ՎԱՌՈԴԻ ՀՈՏԸ

ՎԱՌՈԴԻ ՀՈՏԸ

1189

Սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մասին շատերդ չեք լսել, Տավուշի մարզում գտնվող և մի քանի հարյուր բնակիչ ունեցող այս գյուղը Ադրբեջանական դիրքերից գտնվում է ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Գյուղ մտնելուն պես զգացինք վառոդի հոտը, ինչպես գյուղացիններն են ասում՝ այս հոտը իրենց համար արդեն սովորական է, ինչպես քաղաքում ապրողների  համար՝ երթևեկության հոտը։

 Ներքին Կարմիրաղբյուրում գործում է մեկ դպրոց։ Դպրոցի ողջ երկայնքը շրջապատված է պարիսպներով, որոնք պաշտպանում են կրթօջախը և երեխաներին  հակառակորդի դիրքերից արձակած կրակոցներից։ Ինչպես դպրոցի տնօրեն Նառա Պապյանն է նշում՝ պարիսպները ամբողջությամբ չեն կարող պաշտպանել այն, դրանք հիմնականում տեսանելիությունն են փակում, ինչպես նաև փոքր տրամաչափի փամփուշտներից պաշտպանում։ Տնօրենի խոսքով՝ այս պարիսպները  անհրաժեշտութուն են, տարհանումների ժամանակ  երեխաները պատի երկայնքով են գնում անվտանգ գոտիներ, հակառակորդը չի տեսնում՝ պատի հետևում ինչ է կատարվում, երեխաները հանգիստ կարող են խաղալ։ 

 -Տարհանումները վերջին երկու տարվա ընթացքում  միայն ուսումնական են,- նշում է Նառա Պապյանը,- մենք պարբերաբար ստուգում ենք՝  երեխաները և մեր թիմը ինչքանով են պատրաստ արտակարգ իրավիճակներին։

  Չնայած սահմանին մոտիկ գտնվելուն՝ դպրոցն  իր բնականոն հունով է աշխատում: Այս մասին համոզվեցինք, երբ մտանք դպրոցի բակ․  խնամված ծառեր,  մշակված այգի։  Այս ամենը ստեղծվել և խնամվել է աշակերտների կողմից։ Շուրջ քսան տարի դպրոցի տարածքը անմշակ է եղել և միայն վերջին տարիների ընթացքում է բարեկարգվել։

   -Սա մեր առօրյան, մեր ապրելակերպն է դարձել, և ինչ-որ տեղ, սահմանին մոտիկ գտնվելը մոտիվացիա է հանդիսացել, պետք է ցույց տանք բոլորին, որ բողոքելու փոխարեն  պետք է գործել, այդ ժամանակ կյանքը կդառնա ավելի լուսավոր ու պայծառ,- նշում է Նառա Պապյանը։

 Իսկ կրթօջախի աշակերտներից Աննան պատմում է, թե ինչպես էր մի քանի տարի առաջ՝ դասի ժամանակ,  հենց իրենց դասասենյակի ուղությամբ կրակում հակառակորդը, պատմում է՝ ոնց են դասը ընդհատելով, դուրս գնացել դասասենյակից,  որ չվնասվեն։ Աշակերտուհին նաև հավելում է, որ դպրոցը շրջապատող պարիսպները չեն պաշտպանում երկրորդ հարկի դասասենյակները․

-Ճիշտ է, այսպիսի դեպքեր հազվադեպ են լինում, որ դասի ժամանակ հակառակորդը կրակի, բայց սահմանում ապրող ոչ մի մարդ ու կառույց ապահովագրված չէ, նույնիսկ ամենալավ որակի լուսամուտը իվիճակի չէ խոչընդոտել փամփուշտի ընթացքը։ Բայց հիմա մենք համեմատաբար ապահով ենք, որովհետև հակառակորդի դիրքերին նայող բոլոր լուսամուտները քողարկվել են քարերով։

Չնայած սահմանին մոտիկ գտնվելուն՝ դպրոցը վերջին տարիներին բազում հաջողություններ է գրանցել՝ սպորտային հաղթանակներից մինչև դպրոցական օլիմպիադաներ։ Կրթօջախը այս տարի ունի երկու շրջանավարտ, բայց  աշակերտների թիվը տարեց տարի ավելանում է, տարեց տարի ավելի մրցունակ է դառնոմ։

 Վերջին տարիներին կրթօջախը վերանորոգվել է  ամբողջությամբ։ Նոր գույքով և տեխնիկայով հագեցած այս դպրոցը  աշակերտներին հնարավորություն է տալիս սովորել լավ մասնագետների հետ, լավ պայմաններում ՝ որոշ ժամանակ մոռացնել տալով սահմանի գոյության մասին։

 Գյուղի բոլոր հատվածներից երևում են հակառակորդի դիրքերը, նույնիսկ ադրբեջանական գյուղերն են երևում, երբեմն՝  այնտեղ ապրող բնակիչներն էլ։  Չնայած այս ամենին գյուղի բնակիչները սովոր են, բայց միևնույն ժամանակ հավելում են, որ սահմանին ապրելը նաև հպարտություն է, չէ՞ որ հայրենիքին ծառայելը վեր է  ամեն տեսակ դժվարություններից։

 Լիա Ավագյան

 2-րդ կուրս

Կիսվել