Նոր կորոնավիրուսի համաշխարհային տարածումը հանգեցրել է նրան, որ ՀՀ-ում մարտի 16-ից հայտարարվել է արտակարգ դրություն: Այդ օրից սկսած երկրում անորոշ ժամանակով փակվել են բոլոր կրթական հաստատությունները: Փորձելով լրացնել դասերը և պահպանել կրթություն ստանալու հնարավորությունը՝ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց երկրում հեռահար դասեր սկսելու ծրագրի մասին: Այս հայտարարությունից շատ չանցած, գրեթե բոլոր դպրոցները սկսեցին կրթական նոր փուլ՝ արդեն օնլայն հարթակում:
Հեռահար դասերն արդեն մոտ մեկ ամիս է, ինչ ընթացքի մեջ են և արդեն հասցրել են արժանանալ թե՛ բացասական, թե՛ դրական կարծիքների: Իրավիճակը լիարժեք հասկանալու համար փորձել ենք զրուցել այս ամենի անմիջական մասնակիցների՝ դպրոցականների, նրանց ծնողների, ինչպես նաև ուսանողների հետ:
Պարզ է, որ դպրոցներում հիմա ամենաբարդ վիճակում գտնվում են տարրական դասարաններում սովորող աշակերտները, քանի որ նրանց համար բավականին դժվար է լսել, հասկանալ դասերը առանց դասասենյակում լինելու: Այս մասին Մ. Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներից մեկի մայրը՝ Գայանե Ասրյանը, ասաց. «Իմ կարծիքվ երեխաները բավարար գիտելիքներ չեն ստանում: Առաջնային խնդիրներն էլ տեխնիկական են, քանի որ կապը շատ հաճախ լավը չէ: Մեկ դասաժամը տևում է 45 րոպե, այս ընթացքում երեխաները հազիվ կարողանում են միանալ Zoom ծրագրին, այսպիսով չեն հասցնում արդյունավետ պարապել: Ուսուցիչները չեն կարողանում նորմալ տնային ստուգել կամ դասերը բացատրել, հաճախ նրանց ձայնը չի լսվում»: Այս հարցի մասին 5-րդ դասարանում սովորող Ա. Ժոզեֆը ասաց. «Ես չեմ կարողանում մասնակցել դասերին, քանի որ չունեմ համակարգիչ ու ծրագիր, բայց իմ դասընկերները մասնակցում են այդ դասերին»:
Վ. Վաղարշյանի անվան դպրոցի աշակերտներից երկուսի ծնող Ռուզան Մկրտումյանն ասաց. «Ես ունեմ երկու դպրոցական երեխա՝ մեկը 1-ին դասարանում, մյուսը՝ 4-րդ: Կարող եմ ասել, որ մեծ աղջկաս դասերը անցնում են գրեթե այնպես, ինչպես դպրոցում, նույնիսկ կրթական ծրագրի միջոցով պետք է հանդես անեն: Մի փոքր այլ է փոքր աղջկաս դեպքում, դա էլ տարիքից է: Ծնողները նստում են երեխաների կողքին, որպեսզի կարողանանք դասը անցկացնել, սակայն սա էլ իր հերթին ավելացնում է խնդիրները՝ այսպես դժվարանում է թե՛ ուսուցչի, թե՛ աշակերտների գործը: Այդքան մարդու ներկայությունը խանգարում է երեխաներին»:
Մեր հետ զրույցում գրեթե նույն խնդիրներն են մատնանշում նաև ուսանողները: ԵՊՄՀ-ի ուսանող Ալլա Հարությունյանն իր խոսքում նշեց. «Չեմ կարող ասել, որ արդյունքներ չեն տալիս, իհարկե, տալիս են, բայց ոչ այն, ինչը սովորում ենք լսարանում: Սեմինարների ժամանակ գրեթե բոլորը մասնակցում են, իսկ դասախոսությունների ժամանակ բացականեր շատ են լինում տարբեր պատճառներով: Լինում են դեպքեր, որ ինքս էլ չեմ մասնակցում դասերին տեխնիկական խնդիրների պատճառով ու կարծում եմ, որ մեծամասնությունը ունի հենց այս խնդիրը»:
Մերի Հայրապետյան
4-րդ կուրս