ԿԵՐԱՏԻՆԱՅԻՆ ՀԱՐԹԵՑՈՒՄ` ՎՆԱ՞Ս, ԹԵ՞ ՕԳՈՒՏ

ԿԵՐԱՏԻՆԱՅԻՆ ՀԱՐԹԵՑՈՒՄ` ՎՆԱ՞Ս, ԹԵ՞ ՕԳՈՒՏ

7154

Բյութի-շուկան ամեն օր ավելի է ծաղկում ու հատուկ ծառայություններ առաջարկում մարդկանց` ավելի խնամված ու գեղեցիկ տեսք ունենալու համար։

Գանգուր մազերն ուղիղ, ուղիղները՝ գանգուր, եղունգներդ էլ եթե կարճ են, հոգ չէ։

Ֆեյսբուքյան օգտատեր Աիդա Սարգսյանը պատմում է, որ արդեն երրորդ անգամ օգտվում է մազերի կերատինային հարթեցումից և շատ գոհ է։ Ժենյան էլ ավելացնում է, որ ինքը դժգոհ է` մազերն ամբողջությամբ «վառվել են»։

Վարսահարդար Անուշ Պատուրյանի խոսքով՝ կերատինային հարթեցման շնորհիվ մազերն արտաքին գործոններից չեն վնասվում, մազաթափության խնդիր էլ չի լինում, որովհետև նյութը գլխամաշկին չի կպնում։

«Մազերն ավելի փայլուն են դառնում, հետաքրքիր երանգ ստանում ու հեշտ հարդարվում։ Ես՝ որպես մասնագետ, խորհուրդ եմ տալիս, որովհետև եթե աշխատելիս գրագետ վարվես, մազերը հաստատ չեն վնասվի»,- մեզ հետ զրույցում նշում է վարսահարդարը։

Հարցումները ցույց են տալիս, որ փորձողների մեծամասնությունը գոհ է, ոմանք անգամ մի քանի անգամ առանց դադարի կրկնում են պրոցեդուրան, ինչը, մասնագետի խոսքերով,  թույլատրելի է։

Կա ձևավորված կարծիք, որ կերատինային հարթեցումն օգնում է մազերի աճին, սակայն մասնագետները նշում են, որ մազը տարեկան կարող է աճել առավելագույնը 17 սմ։

«Քանի որ կերատինային հարթեցման շնորհիվ մազերի ծայրերը չեն վնասվում ու կոտրվում, դրա շնորհիվ շատերի մոտ կա տպավորություն, որ մազերը երկարում են, սակայն դա ընդամենը մազերի ամրությունից է, որպես էդպիսին, նյութը չի խթանում մազերի աճը, որովհետև արմատին այն չի կպնում, եթե, իհարկե, ճիշտ են աշխատում»,-պարզաբանում է մասնագետը։

Ըստ էության, սանրվածքը պահպանվում է 5-6 ամիս, եթե պահում ես խնամքի պարզ կանոնները՝ լվանալ հատուկ շամպունով, որը սուլֆատ չի պարունակում։

Մասնագետի խոսքով, արդեն 15 տարեկանից կարելի է կերատինային հարթեցում անել, ու կապ չունի՝ մազերը ներկած են, թե ոչ։

Հարթեցման գները շուկայում տատանվում են՝ կախված մազի երկարությունից ու խտությունից, միջին գինը 15-20 հազար դրամ է, սակայն առավել կարևոր է լավ մասնագետի ընտրությունը։

Մանե Մինասյան

3-րդ կուրս

Կիսվել