Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ապրիլի 1-ից ՀՀ պարետ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ https://www.gov.am/files/docs/3985.pdf?fbclid=IwAR36RaLXs-r5x3Zp7m0A7-APC9rW8Bq0a_TA-ghUytWcI6yNCJbXmNt_GGw դադարեցվեց հանրային տրանսպորտի գործունեությունը՝ բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Այս օրերին թույլատրելի է միայն երթուղային տաքսիների գործունեությունը: Սա է պատճառը, որ մեզ հետ զրույցում այս օրերին տնից դուրս աշխատող քաղաքացիները մտահոգություն հայտնեցին, որ իրենց աշխատավարձի գրեթե կեսը հատկացնում են ճանապարհածախսին կամ դիմում այլ անհարմար միջոցների՝ աշխատանքի հասնելու համար:
Աշխատանքը չվտանգելու համար որոշ քաղաքացիներ մեզ հետ համաձայնեցին խոսել միայն այն պայմանով, որ իրենց անունները չհրապարակենք: Ուստի նյութում ներկայացված անուն, ազգանունները փոփոխված են:
«ՊԱՐՄԱ» սուպերմարկետների ցանցի աշխատակցուհի Մարի Սմբատյանն ասաց, որ գործատուն է վճարում այս օրերի ճանապարհածախսը. «Մեզ համար տաքսիներ են տրամադրել իրենց հաշվին»:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի հանձնարարությամբ՝ https://www.yerevan.am/am/news/40-ert-owghinerov-kirakanats-vi-erewanowm-gortsogh-30-bowzhhastatowt-yownneri-showrj-650-ashkhatakit/ և ՀՀ պարետի ցուցումի համաձայն` ապրիլի 3-ից Երևան համայնքի ավտոբուսներով պետք է կատարվեր շուրջ 650 բուժաշխատողների ամենօրյա, երկկողմանի տեղափոխում: Պարզելու՝ որքանո՞վ է այս հայտարարությունը համապատասխանում իրականությանը, խոսեցինք բուժաշխատողի հետ. «Ես աշխատում եմ պոլիկլինիկայում: Մեր բոլոր բուժաշխատողներից վերցրել են հասցեները, և ավտոբուսը գալիս է առավոտյան, տնից վերցնում, տանում աշխատատեղ, հետո՝ երեկոյան, բերում է տուն»:
«Բիլայն Արմենիա»-ի աշխատակից Ժաննան խոսեց իրենց կազմակերպության առաջարկած միջոցների մասին. «Այն աշխատակիցների համար, որոնք տնից չեն կարող աշխատել ու գնում են գրասենյակ, Բիլայնը հատկացրել է ծառայողական մեքենաներ, որոնք տանում-բերում են աշխատողներին»:
Սակայն սա միայն մեդալի մի կողմն է: Մեր փոքրիկ հարցախույզի ընթացքում պարզեցինք, որ այս ոլորտում խնդիրներն ավելի շատ են, քան դրական նախադեպերը:
Մեր մի զրուցակից պատմեց, որ իրենց ընտանիքի անդամների մեկն աշխատում է «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում: Մեր հարցին՝ գործատուն հոգո՞ւմ է ճանապարհածախսը, նա պատասխանեց. «Ոչ, չի հոգում: Ամեն օր նա 2000 դրամ վճարում է տաքսիին՝ աշխատանքի գնալ-գալու համար»:
Մեր մյուս զրուցակիցը «Կայզեր» սուպերմարկետների ցանցի աշխատակից է: Նա ամեն օր իր միջոցներով է հասնում աշխատանքի. «Օրական 2000 դրամ տալիս եմ տաքսիին: Տնօրինությունն էլ ասում է՝ ոնց ուզում եք, արեք»:
Իհարկե, նշված սահմանափակումներն արվում են՝ քաղաքացիների անվտանգությունից ելնելով և հանրային առողջության ապահովման նպատակով, սակայն մյուս կողմից՝ կան մարդիկ, որոնց համար այս սահմանափակումները լրացուցիչ հոգսեր են ստեղծում: Հիշեցնենք, որ տրանսպորտային միջոցների վերաբերյալ սահմանափակումն ուժի մեջ է մինչև ապրիլի 12-ը ներառյալ:
Վարդուհի Հովհաննիսյան
2-րդ կուրս