«ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»

«ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»

1406

Պատերազմի խորհրդանիշներից մեկը հանդիսացող այս նկարը արվել է 2016 թվականի ապրիլի 5-ին Ջաբրաիլում:

Նկարի հեղինակը Սիփան Գյուլումյանն է: Նկարում պատկերված տղաները Վահան Ստեփանյանն ու Արամ Մուրադյանն են` խոցված ադրբեջանական ուղղաթիռի դիրքում: Բոլորին էր հետաքրքիր, թե ովքե՞ր էին օրվա հերոսները, եւ Զինուժից  գնացին նկարելու քաջարի անձնակազմին ու խոցված ուղղաթիռը:

«Այս լուսանկարը ծնվեց լրիվ պատահական: Հարմար տեղ էինք փնտրում նկարվելու համար:Այդ ընթացքում պատահմամբ առաջ բերեցի զինընկերոջս սաղավարտը ու համբուրեցի: Այդպես սկսվեց այս ողջ պատմությունը»:

Պատմում է լուսանկարի հերոսը՝ Արամը, ով այդ ժամանակ արդեն 22 ամսվա ծառայող էր:

«Երբ տեսնում եմ այդ օրվա  նկարները, չեմ  հավատում,  որ այդ ամենը իմ հետ է եղել, ու այդ ամենի միջով ես անցել եմ»:

 «Երբ պատերազմը սկսվեց, հեթափոխի  առաջին  օրն էր: Բարձրացել էինք դիրքեր, տեղավորվել․  հանգստի ժամն էր: Ամեն ինչ հանկարծակի ու արագորեն սկսվեց: Տանկերի, հրետանիների հարձակում եւ մեծ քանակի զորք»:

Տղաները չէին հավատում, որ այդ ամենը իրենց հետ է կատարվում, ու երբ խոցեցին ուղղաթիռը, այդ օրը իրենց համար ամեն ինչ փոխվեց:

«3 օր թշնամու դիակները մեր դիրքում էին: Ես իմ ամբողջ ծառայության մեջ բարի նախանձով եմ վերաբերվել այն մարդկանց, ովքեր գոնե մեկ անգամ ծառայության ընթացքում թշնամի են տեսել: Երազանքս կատարվեց…»:

Նույն օրը՝ գիշերը, 6 հոգանոց դիվերսիա է եկել, խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակները դուրս տանելու: Տղաները այդ խմբին եւս ոչնչացրել են:

«Պատերազմից հետո ինձ մոտ, կարելի է ասել, ամեն ինչ փոխվեց դեպի դրականը: Զարմանալի է, բայց կարոտով եմ հիշում այդ օրերը: Գուցե այնքան էլ հավատալու չլինի ասածս, բայց կուզեի կյանքում եւս մեկ անգամ լինեի նույն կարգավիճակում»:

Արամն ու Վահանը մոտ ընկերներ են, հեռավորության պատճառով ուշ-ուշ են հանդիպում, բայց իրար հետ ծառայած օրերն ու թշնամուն ոչնչացնելու օրը երբեք չեն մոռանա:

Իսկ հարցին, թե արդյո՞ք կրկին կցանկանար 1 օրով լինել նույն վայրում,Արամը պատասխանում է․

«Իհարկե, անգամ 1 ամսով կգնայի, ու մեծ հաճույքով»:

Անի Ավետիսյան

3-րդ կուրս

Կիսվել