքան դպրոցը պահանջում է: Գրքերի համար վճարում ենք տարվա սկզբից, մոտավորապես 6000 դրամ: Ընդհանուր ունենք 6 հիմնական տետր, 48 էջանի, որի համար ամսական ծախսում ենք ամենաշատը 4000 դրամ՝ նեռարյալ գրավորի համար նախատեսված տետրերն ու գրենական պիտույքները: Դրա հետ մեկտեղ, երեխային դպրոց տանելու և բերելու համար ընդհանուր ծախսում եմ 500 դրամ,և երեխայիս տալիս եմ օրական 600 դրամ` ընդմիջման համար,- ասում է Տիկին Աննան:
Մեկ երեխայի օրինակով կարելի է հասկանալ, որ լավագույն դեպքում ամսական պարտադիր ծախսվում է 15000 դրամ, և եթե գրքերի համար վճարում են տարին մեկ անգամ, ապա ամեն առարկայից թեմատիկ տետրերը, որոնք դպրոցը վաճառում է, պահանջվում են երկու կիսամյակի համար: Հետևում է, որ 18000 դրամ ստացող, սոցիալապես անապահով ընտանիքում, ինչպիսին Մհերինն է, անհնար է այդքան ծախսել դպրոցի վրա:
Ի պատասխան այն հարցին, թե, արդյոք կա ցուցակ, որում ներկայացված են անապահով ընտանիքի երեխաները, Երևանի հանրակրթական դպրոցներից մեկի տնօրենը նշեց, որ չունեն, հավելելով, որ այդ դեպքում ոչ թե դպրոցը պետք է զբաղվի նրանց կարգավիճակով , այլ՝ պետությունը:
Ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ֆեյսբուքյան էջում տեղ գտած հայտարարության`յուրաքանչյուր դպրոցի 5-12-րդ դասարանների սովորողների թվաքանակի 10 տոկոսի չափով պետբյուջեից սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաների դասագրքերի գումարի զեղչման կամ հատուցման նպատակով հատկացվում է գումար, որը բաշխվում է սոցիալապես անապահով սովորողների միջև: Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 752-Ն /21.08.2009թ./ հրամանով հաստատված «ՀՀ ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու և հանրակրթական առարկաների դասագրքերը հրատարակելու կարգի» 11-րդ կետի՝ «Հաստատության սոցիալապես անապահով ընտանիքների սովորողներին հատկացվող դասագրքերի համար ներդրումային գումարների փոխհատուցումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի շրջանակում: Հաստատության սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների ցուցակը կազմվում է մանկավարժական և ծնողական խորհուրդների համատեղ նիստում և հաստատվում տնօրենի կողմից:
Այս աջակցությունը, սակայն, բավարար չէ Մհերի ընտանիքի համար, որպեսզի երեխան կանոնավոր կերպով հաճախի դասերին։
Գասպարյան Ջուլիա
4-րդ կուրս