ՆԱ ԻՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՖԱՆԱՏՆ Է

ՆԱ ԻՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՖԱՆԱՏՆ Է

1658

Գոհարը հաստատ գիտի՝ ուշ թե շուտ Սեուլում է լինելու։ Ընկերներն էլ գիտեն՝ ուրիշ տարբերակ պարզապես չկա։ 20-ամյա Գոհարը հիմա ժուռնալիստիկա է սովորում, փորձ ձեռք բերում իր ընտրած ոլորտում, կորեերեն դասավանդում «Լեզուների տանը» և զուգահեռ գծում Հարավային Կորեայի իր ճանապարհը։

Գոհարը կորեերեն սովորել սկսել է 16 տարեկանից, բայց ոչ այնքան «որքան լեզու գիտես, այնքան մարդ ես»-ի տրամաբանությանը հետևելու նպատակով։

Լեզվամտածողությամբ, տրամաբանությամբ ու ամեն-ամեն ինչով մեզ ծանոթ լեզուների հետ որևէ նմանություն չունեցող լեզուն սովորելու համար կենսական նշանակություն ունի հասկանալը, թե ինչու ես ուզում սովորել այդ լեզուն։ Գոհարի ուսուցիչը՝ Հասմիկը ասում է, որ լեզվական դժվարությունները հաղթահարելու համար պետք է հոգեբանորեն էլ պատրաստ լինել։  Միևնույն ժամանակ՝ «ակտիվ պարապմունքների դեպքում մեկ տարին բավական կլինի լեզվին տիրապետելու համար»,- ասում է Հասմիկը։ Սակայն, նույն ճանապարհով անցած ուսուցիչը վստահ է՝ եթե կորեերեն սովորելու միակ պատճառը գեղեցիկ երգերը լսելն ու հասկանալն է, ոչինչ չի ստացվի։  Գոհարն էլ պատմում է, որ լեզուն սովորել սկսել է ինքնուրույն, իսկ ավելի ուշ, միաժամանակ, կորեերեն  սովորել է սկսել և՛ ԵՊՀ-ում, և՛ Բրյուսովի անվան համալսարանում։ Պետհամալսարանում նրա հետ սովորում են 100-ից ավելի ուսանողներ։ Քիչ չէ նաև մասնավոր պարապմունքների հաճախող երիտասարդների թիվը։

Կորեական երաժշտությունը կամ K-pop-ը Հայաստան եկավ մի քանի տարի առաջ, և գրեթե միաժամանակ Գոհարը տարվեց դրանով։ Հիմա պատմում է, որ այն, ինչ մարդիկ ֆանատիզմ են կոչում, օգնել է գտնել իրեն, համակարգել երազանքներն ու նպատակները։

«Իրենց գաղափարներն էնպիսին էին, որ դու անկախ քեզնից սկսում ես քեզ սիրել, ու դա բավական ա, որ միայն դրական բաներ ստանաս»,- պատմում է Գոհարը։ Կորեան, սակայն, իր «երկրպագուներին» միայն երաժշտությամբ ու ֆիլմերով չէ, որ գրավում է։  Երկիրը յուրահատուկ է նաև իր սովորություններով ու մշակույթով։ Եվ որքան էլ այս՝ ամեն ինչով տարբեր երկիրը, մի քանի քայլ առաջ է մեզնից, մի բան մշտապես հաստատուն է․ երբեք չի պակասում հարգանքը մեծերի հանդեպ։

Ասում են՝ տարեցների ասածները Կորեայում ընդունվում են որպես բացարձակ ճշմարտություն, անգամ եթե պարզ է, որ նա սխալ է։ Այս երկրի լեզվում անգամ դիմացինին դիմելու յոթ եղանակ կա՝ կախված, օրինակ, զրուցակցի տարիքից։

Իսկ տարիքով մեծերին, օրինակ, գիրք փոխանցելիս կորեացիները պարտավոր են երկու ձեռքերը միացնել իրար և նոր միայն փոխանցել այն։ Լեզուն սովորելու և մշակույթին ծանոթանալու ընթացքում սա բնավորություն է դարձել նաև Գոհարի մոտ։ Ասում է՝ երբեմն նույնիսկ տրանսպորտում գումար փոխանցելուց է այդկերպ ստացվում։

Բայց սա ամենը չէ։ Գոհարը արդեն մոտ երեք տարի իր ընկերների հետ, երբեմն՝ նաև միայնակ ձայնագրում է կորեական հայտնի երգերի Cover տարբերակները, սովորում պարել ու մասնակցում մրցույթների։ Վերջիններս, ի դեպ, կազմակերպվում են ամբողջ աշխարհում՝ լավագույններին խոստանալով հասցնել Կորեա։

Անի Ավետիսյան

3-րդ կուրս

Կիսվել