«Իմ կամավորական աշխատանքն անցկացնում եմ հիմնականում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում առավոտյան 8:30-ից մինչև 18:00-ը: Անհրաժեշտության դեպքում մի փոքր ավելի երկար եմ մնում: Այստեղ պարտադիր ջերմաչափվում են նախարարություն մուտք գործող անձինք` անկախ պաշտոնից, այդ թվում նաև նախարար Արայիկ Հարությունյանը:»,-մեզ հետ զրույցում նշեց Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) 5-րդ կուրսի ուսանողուհի, կամավոր Լիլիթ Բաղդասարյանը:
Այս օրերին կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման միջոցառումներում իրենց ներդրումն են ունենում նաև կամավորները։ ԵՊԲՀ-ի ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ համալսարանում կազմավորվում են կամավորական խմբեր՝ որպես ապագա բժիշկներ իրենց ներդրումն ունենալու համաճարակի կանխարգելման և բուժման (հնարավորության սահմաններում) միջոցառումների իրականացման գործում։ Կամավորական աշխատանքն իրականացվում են որոշ բուժհաստատություններում և նախարարություններում։
ԵՊԲՀ առաջին կուրսի ուսանողուհի, կամավոր Միլենա Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ լինելով ՀՀ քաղաքացի, ով մտահոգ է երկրի համար և ունի ապագա բժշկի մասնագիտություն՝ իր պարտքն է համարել մասնակցել կամավորությանը: Նա նշեց, որ վարակվելու մտահոգություն միշտ էլ ունեցել է, սակայն դա չի խանգարել իրեն և պատմեց. «Մտավախություն, որ կվարակվեմ վիրուսով, ունեի թե՛ ես, թե՛ ծնողներս: Բայց նրանք, հաշվի առնելով իմ ընտրած մասնագիտությունը, համամիտ էին ինձ հետ: Ես ունեմ մի գիտակցում, որ բժիշկը՝ անկախ ամեն ինչից, ցանկացած պարագայում պետք է սատար կանգնի հիվանդներին: Ինչպես բոլոր կամավորներին, այնպես էլ ինձ տրամադրվում են անհրաժեշտ պաշտպանիչ միջոցները: Ես հիվանդանոցում և նախարարությունում կատարում եմ ջերմաչափումներ, ինչպես նաև բացատրում հիգիենայի կանոններին հետևելու անհրաժեշտությունն ու կարևորությունը: Հիվանդանոցում մենք կանգնում ենք անմիջապես մուտքի մոտ և ջերմաչափում բոլորին: Եթե անձինք չեն ունենում ջերմություն, թույլ ենք տալիս առաջանալ: Եթե մարդկանց մոտ գրանցվում է 37-ից բարձր ջերմություն, նրանց ուղեկցում ենք ընդունարան, որտեղ բժիշկները կրկին չափում են նրանց ջերմությունը և տալիս համապատասխան ցուցումներ`ինքնամեկուսացում, ռենտգեն հետազոտություն, հիգիենայի հետևում, անհրաժեշտության դեպքում՝ նաև թեստավորում»։
Առաջին կուրսի ուսանողուհի, կամավոր Անի Հակոբյանն էլ կամավորական աշխատանքներ է իրականացրել «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, ԿԳՄՍՆ-ում և Արդարադատության նախարարությունում։ Կամավորը պատմեց. «Համաճարակը նոր էր սկսվել Հայաստանում, երբ մեկ շաբաթով դադարեցվեցին դասերը։ Այդ ժամանակ սկսեցին կազմակերպել կամավորական աշխատանքներ։ Չմասնակցեցի, քանի որ չէի ենթադրում, որ վարակն այսպիսի տարածում կգտնի երկրում, ու կարիք կլինի այդքան կամավորների։ Հետո, երբ այսպիսի իրավիճակ տիրեց, որոշեցի մասնակցել՝ որքանով հնարավոր է օգնության բաժինս ունենալու այս ամենում։ Վերջիվերջո, սա իմ մասնագիտությունն է։ Վիրուսով վարակման մտավախություն ունեցա այն ժամանակ, երբ արդեն աշխատանքի մեջ էի ու հասկանում էի, որ շատ հավանական է՝ ես էլ վարակվեմ։ Բայց ոչ թե վախենում էի, որ ես կվարակվեմ, այլ՝ կվարակեմ ընտանիքիս անդամներին, և այն կտարածվի, գուցե հասնի մեծահասակներին, որոնց ապաքինվելու հավանականությունն ավելի քիչ է։ Բայց այս ամենը չխոչընդոտեց օգնելու մարդկանց։ Ընտանիքիս անդամները դրական արձագանքեցին՝ հասկանալով, որ դա իմ մասնագիտությունն է»:
Անի Հակոբյանը նշեց, որ իրենց տրվում են պաշտպանիչ միջոցներ։ Կամավորի խոսքով՝ մարդկանց մուտքից ու ելքից հետո կատարում են ջերմաչափումներ՝ հասկանալու ջերմության տատանումներ կա՞ն, թե ոչ։ Եվ եթե ջերմող մարդ կա, չթողնենք շենք մտնել. «Այս գործընթացի ընթացքում եղել են դեպքեր, երբ ջերմող մարդկանց տուն ենք ուղարկել։ Հայտնի էր, որ նրանցից մեկի մոտ առկա չէ վիրուս, մյուսներինը դեռ հայտնի չէ։ Միայն մի հոգի է եղել, ով ուներ սրտի արագ աշխատանք, գույնն ընկած էր, և ուներ ջերմություն»:
Կամավոր Լիլիթն ընդգծեց՝ բժշկությունն առաջին հերթին ներքին պատասխանատվություն է: Այս առիթով ասաց. «Վերջինս, կարծում եմ, ինձանից առաջ ընկավ։ Բնականաբար, ոչ ոք ապահովագրված չէ վարակից, և, իհարկե, կար ու կա վարակման մտավախություն, բայց հայտնի են միջոցները, որոնք նվազագույնի են հասցնում վարակման ռիսկը: Իսկ իմ մասնագիտությունն ամբողջական նվիրում է պահանջում` անկախ իրավիճակներից:
Կամավորությանը մասնակցելուն ընտանիքիս անդամները դեմ էին: Ամեն օր դեմ են: Բնական անհանգստություն է: Բայց ի վերջո ընդունում են որոշումս, և վստահ եմ, չնայած բոլոր տարաձայնությունների, գաղտնի համաձայնում են ինձ հետ:
Մեզ տրամադրվում են պաշտպանության անհրաժեշտ բոլոր միջոցները` անհրաժեշտ թվով դիմակներ, ձեռնոցներ, ալկոգել: Ինքս օգտագործում եմ նաև պաշտպանիչ ակնոց: ԿԳՄՍՆ-ում օրվա ընթացքում առնվազն երեք անգամ ջերմաչափվում են նախարարության բոլոր աշխատակիցները: Պարբերաբար օդափոխվում է սրահը: Մեզ են դիմում ցանկացած մտավախության կամ կասկածի դեպքում: Հասցրել եմ նկատել, որ բուժաշխատողների ներկայությունն արդեն իսկ ապահովության մթնոլորտ է ստեղծում տարածքում, ինչն իմունային համակարգին խթանող կարևոր օղակ է»:
Հասմիկ Անդրեասյան
2-րդ կուրս