Փետրվարի 26-ին «Զանգակ» գրատանը բաց դասախոսություն էր հաջողակ հրատարակչություն հիմնելու մասին, որը վարում էր «Newmag» հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։ Թեպետ արդեն բավական ժամանակ է անցել իրադարձությունից, պատմում ենք դրա մասին. քննարկվող թեման հնացողներից չէ:
«Եթե 2018թ․-ին մենք պետք է պայմանավորվեինք «Բուկինիստի», «Զանգակի» ու «Նոյան տապանի» հետ, ապա հիմա մեր գործընկերները 40-ից ավելի են»,- ասաց Ա. Ալեքսանյանը՝ խոսելով գրահրատարակչական բիզնեսում գրախանութների կարևորության մասին։ Մանրամասնեց նաև, որ հրատարակչությունը գրախանութներին տալիս է ընդհանուր տպաքանակի 50 տոկոսը, իսկ մնացած 50 տոկոսը վաճառվում է օնլայն հարթակներում (օրինակ՝ ֆեյսբուքյան, ինչպիսին է «MYbookstore»-ը) կամ անհատներին։
Խոսելով գրքերի ձևավորման մասին՝ Ալեքսանյանն ասաց. «Հրատարակչի թիրախը գնորդն է. մենք ընտրում են տպաքանակներ, որոնք արագ կսպառվեն, կբերեն արագ եկամուտ, որը մենք կներդնենք նոր գրքերի մեջ։ Հետևաբար, գիրքը հրատարակչի համար գրական կոթող չէ, դա ապրանք է, որը պետք է լինի գրավիչ, պետք է ունենա փայլուն ու մրցունակ դիզայն, որ մարդիկ անընդհատ ուզենան ձեռքը պահել ու քայլել, նկարվել, շոշափել, նվիրել, որ դրա մասին հարցնեն։ Դիզայնը պետք է լինի այնպիսին, որ սոցիալական ցանցերի լրահոսում առանձնանա գույներով ու վերնագրերով։ Գիրքը դարձել է մշակութային արտեֆակտ. որպեսզի մարդկանց խրախուսես դա ունենալ, այն պետք է լինի էսթետիկապես հաճելի։ Ինչպես ասում են, դիմավորում են ըստ հագուստի. նույնն է նաև գրքի դիզայնի դեպքում։ Կան բազմաթիվ օրինակներ, երբ գիրքը վաճառվել դիզայնը փոխելուց հետո միայն։ Դա աքսիոմատիկ ճշմարտություն է, հետևաբար գրքի դիզայնը կարևոր է»։
Հրատարակչությունը կարող է փոխել կամ չփոխել գրքի բնօրինակի դիզայնը։ Եթե թարգմանական գրականություն է, ադապտացնում են բնօրինակը, որովհետև դրանք սովորաբար համաշխարհային բեսթսելլերներ են, որոնց վրա աշխատել է մի ամբողջ մարքեթինգային խումբ։ Օրինակ՝ «Աղջիկ ջան, ուշքի′ արի» գրքի դեպքում հրատարակչությունը պահպանել է ոչ միայն ամբողջ դիզայնը, այլև նույնիսկ բառերի քանակը, սակայն փոխել է վերնագիրը՝ ավելացնելով ջանը, որը տեղայնացրել է համատեքստը, և որի շնորհիվ էլ վերնագիրը հայ ընթերցողներին ավելի հարազատ է դարձել։
Ըստ Ա. Ալեքսանյանի՝ շատ կարևոր է նաև գրքի ներսը, տառերի հեռավորությունը, քանի որ ժամանակակից մարդը հոգնում է կարդալուց, անընդհատ ընթերցանությունը դժվար է․ մարդկանց անընդհատ էլեկտրոնային նամակներ են գալիս, զանգում են, երեխաներն են խանգարում։ Նախկինում մեկ էջի վրա հնարավոր էր տեղավորել այնքան տեքստ, որը կարելի էր կարդալ երեք րոպեի ընթացքում, իսկ հիմա այնպես պիտի լինի, որ ընթերցողը կարդա 1․5 րոպեում։ Այս դեպքում գրքերը կարող են հաստափոր դառնալ, բայց հրատարակիչն այս քայլով խրախուսում է ընթերցանությունը, որովհետև ընթերցողն արագ է թերթում ու տեսնում է, որ շատ է առաջ գնացել։
Հրատարակիչը նշեց, որ կարևոր է համարում նաև այն, թե որ սեզոնին ինչ գիրք ես վաճառում: Օրինակ՝ «Սիրո 5 լեզուները» հունվարից մինչև փետրվարի վերջ՝ սիրո տոներին ընդառաջ, շատ է վաճառվել։ Ա. Ալեքսանյանի ասելով՝ ամեն ինչ չէ, որ կարող ես ըստ օրերի բաշխել, բայց շատ կարևոր է հանրային տրամադրություններին ընդառաջ գնալ ու մարդկանց տալ այն, ինչ որ իրենք այդ պահին են զգում։ Բերեց Իտալիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի օրինակը, որտեղ բոլոր գլխավոր բեսթսելլերները վաճառքի են հանվում մայիսին՝ ամառային արձակուրդներին ընդառաջ։
Ըստ Ա. Ալեքսանյանի՝ երբ վաճառվում է 3000 օրինակ, դա արդեն լավ ցուցանիշ է համարվում։ Հայաստանում մեծ տարածում են գտել «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը, որից վաճառվել է 10000-ից ավելի օրինակ, և «Աղջիկ ջան, ուշքի′ արի» գիրքը՝ 5000 օրինակից ավելի։
Վերջում «Newmag» հրատարակչության տնօրենը պատասխանեց ներկաների հարցերին ու խոսեց սպասվող գրքերի մասին։ Տեղեկացրեց, որ շուտով կլինի Միշել Օբամայի գրքի շնորհանդեսը, որը համաշխարհային բեսթսելլեր է ու Նյու Յորք Թայմսի թոփ տասնյակի մեջ է արդեն 200 շաբաթ, ինչպես նաև նշեց, որ սկսել է համագործակցել լրագրող Անի Քոչարի հետ, որը ոչ գեղարվեստական գիրք է գրելու քաղցկեղի հաղթահարման մասին։
Սոնա Պետրոսյան
2-րդ կուրս