«ԲԱՆԱԿՈՒՄ ՔՈ ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՔՈ «ԿՈՅԿԱՆ»». ԶԻՆՎՈՐ ՄԻՔԱՅԵԼ

«ԲԱՆԱԿՈՒՄ ՔՈ ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՔՈ «ԿՈՅԿԱՆ»». ԶԻՆՎՈՐ ՄԻՔԱՅԵԼ

1153

«Մինչև օգոստոս մազերս լավ երկար էին, բայց ռազմականը երկար մազեր տանել չի կարողանում, ու ես էլ` մյուս տղաների պես, ժամանակավոր «ցտեսություն ասացի» երկար մազերիս» (ծիծաղում է),-հենց այսպես սկսեց Միքայելն իր պատմությունը բանակային կյանքի մասին:

Հետո պատմեց սկզբից: 6 տարեկանից ընտանիքի հետ ապրում էր Ռուսաստանում. «Փոքր էի, երբ ծնողներս ինձ վերցրին ու գնացին Ռուսաստան: Չնայած նրան, որ ՌԴ-ում եմ մեծացել, հայրս ու մայրս ինձ իսկական հայ են մեծացրել: Երբ օտար երկրում ես, ուզած-չուզած, այդ երկրի լեզվով ես խոսում, այսպես ասած՝ «հոսանքի» տակ ես ընկնում: Հայրս շատ էր վախենում այդ «հոսանքից», դրա համար կանոն էր դրել` տանը ոչ մի ռուսերեն բառ, խոսում ենք միայն հայերեն: Ամեն տարի Հայաստան էինք գալիս, կարոտներս առնում ու գնում: Տասնյոթ տարեկան էի, երբ եկա Հայաստան ու ծանոթացա մի տղայի հետ, ով նոր էր բանակից վերադարձել, ինձ պատմում էր բանակի լավ ու վատ կողմերը: Մեջս արյունը եռում էր: Բանակն ինձ համար դարձավ գիրք, ու ես չէի ցանկանում, որ այդ գրիքն ինձ համար կարդան, ես ուզում էի ինքս կարդալ: Որոշմանս մասին հայտնեցի ծնողներիս: Հայրս շատ էր ուրախացել. ձեռքս սեղվեց ու ողջունեց որոշումս: Մեր օրերում, ցավոք, շատ տղաներ կան, որոնք, օտար երկրում գտնվելով, խուսափում են ծառայությունից, ես չէի ուզում նրանցից մեկը լինել:

Երբ գնացի բանակ, կյանքս 180 աստիճանով փոխվեց․ «կոյկաս» ինձ ստիպեց շատ բան գնահատել: Երբ արդեն քիչ էր մնացել, որ վերադառնայի տուն, ինքս ինձ սկսեցի սովորեցնել օրերը չհաշվել: Ծառայածներն ինձ լավ կհասկանան, երբ օր ես հաշվում, ուզածդ օրը դանդաղ է դեպի քեզ գալիս: Դրա համար չէի հաշվում, մտածում էի՝ իմ օրն առանց հաշվելու էլ կգա» (ծիծաղում է): 

Այն հարցին, թե բանակային կյանքից ինչ է իր հետ բերել քաղաքացիական կյանք, Միքայելը պատասխանեց. «Բառերով կդժվարանամ ասել, բայց շատ բան տվեց ինձ բանակը. ինձ հուզող շատ հարցերի պատասխաններ գտա: Բանակում քո հարցերին պատասխանում է քո «կոյկան»: Այնտեղ հնարավոր չէ պառկել ու միանգամից քնել՝ անկախ նրանից, թե ինչ աստիճանի ես հոգնած: Պարտադիր պայման է վերհիշել օրդ, վերհիշելուց էլ կա՛մ ժպտալ, կա՛մ հոգոց հանել, հետո նոր քնել»:

Միքայելը նաև ասաց, որ եթե նորից բանակ գնալու կարիք լիներ, առաջիններից կլիներ, ովքեր կկանգնեին կամավորների շարքերում. «Եթե կարիք լինի, էլի կգնամ, կկանգնեմ մեր տղերքի կողքին. հորս դաստիարակած հայը միջիցս կյանքում դուրս չի գա»։

Էլեն Միրզոյան

2-րդ կուրս

Կիսվել