«ԿԱՑԱՐԱՆԸ ՇԱՆ ՀԱՄԱՐ ՏԽՈՒՐ ՏԵՂ Է, ԻՆՉՊԵՍ ...

«ԿԱՑԱՐԱՆԸ ՇԱՆ ՀԱՄԱՐ ՏԽՈՒՐ ՏԵՂ Է, ԻՆՉՊԵՍ ՄԱՆԿԱՏՈՒՆԸ՝ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ»․ ՕՎ․ ՀՈՎՍԵՓՅԱՆ

2008

Հարցազրույց  «Դինգո  թիմ» կենդանապաշտպան ՀԿ  հիմնադիր Օվսաննա Հովսեփյանի հետ

 -Շատ ռիսկային քայլի եք դիմել՝ բարեգործական թիմ ստեղծելով, քանի որ չունեք ֆինանսավորում որևէ կառույցի կողմից։ Կպատմե՞ք՝ ինչպես ստեղծեցիք թիմը: 

 -Այո, ռիսկային է, քանի որ կայուն ֆինանսավորում չունենք, այնինչ պահում ենք 130 կենդանի ու մեզ վրա ենք վերցնում չափազանց մեծ պարտքեր, որոնք հետո պետք է մարենք: Սակայն մեր աջակիցների շնորհիվ, դժվարությամբ, բայց կարողանում ենք ծախսերի տակից դուրս գալ պատվով՝ չնայած այն բանի, որ պարտքեր ունենք միշտ: Իրականում կազմակերպություն ստեղծելու նպատակ ի սզբանե չի եղել: Ես պարզապես փրկում էի կենդանիներին իմ հաշվին, պահում իմ տանը։ Այդ ժամանակ չէի էլ մտածում, որ դա մի օր կաճի և կդառնա կազմակերպություն ու այսքան մեծամասշտաբ գործունեություն կծավալի: Սակայն հուրախոթյուն ինձ այն աճեց, զարգացավ ու ի վերջո դարձավ այն, ինչ կա:

 -Թիմի գործունեության ընթացքում ի՞նչ դժվարությունների եք հանդիպել:

 -Դժվարությունները չափազանց շատ են: Առաջին ամենամեծ դժվարությունը, ինչպես ասացի, ֆինանսների սղությունն է, որի պատճառով ստիպված ենք լինում հասնել միայն ահազանգերի 70%-ին, իսկ 30%-ին չենք կարողանում ահազանգել: Դժվարություն է աշխատելը կենդանիներ չսիրող հասարակության հետ, քանի որ մենք այդ խնդրին առնչվում ենք անընդհատ: Դժվար է ունենալ կամավորներ, որոնք պատրաստ կլինեն անշահախնդիր նվիրվել այս ծանր գործին ավելի տևական ժամանակով: Դժվար է, երբ երբեմն կանգնում ենք անբուժելի շներին քնեցնելու փաստի առաջ և պետք է նման որոշում կայացնենք: Մի խոսքով՝ դժվարությունները շատ-շատ են:

-Ինչու՞ հենց «Դինգո»:

 -Դինգոն իմ շունն է: Նա այս պահին արդեն 16.5 տարեկան է: Հենց նրա անունով էլ թիմը կոչել եմ «Դինգո»: Նա ոչ ցեղական ձագուկ էր, երբ հայտնվեց ինձ մոտ, սակայն լավ խնամքի արդյունքում այնքան գեղեցիկ տեսք ուներ, որ բոլորը փողոցում հարցնում էին, թե ինչ ցեղատեսակի է: Դա նաև խորհուրդ ուներ, որ ցանկացած ոչ ցեղական շուն կարող է ցեղական շնից գեղեցիկ տեսք ունենալ՝ ճիշտ խնամքի ու սիրո արդյունքում:

 -Վերջին շրջանում համացանցում օգտատերերի կողմից հնչում էին բողոքներ՝ շների ագրեսիվ պահվածքի վերաբերյալ։ Դուք ի՞նչ կարծիքի եք այդ մասին:

 -Նման բողոքներ միշտ են եղել: Խնդիրը բազմակողմանի է․ մի կողմից՝ կենդանիներ այդքան էլ չսիրող հասարակության հետ, որն ավելի լարված է շների նկատմամբ, մյուս կողմից՝  վերջին շրջանը շների զուգավորման շրջան էր: Այդ ընթացքում շներն ավելի դյուրագրգիռ են լինում, դա տևում է մոտ 10-15 օր: Իսկ քանի որ մենք քաղաքում դեռ ունենք չստերջացված շներ, զույգման շրջանում նման դեպքերը չեն բացառվում: Բայց վստահ կարող եմ ասել, որ նման դեպքերը մի քանի անգամ ավելի քիչ են, քան դրանց շուրջ ստեղծված աղմուկը համացանցում: 1 դեպքն այնպիսի աղմուկ էր հանում, որ 20 դեպքի աղմուկին հավասար էր լինում:

 -Ես գիտեմ, որ Դուք անտուն շների համար գտնում եք ընտանիքներ։ Ի՞նչ չափանիշներով եք առաջնորդվում որդեգրման տալու ժամանակ:

 -Այո, դա մեր ամենակարևոր նպատակն է, քանի որ շունը պետք է տուն ունենա: Կացարանն իրականում շան համար շատ տխուր տեղ է, ինչպես մանկատունը՝ երեխայի համար: Որդեգրման մեր բաժնի համակարգող Էլեն Պապյանը մշակել է հատուկ կանոններ, որոնցով առաջնորդվում ենք որդեգրման տալիս: Օրինակ՝ չենք տալիս նվերի համար, չենք տալիս անչափահասներին և այլն: Փորձում ենք կանոններով այնպես անել, որ գոնե 90%-ով վստահ լինենք, որ շունը լավ ձեռքերում է և հետո էլի դրսում չի հայտնվի։

-Եղե՞լ է այնպիսի դեպք, երբ որդեգրումից որոշ ժամանակ անց շանը ետ են վերդարձրել՝ պատճառաբանելով, որ չեն կարող պահել:

 -Ցավոք այո, նման դեպքեր լինում են։ Կացարանում ունենք որդեգրված և վերադարձված բազմաթիվ շներ։ Դա շան համար շատ մեծ սթրես է։ Հնարավորինս խիստ ենք որդեգրման տալիս, որ նման դեպքերը նվազագույնի հասցնենք: Մարդիկ պետք է հաշվի առնեն բոլոր դժվարությունները, որպեսզի հետո տհաճ անակնկալ չլինի իրենց համար:

 Ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք՝ կապված «Դինգո թիմի» հետ:

 -Ծրագրում ենք մեծանալ, ռեսուրսները շատացնել, ավելի շատ կրթել և ավելի շատ կենդանի փրկել: Հուսանք՝ մի օր կհասնենք նրան, որ մյուս քաղաքակիրթ երկրների նման մենք էլ փողոցներում շուն չենք ունենա:

Ռիտա Մնացականյան
2-րդ կուրս

Կիսվել