Ինչպե՞ս պացիենտը ցատկեց պատուհանից, կոտրեց ոտքն ու չարթնացավ քնից

Ինչպե՞ս պացիենտը ցատկեց պատուհանից, կոտրեց ոտքն ու չարթնացավ քնից

1140

Մեզ համար տարօրինակ չէ, օրվա ընթացքում մարդկանց քայլելն ու խոսելը: Բայց զարմանալի է, որ մարդը կարող է նույն գործողություններն անել քնած ժամանակ: Լուսնոտությունը քնի խանգարման մի ձև է, որը դրսևորում է քնի մեջ անգիտակից քայլելով: Լուսնոտության, դրա դրսեւորումների, պատճառների ու կանխարգելման մասին խոսել ենք Սոմնուս նյարդաբանական կլինիկայի Քնի խանգարումների կենտրոնի ղեկավար, նյարդաբան Սամսոն Խաչատրյանի եւ նույն կենտրոնի կլինիկական հոգեբան Հայկուհի Հովակիմյանի հետ:

 – Որո՞նք են լուսնոտության առաջացման պատճառները:

– Քնաքայլությունը կամ սոմնամբուլիզմը կարող է դրսևորվել հենց որ երեխան սկսում է քայլել։ Այն կարող է սկսվել կյանքի ցիկլի գրեթե ցանկացած պահի։ Քնաքայլությունը սովորաբար անհետանում է սեռահասունության տարիքում, բայց կարող է շարունակվել նաև ուշ դեռահասության տարիքում։ Դրվագները կարող են տեղի ունենալ հազվադեպ կամ հաճախակի, ինչպես, օրինակ, գիշերվա ընթացքում մի քանի անգամ՝ մի քանի գիշեր շարունակ։ Այն կարող է դրսևորվել հասուն տարիքում, առաջին անգամ, կամ կարող է կրկնվել քնի անբավարարության կամ սթրեսի ժամանակ: Սթրեսին հավասար հարուցող գործոններ կարող են լինել հիվանդանալը, հատկապես ինֆեկցիոն հիվանդությունները, քունը խանգարող այլ հանգամանքները, և նույնիսկ անկողնու դիրքի փոփոխությունը կամ այլ՝ նոր կացարանում քնելը (հյուրանոց, հարազատի տուն և այլն): Ուժեղ, հանկարծակի ձայները կարող են խթանել քնաքայլության դրվագի առաջացումը:

– Արդյո՞ք այն կարող է լինել ժառանգական:

– Հետազոտությունները ցույց են տալիս, որ քնաքայլությունը ունի գենետիկական հիմքեր։ 25 քնաքայլություն ունեցող և 27 քնի վախեր ունեցողների ընտանիքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 25-ից միայն 5-ն են եղել ընտանիքում միակ հիվանդները։ Մյուս 20 դեպքերում բացի հիվանդից, ընտանիքի այլ անդամներ նույնպես ունեցել են քնաքայլություն կամ քնաքայլություն և քնի վախեր միաժամանակ։ Արդյունքում, հետազոտության մասնակիցներից 80%-ի դեպքում ընտանիքի այլ անդամներ նույնպես ունեցել են քնաքայլություն։

– Արդյո՞ք լուսնոտները ունեն ցավի զգացողություն:

– Հետազոտության 100 մասնակիցներից, ովքեր ունեին քնաքայլություն, ամենաքիչը մեկ անգամ ունեցել են քնաքայլության  ծանր դրվագ՝ կապված ցավի հետ։ Ցավը միայն 10 դեպքում է արթնացրել քնից։ 78.7%-ը դրվագի ժամանակ ոչ մի ցավ չեն զգացել։ Ցավը զգացել են ավելի ուշ՝ գիշերվա ընթացքում, կամ առավոտյան՝ ամբողջական արթնացումից հետո։ Ցավը կարող է շատ ուժեղ լինել, բայց չարթնացնել հիվանդին։ Օրինակ, մի պացիենտ ցատկել է երրորդ հարկի պատուհանից, լուրջ վնասվածքներ ստացել, բայց ցավը զգացել է ավելի ուշ՝ գիշերվա ընթացքում ամբողջությամբ արթնանալուց հետո։ Մեկ այլ պացիենտ բարձրացել է իր տան տանիքը, ընկել, կոտրել ոտքը, բայց չի արթնացել մինչև առավոտ:

– Ինչպե՞ս օգնել նման մարդկանց, արդյո՞ք կարելի է արթնացնել այդ շրջանում:

Ապահով միջավայր պետք է ստեղծել քնաքայլություն ունեցող և նրանց հետ ապրող մարդկանց համար։ Նրանք պետք է քնեն փակ դռնով առանձին սենյակում, վտանգավոր գործիքներ կամ առարկաներ տարածքում չպետք է լինեն՝ ածելի, մկրատ և այլն։ Նրանք, ովքեր գիտեն, որ քնաքայլություն են ունենում, պետք է հրաժարվեն ալկոհոլից և թմրանյութերից։ Արթնացման փորձերը քնաքայլության դրվագի ընթացքում կարող են լինել վտանգավոր, քանի որ նրանք ագրեսիվ վարք կարող են ցուցաբերել, հարձակվել։ Սակայն, երբեմն դա անհրաժեշտություն է, քանի որ նրանք չեն կառավարում իրենց վարքը և կարող են վնասել իրենք իրենց՝ ցատկել բարձր տեղերից, ընկնել մեքենայի տակ: Եթե հնարավոր է, ամենալավ միջոցը նրանց օգնել անկողին վերադառնալն է՝ առանց արթնացնելու։ Պետք է աշխատել շատ չդիպչել նրանց, հանգիստ ձայնով խոսել, նրբորեն՝ առանց ավելորդ դիմադրելու  շրջել նրանց իրենց անկողնու ուղղությամբ և քայլել նրանց կողքով, մինչև նրանք կհասնեն իրենց անկողնուն։ Եթե սա չի օգնում, ավելի լավ է, ապահով հեռավորությունից բարձր ձայն արձակել։ Բնականաբար դա կվախեցնի պացիենտին։ Բայց դա ավելի նպատակահարմար է, քանի որ մոտ տարածությունից ներգործելը պացիենտը կարող է ընկալել որպես հարձակում և ագրեսիվություն ցուցաբերել:

 – Հնուց եկած միջոց է, երբ ոտքերի տակ թաց կտոր են դնում, որ երբ փորձի քայլ անել անկողնուց արթնանա, արդյո՞ք սա աշխատող մեթոդ է:

-Գիտության և բժշկության ասպարեզում այս մեթոդի մասին չի ասվում ոչինչ։ Ամենայն հավանականությամբ այն տարածում է ստացել Վոլֆ Մեսսինգի պատմությունից հետո։ Վոլֆ Մեսսինգը 20-րդ դարի ամենահայտնի և առեղծվածային դեմքերից է, ով կանխագուշակել է Հիտլերի մահը և ԽՍՀՄ հաղթանակը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Նա մանկության տարիքում ունեցել է սոմնամբուլիզմ, ինչը շատ վախեցրել է նրա ծնողներին, ովքեր  սառը ջուր են դրել Մեսսինգի անկողնու մոտ:    

Աննա Չիբուխչյան

3-րդ կուրս

Կիսվել