«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷԻ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ». ՎԻՔԻԽՄԲԱԳԻՐ ԱՐԳԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ

«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷԻ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ». ՎԻՔԻԽՄԲԱԳԻՐ ԱՐԳԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ

1525

Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, որը համարվում է դպրոցականների և ուսանողների փրկությունը: Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե ովքեր են այդ հոդվածները գրում Վիքիպեդիայում: Վիքիպեդիայում խմբագրել կարող է յուրաքանչյուր ոք՝ անկախ տարիքից, բայց պետք է հետևել խմբագրման կանոններին:

Արգամ Հակոբյանը ևս վիքիխմբագիր է: Նա միացել է Վիքիհամայնքին 5 տարի առաջ:

Արդեն 5 տարի է՝ միացել եք Վիքիմեդիա Հայաստանին, ինչպե՞ս սկսվեց Ձեր և Վիքիպեդիայի համագործակցությունը։

Իմ՝ խմբագիր դառնալու որոշման հարցում մեծ դեր է ունեցել Լեռնապատի վիքիակումբը և ակումբի համակարգողը: Դե, փոքրիկ գյուղերում սովորաբար նոր գաղափարները շատ արագ են տարածվում, բացի այդ, տեսնելով համակարգողի ջանասիրաբար աշխատանքը և իմանալով Վիքիպեդիայի նման գերհզոր տեղեկատվության աղբյուրի մասին՝ ակամայից ցանկություն է առաջանում նմանատիպ համայնքի մասը դառնալ:

-Իսկ երբ նոր էիք սկսել խմբագրել, կմտածեի՞ք, որ Վիքիպեդիան Ձեր կյանքում կարևոր տեղ կզբաղեցնի։

 –Անկեղծ ասած՝ չեմ հիշում: Հիշում եմ, որ ցանկանում էի օգտակար լինել ողջ աշխարհին, և դա ինձ ավելի շատ օգնեց Վիքիպեդիայում խորանալ: Ամեն ինչ էլ ավելի խորացավ, երբ մասնակցեցի «Վիքիճամբարին»։ Տեսնելով այդ մթնոլորտը և այն փաստը, թե ինչպես են մարդիկ իրար օգնում Վիքիպեդիայում և կյանքում, ինչպես են Վիքիի շնորհիվ լավագույն ընկերներ դառնում՝ իմ կյանքը փոխվեց: Կցանկանայի նշել, որ այսօր Վիքիպեդիան ինձ համար կյանքի գլխավոր նպատակ է և առաջ շարժվելու նոր հեռանկար:

Իսկ ի՞նչ սկզբունքով եք ընտրում թեմանները։

 –Ընտրում եմ հիմնականում այն թեմաները, որոնք ավելի հաճելի են ինձ համար: Սիրում եմ խմբագրել երաժշտության, ֆիլմերի, մեդիայի ոլորտների և առեղծվածային թեմաներով նյութեր: Բայց ամենից զատ չեմ մոռանում, որ հաճախ պետք է խմբագրել այն թեմաները, որոնք պետք կգան ոչ միայն ինձ, այլ՝ համայն հայությանը: Դրա համար ժամանակ առ ժամանակ խմբագրում եմ նաև այլ թեմաներով նյութեր (օրինակ՝ Համաշխարհային պատմություն հոդվածը):

-Նշեցիք, որ մասնակցել եք վիքիճամբարների, ինչպե՞ս է վիքիճամբարն օգնում վիքիպեդիայում խմբագրելուն։

Եթե մինչև Վիքիճամբարը դու ուղղակի խմբագրում ես, ապա Վիքիճամբարից հետո դու դառնում ես այնպիսի համայնքի մի մաս, որ ուղղակի չես կարող չխմբագրել: Բացի այդ Վիքիճամբարի ընթացքում ավելի են հմտանում քո գիտելիքները վիքիհարթակում, որովհետև Վիքիճամբարում բոլորը կիսվում են իրենց գիտելիքներով և օգնում միմյանց:

Արդյոք Վիքիպեդիան տալի՞ս է ինքնակրթվելու հնարավորություն:

Վիքիպեդիան ինքնակրթվելու լավագույն, կրկնում եմ՝ լավագույն միջոցն է: Զարգանում են ոչ միայն համակարգչային հմտությունները, այլ նաև զարգանում է ինտելեկտը, զարգանում են թարգմանչական հնարավորությունները, ուղղագրությունը, կետադրությունը: Իսկ ամենակարևորը՝ Վիքիպեդիան հնարավորություն է տալիս ավելի լայն հորիզոնով օգտվել համացանցից:

Վիքիմեդիան բացի Վիքիպեդիայից ունի նաև այլ ծրագրեր (վիքիբառարան, վիքիդարան, վիքիդասագիրք և այլն), իսկ մյուս հարթակներում խմբագրու՞մ եք:

 –Այո, նշեմ, որ ես իմ առաջին քայլերը կատարել եմ, ոչ թե հենց Վիքիպեդիայում, այլ Վիքիբառարանում: Վիքիբառարանը, մի բառարան է, որտեղ կարող եք գտնել ցանկացած տեղեկություն կոնկրետ բառի մասին՝ ստուգաբանությունից մինչև թարգմանություն, հոմանիշներից մինչև արտահայտություններ: Խմբագրում եմ նաև Վիքիդարանում, իսկ Վիքիդարանը մեկ այլ հարթակ է, որտեղ առցանց տարբերակով օգնում ենք ստեղծել գրքեր, նամակներ և այլն:

Ի՞նչ է Ձեզ տալիս Վիքիպեդիան։

Այս հարցի համար այնքան պատասխան ունեմ, չգիտեմ՝ որ մեկից սկսեմ: Երևի թե այսպես՝ Վիքիպեդիան ինձ հնարավորություն է տվել դառնալ այնպիսի մի համայնքի մաս, որի հրաշալի մթնոլորտը բառերով բնութագրել ուղղակի հնարավոր չէ: Այն ինձ տվել է հրաշալի ընկերներ և գիտելիքներ: Մեծ դեր է ունեցել իմ կայացման գործում: Ուղղակի չեմ կարող խոսքերով բնութագրել, թե ինչքան մեծ դեր ունի Վիքին իմ կյանքում: Կասեմ, որ Վիքին կյանքիս ամենամեծ ձեռքբերումն է, և ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց Վիքիի:

Տաթևիկ Գաբրիելյան

2-րդ կուրս

Կիսվել