«ՈՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ԱՌՆՈՒՄ Ա ԹԱԼԻՆԻ ՋՈՒՐԸ, ՈՎ ՉՈՒՆԻ՝ ԷՍ ԺԱՆԳԱՋՈՒՐՆ Ա...

«ՈՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ԱՌՆՈՒՄ Ա ԹԱԼԻՆԻ ՋՈՒՐԸ, ՈՎ ՉՈՒՆԻ՝ ԷՍ ԺԱՆԳԱՋՈՒՐՆ Ա ԽՄՈՒՄ». ԱՐՄԱՎԻՐԻ ԲՆԱԿԻՉ

886

Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ Ծովինար տատիկի խոսքով՝ իրենց գյուղում ծորակից հոսող արտեզյան ջուրը խմելու համար պիտանի չէ. «Ջուրը միշտ առնում ենք մեր փողոց եկող ջրի մեքենաներից. մեր տան կռանթի հոսող ջրից ժանգի, կեղտի համ ա գալիս, խմել չի լինում: Արտիզանից եկող ջուրն ա, մեջը ինչ մանրէ ու էլ ինչ ասես՝ կա»։

Համլետ Սարգսյանը մեկ տարի է, ինչ Նոր Արտագերս գյուղից տեղափոխվել է Ջրաշեն գյուղ։ Մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղերում ջրի որակի տարբերություն չկա, ինքն էլ ջուրը գնելու հնարավորություն չունի. «Ավելորդ ծախս ա ջուր առնելը իմ համար: Ծորակներից հոսող ջուրը աղի ա, տհաճ համ ա գալիս էս ջրերից, բայց ստիպված խմում ենք: Հիմա որ մի բան լինի, մի թունավորում կամ ուրիշ հիվանդություն էս ջրից, ո՞վ ա բուժելու: Հասարակ խմելու ջուրը խնդիր ա էս դարում, ո՞վ ա սենց բան տեսել։ Պատճառը ջուրը չի, որ Արտագերսից  տեղափոխվել եմ Ջրաշեն, բայց դե գիտեի, որ նույն վիճակն էլ էս գյուղում կլինի։ Գյուղացիներից ով հնարավորություն ունի, առնում ա Թալինի ջուրը, ով չունի, իմ պես ստիպված, էս ժանգաջուրն ա խմում»։    

Գյուղացիների շրջանում հարցումներ անցկացնելուց հետո պարզ դարձավ, որ, բարեբախտաբար, դեռևս  ջրից  թունավորման դեպքեր չեն եղել։

Պաշտոնատար կողմի դիրքորոշումները, սակայն, տարբերվում են գյուղացիների կարծիքից: Արմավիրի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Աշոտ Հովհաննիսյանի խոսքով՝ ով հնարավորություն չունի ջուրը գնելու, ասում է՝ խմելու պիտանի չէ. «Ծորակից եկող ջուրը խմելու ենթակա, պիտանի ջուր ա, ոչ վնասակար ա, ոչ թունավոր նյութեր ունի մեջը, ոչ էլ որևէ հակացուցումներ ունի: Հիմա եթե տասից երկուսին դուր չի գալիս, խմում են կամ չեն խմում, էդ արդեն իրանց խնդիրն ա։ Մեկը հնարավորություն ունի, գնում ա ջուրը, մյուսն էլ չունի, ասում ա՝ պղտոր ա, մենք ի՞նչ կարող ենք անել»։ 

Իսկ ֆրանսիական «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը, խնդրին անդրադառնալով, ասաց. «Մենք հատկապես ամռանն ենք ստանում բողոքներ, որ ջուրն անորակ է, բայց խնդիրն անորակը չէ։ Ջուրը խմելու պիտանի է, բայց համեմատական կարգով զիջում է լեռներից ստացվող ջրին։ Խնդրի լուծումը միակն է. եթե մենք ուզում ենք բոլոր տեղերում բարձր որակի ջուր ունենալ, պետք է լեռնային աղբյուրներից կառուցենք ջրագծեր, ջուր հայթայթենք, բերենք և իհարկե՝ դադարեցնենք հորերից արտեզյան ջրի մատակարարումը։ Նոր պոմպակայանների, ջրագծերի, խողովակաշարերի կառուցում. այս բոլորով պետք է զբաղվի Ջրային կոմիտեն։ Մենք միայն կարող ենք ուղղորդել, թե ինչպես ճիշտ օգտագործեն ռեսուրսները։ Մենք, այսինքն՝ ֆրանսիական կողմը, պատասխանատու է ջրի սպասարկման, մատակարարման համար»։ 

Խնդրի հնարավոր իրատեսական լուծումները հասկանալու համար կապ հաստատեցինք նաև Ջրային կոմիտեի հետ։ Կառույցի փոխանցած տեղեկություններով՝ որոշ գյուղերում  ջրի որակի բարելավման աշխատանքներ են կատարվելու: Այս տարի Արմավիրի մարզում երկու ծրագիր է նախատեսված`  կապված Դալարիկ և Մյասնիկյան գյուղերի հետ։ Միայն Դալարիկում մոտ հարյուր միլիոն դրամի աշխատանք պետք է արվի, իսկ դա նշանակում է, որ ջրային ներքին ցանցը գրեթե ամբողջովին պետք է փոխվի։ Մեծ ջրագծի հետ կապված աշխատանքային ծրագիր կոմիտեն դեռևս չունի, բայց հավաստիացնում են, որ խիստ շահագրգիռ են դրանում։ Հավելեցին նաև, որ նոր ջրագծերի կառուցումն ահռելի գումարների հետ է կապված, և տարիներով եկած խնդրին լուծում տալը շատ ժամանակ ու ռեսուրսներ է պահանջում։

Նարե Բաբերյան

2-րդ կուրս

Կիսվել