ԲՈՒԺԱՇԽԱՏԱԿՑԻ ԱՉՔԵՐՈՒՄ ԱՐՑՈՒՆՔՆԵՐ ՆԿԱՏՎԵՑԻՆ. ԱՆԱԿՆԿԱԼ՝ ԷՋՄԻԱԾԻՆՑԻՆԵՐԻՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՂ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ

ԲՈՒԺԱՇԽԱՏԱԿՑԻ ԱՉՔԵՐՈՒՄ ԱՐՑՈՒՆՔՆԵՐ ՆԿԱՏՎԵՑԻՆ. ԱՆԱԿՆԿԱԼ՝ ԷՋՄԻԱԾԻՆՑԻՆԵՐԻՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՂ ԲԺԻՇԿՆԵՐԻՆ

1278

Մարտի 19-ին Էջմիածնի  բոլոր բուժհաստատությունները լի էին ծաղիկներով և բարձր տրամադրությամբ: Էջմիածնի քաղաքապետարանը Էջմիածնի երիտասարդական խորհրդի (ԷԵԽ) հետ համատեղ անակնկալ մատուցեց քաղաքի բուժաշխատակիցներին: ԷԵԽ-ի կամավորները նրանց նվիրեցին ծաղիկներ, թխվածքաբլիթներ, շոկոլադներ՝ ուղղելով իրենց երախտիքի խոսքը. «Մենք ձեզ վստահում ենք»:

Քաղաքապետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանի խոսքով՝ ամեն բան սկսվեց անցակետում գտնվող բժշիկներից. «Ե՛վ անձրև էր, և՛ ցուրտ էր, սակայն նրանք ծանրաբեռնված աշխատում էին առանց տրտնջալու: Երբ մարդը, մեքենան մոտենում էր՝ նրանք ժպիտով պատասխանում էին: Այս ամենը տեսնելով՝ փորձեցինք բժիշկներին ինչ-որ չափով խրախուսել: Մեր արածն ահռելի բան չէր, բայց մեր պարգևած ժպիտներից ավելի հաճելի ոչինչ չկար մեզ համար»:

Սաթենիկ Թովմասյանը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ բազում արձագանքներ, շնորհակալություններ են ուղղվել քաղաքապետին: Ծրագիրը բուռն քննարկման թեմա է դարձել:

Կամավոր Հասմիկը պատմեց իր տպավորությունների մասին: Նրա խոսքով՝ հենց տեղեկացավ նախաձեռնության մասին, հստակ որոշեց՝ պիտի իր ներդրումն ունենա այս գործում. «Բուժաշխատակիցներն այն մարդիկ են, որոնք, կարելի է ասել, առաջին հարվածը վերցրին իրենց վրա: Մենք էլ  գնացինք մեր շնորհակալությունը հայտնելու նրանց: Մենք բաժանում էինք նվերներ, բայց կարևոր էլ չէր, թե դրանք ինչ կլինեին: Դրա վառ ապացույցը բուժաշխատակիցների ժպիտներն էին և, անգամ, հուզմունքը. նրանցից մեկի աչքերում արցունքներ նկատվեցին:

Էլ ի՞նչ է պետք մարդկանց երջանիկ լինելու համար. մեզ՝ ժպիտներ, նրանց՝ փոքրիկ վերաբերմունք»:

Հասմիկը, եզրափակելով խոսքը, ասաց. «Ժամանակն է ցույց տալ, որ մեր քաղաքը և մենք խուճապի մեջ չենք»:

Բժիշկները ուրախ էին, զգացված: Նրանք բազում բարեմաղթանքներ հղեցին Էջմիածնի քաղաքապետին, ինչպես նաև երիտասարդական խորհրդի կամավորներին. «Շնորհակալ ենք, որ գնահատում եք մեր աշխատանքը»:

Հիշեցնենք, որ վերջերս տեղի ունեցած իրադարձությունը՝  կապված Էջմիածնում «Covid-19» վիրուսով վարակված քաղաքացու հետ, թեժ քննարկման պատճառ էր դարձել: Քաղաքը հայտնվել էր հայաստանցիների ուշադրության կիզակետում:

Հասմիկ Անդրեասյան

2-րդ կուրս

Կիսվել