ՕԳՈՒՏՆԵՐՆ ԵՆ ՇԱՏ, ԹԵ՞ ՎՆԱՍՆԵՐԸ

ՕԳՈՒՏՆԵՐՆ ԵՆ ՇԱՏ, ԹԵ՞ ՎՆԱՍՆԵՐԸ

1825

Սովորաբար տարվա այս ժամանակին նկատելիորեն ակտիվանում է գրիպի դեմ պատվաստումների գովազդը։ Հասկանալի է, որ գրիպով հիվանդանալ ոչ ոք չի ցանկանում, սակայն արժե՞ արդյոք առանց մտածելու վազել պատվաստում կատարելու։

Մասնագետների մեծամասնությունը ողջ աշխարհում գրիպի դեմ պատվաստվելու կոչերին վերաբերվում է թերահավատորեն. վակցինացիայի գոյության ողջ պատմության ընթացքում գրիպի դեմ պատվաստումը համարվում է ամենաանպտուղներից մեկը։  Մասնավորապես, ուշագրավ տվյալներ են ստացվել ԱՄՆ-ում, որտեղ գրիպի դեմ պատվաստումը մտնում է վակցինացման ազգային օրացույցի մեջ։ Գրիպի դեմ վաղօրոք պատվաստում կատարած մարդկանցից այնտեղ հիվանդանում է մոտ 15 տոկոսը։ Հիվանդացածների գրեթե 17 տոկոսն էլ նրանք են, ովքեր չեն պատվաստվել։ Փաստորեն ամեն անգամ օգտագործված պատվաստուկը ցույց է տալիս իր անարդյունավետությունը, քանզի նախատեսված չէ նախորդ տարի համաճարակ առաջացրած վիրուսի դեմ։

Բժիշկների հիշողության մեջ քիչ չեն այդօրինակ դեպքերը. գրիպի վիրուսի ֆանտաստիկ փոփոխականության պատճառով պատվաստանյութ արտադրողներին հազվադեպ է հաջողվում հասնել համաճարակայինի հետ վակցինային շտամմի համապատասխանության։ Մինչ լաբորատորիաներում մշակում են հերթական տարատեսակն ու ստանում դրանից պատվաստուկը (ինչը, որպես կանոն, տևում է 6-8 ամիս), վիրուսն արդեն հասցնում է փոխել իր հակագենային կառուցվածքը, որի հետևանքով էլ նոր պատվաստանյութը դառնում է «սուրբ ջրի պես մի բան»։

Հատկապես անարդյունավետ են պատվաստանյութերը տարեց մարդկանց դեպքում, որոնց համար էլ, ըստ էության, նախատեսված են դրանք։ Համաձայն ամերիկյան մասնագետների ուսումնասիրությունների, հակագրիպային պատվաստանյութերի արդյունավետությունը բնակչության այդ խմբի պարագայում ընդամենը 30 տոկոս է։ Փորձառու բժիշկներին լավ հայտնի է` տարեց մարդկանց մոտ դրանք ի վիճակի չեն առաջացնել բավարար քանակությամբ հակամարմիններ։ Անմիջական դիտարկմամբ պարզվել է, որ առանձնապես արդյունավետ չեն նաև երեխաների համար նախատեսված հակագրիպային պատվաստուկները։ Դա ժամանակին լավ երևաց Ճապոնիայի օրինակով, որտեղ գրիպի դեմ զանգվածային պատվաստումներն սկսել են դեռևս 1960-ականներին։ 70-ականների կեսերին հակագրիպային վակցինացիան այստեղ հայտարարվեց պարտադիր։ Ավարտվեց այդ ամենը բացարձակ ձախողումով. գրիպով հիվանդացությունը ոչ միայն չնվազեց, այլև աճեց 12 անգամ։ Ի դեպ, նման մի բան էլ տեղի ունեցավ Խորհրդային Միությունում, երբ մոտ 35 տարի առաջ Լեոնիդ Բրեժնևի հրամանով ձեռնարկվեց համատարած վակցինացում մտցնելու փորձ։ Սակայն դա հանգեցրեց ճիշտ հակառակ արդյունքի. գրիպով հիվանդացությունն աճեց գրեթե երկու անգամ։

 

Նաիրա Վաթյան

3-րդ կուրս

Կիսվել