ՏՆԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ ՕՐՎԱ ՄԵՋ ՄԻ ՔԱՆԻ ԺԱՄՈՎ...

ՏՆԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ ՕՐՎԱ ՄԵՋ ՄԻ ՔԱՆԻ ԺԱՄՈՎ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԼՍԱՐԱՆԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ

1305

«Դասերը Zoom-ով ենք անում, ամեն ինչ շատ լավ է անցնում, բայց մի բան լավ չէ, երբ դասընկերներս սկսում են բոլորով միասին բղավել, իրար հերթ չեն տալիս, շատ են խանգարում իրար ու ուսուցիչներին, վատը այն ա, որ չենք կարողանում ձեռք բարձրացնել ու մեր հերթին խոսել» այսպիսին է տասներկուամյա Արամի կարծիքը հեռավար ուսուցման մասին:

Կորոնավիրուսի համաճարակը ողջ աշխարհին ստիպել է անցնել հեռավար աշխատանքի և ուսուցման: Հեռավար ուսուցումն ամենևին էլ ինքնակրթություն չէ, այն առցանց հարթակում կրթական մեթոդ է, որտեղ ներգրավված են աշակերտներ և ուսուցիչներ, ուսանողներ և դասախոսներ, որոնք էլ, իրենց հերթին, փորձում են ապահովել լսարանական և դասարանական շփումն առցանց տարբերակով: Մինչ այս ուսուցմանն անցում կատարելը բոլորիս պատկերացումներն այդքան էլ ռեալ չէին, և որքան էլ գիտեինք, որ հեռավար ուսուցման ենք անցում կատարելու, միևնույն է, այդ ամենը մեզ համար խորթ էր և նաև՝ անհասկանալի: Սակայն մինչ հեռավար կրթության անցում կատարելը դասախոսները և ուսուցիչները նախապատրաստական աշխատանքներ իրականացրին աշակարտների և ուսանողների հետ` նրանց բացատրելով, թե ինչ է իրենից ներկայացնում հեռավար կրթությունը և ինչ մեթոդներով և պայմաններում են նրանք աշխատելու:

Դասախոսները և ուսուցիչները, տարբեր ծրագրերի միջոցով են անցկացնում դասերը և հատկապես ուսանողները երբեմն խճճվում են ծրագրային բազմազանությունից` Zoom-ը հիմնական և գլխավոր ծրագիրն է, որով պարապում են դպրոցականները, նաև ուսանողները, սակայն ուսանողները օգտվում են նաև Moodle, Viber, Skype և այլ հարթակներից, քանի որ յուրաքանչյուր դասախոս ունի դասավանդման իր մեթոդն ու առաջարկած ծրագիրը:

Հեռավար ուսուցման գլխավոր գործիքը տեխնիկան է` համակարգիչներ, հեռախոսներ, պլանշետներ: Չնայած, գրեթե բոլորն ունեն սմարթֆոններ, համակարգիչներ, սակայն կան մարդիկ, ովքեր ապրում են սահմանամերձ գյուղերում, որտեղ կապի խնդիր կա, և կան նաև սոցիալապես անապահով մարդիկ, ովքեր չունեն համապատասխան միջոցներ` դասերին մասնակցելու համար կամ, գուցե տանը կա ընդամենը մեկ միջոց, որը չի ապահովում երկու և ավելի երեխաների  ուսումնական լիարժեք պրոցեսը.չնայած ուսուցիչներն այդ դեպքում կապ են հաստատում աշակերտի հետ հեռախոսով և այդպես են հանձնարարություններ տալիս:

Հիշեցնենք, որ  ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր`մարտի 29-ից ՀՀ-ում  համակարգիչների և այլ սարքավորումների ընդունման գործընթացի մեկնարկի մասին: Նախարարությունը նվիրաբերած սարքերը փոխանցում է դրանց կարիքն ունեցող աշակերտներին, ուսանողներին և մանկավարժներին` հեռավար կրթության արդյունավետությունն ապահովելու նպատակով: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ ավելի քան 21000 համակարգչի պակաս կա` հեռավար կրթությունն ապահովելու համար:

Օրինակ` Հայ-ռուսական  համալսարանն ադմինիստրացիայի կողմից չօգտագործվող համակարգիչները ժամանակավորապես տրամադրել է համալսարանի ուսանողներին, ովքեր ունեն դրա կարիքը: Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, ևս, միացել է նախարարի կոչին` տրամադրելով 50 համակարգիչ: Շատ բարեգործական հիմնադրամներ, ընկերություններ իրենց աջակցությունն են տրամադրել:

Կարելի է ասել` գրեթե բոլոր ուսանողները և աշակերտները մեկամսյա ժամանակահատվածում ադապտացվել են հեռավար ուսուցման համակարգին, դասախոսները` նույնպես: Ընտանիքի անդամները ևս հարմարվել են այն հանգամանքին, որ տնային միջավյարը օրվա մեջ մի քանի ժամով վերածվում է լսարանային միջավայրի:

Երկու երեխաների մայր տիկին Քրիստինան «Journalist.am»-ի հետ զրույցում նշեց. «Աղջիկս բուհում է սովորում, տղաս դեռևս դպրոցական է, օրվա մեջ մի քանի ժամ երեխաներս առանձնանում են իրենց սենյակներում, ինձ ու ամուսնուս էլ ասում են` չաղմկեք, դասի ենք: Տեխնիկական առումով, բարեբախտաբար, ապահովվածություն կա, երկուսն էլ ունեն իրենց  սմարթֆոնները, համակարգիչ և պլանշետ էլ տանը կա, երբեմն վիճում են` ով ինչով պիտի դասն անի»։

Ուսուցիչները և դասախոսները ևս տարակարծություններ են հայտնում հեռավար ուսուցման մասին: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, դոցենտ Նանե Վարդանյանի կարծիքով` կրթությունն այն «տարածքն» է, որը բավական քմահաճ ու համառ է նորարարությունների հանդեպ և չի սիրում, որ իրեն ստիպում են արագ մարսել որևէ նոր բան:

Նանե Վարդանյանը «Journalist.am»-ի հետ զրույցում խոսեց նաև հեռավար կրթության և՛ դրական, և՛ բացասական կողմերից` նշելով, որ հեռավար կրթության պայմաններում աշխատանք պատրաստելու և ներկայացնելու ընթացքում ավելի է կարևորվում  ներքին կարգապահությունը և պատասխանատվությունը սեփական անձի և դիմացինի հանդեպ:

Կան ֆակուլտետներ, որտեղ գործնական պարապմունքները գերակշիռ մաս են կազմում: Օրինակ` ժուռնալիստիկայի ֆակուլտետում անցկացվող գործնական պարապմունքների շրջանակում ուսանողները նկարահանումներ էին իրականացնում, տարատեսակ միջոցառումների էին մասնակցում`լուսաբանելով դրանք, ֆակուլտետի ներսում գտնվող ձայնագրման ստուդիայում էլ ձայնագրում և մոնտաժում էին իրենց աշխատանքները: Սակայն այժմյան պայմաններում այդ ամենը գրեթե անհնար է դարձել, և դասախոսները փորձում են այլ մեթոդներով լրացնել գործնական պարապմունքներ չանցկացնելու բացը:

Նանե Վարդանյանը, ով գործնական պարապմունքներ է անցակցրել ռադիոժուռնալիստիկա և հեռուստաժուռնալիստիկա առարկաների շրջանակում, այսօր նոր եղանակներ է փնտրում ինտերակտիվ դասապրոցեսն առցանց հարթակ բերելու համար` միաժամանակ հետաքրքրելով ուսանողներին: Գործնական առաջադրանքներին զուգահեռ նա զանազան թեստեր, մտածողությունը մարզող վարժանքներ է պատրաստում, որոնք օգնում են, ինչպես ինքն է նկատում, միշտ ճիշտ «մարզավիճակում» մնալ և շարունակել աշխատել.

«Առցանց դասավանդման փորձը, որ կուտակում ենք, մեզ շատ կօգնի հետագայում ևս, երբ նորից հանդիպենք լսարանում: Բայց այն արդեն ցույց տվեց` տեխնոլոգիական ռեսուրսները չեն կարող փոխարինել կենդանի շփմանը, որի պայմաններում մեր գլխուղեղն առավել արդյունավետ է աշխատում, ավելի հեշտ «մարսում» տեղեկատվությունը: Եվ ամենակարևորը՝  մեկ անգամ ևս համոզեց, որ առցանց փոխհարաբերությունները չեն կարող փոխանցել այն էներգիան, որը մարդը կարող է տալ մարդուն միայն իրական կյանքում»,- հավելեց դասախոսը:

Ուսանողների համար հեռավար կրթությունն «անակնկալ» փորձություն էր: Բժշկական համալսարանի ուսանողները ևս անմասն չեն մնում գործնական պարապմքուներ իրականացնելուց, սակայն հեռավար կրթությունն իրենց համար էլ է արգելքներ ստեղծել: Երևանի պետական բժշկական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհի Անի Սիմոնյանը «Journalist.am»-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես են իրենց համալսարանում անցկացվում առցանց դասրեը, և որոնք են, ըստ Անիի, ուսուցման դրական և բացասական կողմերը: «Հեռավար ուսուցման դրական կողմերից են, նախ, որ դասերից հետ չենք ընկնում, քանի որ դժվար կլիներ այդքան մեծ ծավալով նյութ յուրացնելը, ինչպես  նաև ինչ-որ չափով շփվում ենք կուրսընկերների հետ: Ցավոք, լաբորատոր աշխատանքներ չենք կարողանում անել, սակայն դասախոսները իրենք են փորձեր անում` բացատրելով և ցուցադրելով այդ ամենը, նաև սլայնդներ են ցուցադրում` առավել պատկերավոր դարձնելու համար, սակայն, միևնույն է, ամբողջական, իրական պատկերը տեսնելն ու զգալն դժվար է»:

Անգլերեի ուսուցչուհի Մարգարիտա Վարդանյանը, ով դպրոցական հարթակից բացի աշակերտների հետ պարապում է տանը`մասնավոր, երկակի դժվարության առջև է կանգնել. «Իհարկե, հեշտ ադապտացվեցի հեռավար ուսուցման այս մեթոդին, քանի որ երեխաներս դպրոցական են, և շատ բաներ մեծ տղաս է բացատրել, օգնել, որ օգտվեմ: Սակայն հիմնական դժվարությունն ինձ համար այն է, որ ունեմ ավարտական դասարանի աշակերտներ, որոնց հետ  պարապում եմ տանը, և այս պայմաններում դժվար է իրենց սխալները առցանց տարբերակով ուղղելը, բացատրելը, քանի որ, երբ միևնույն սենյակում էին պարապում, կարմիր գրիչս ձեռքիս միանգամից ուղղում էի սխալներն ու այդպես առավել արդյունավետ էր լինում»:

Ուսուցչուհին նաև հավելեց, որ աշակերտներին չի փորձում այս օրերին ֆիզիկապես շատ ծանրաբեռնել, քանի որ գիտակցում է, որ սովորում են ավարտական դասարանում և, դպրոցի առարկաներից զատ, տան պայմաններում ընդունելության քննություններին են պատրաստվում:

Աննա Ասմանգուլյանը, ով սովորում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, նշեց, որ դժվար է համակերպվել հեռավար ուսուցմանը. «Ես շատ դժվար եմ համակերպվել հեռավար ուսուցմանը, եթե ընտրության հնարավորություն ունենայի, բնականաբար, կընտրեի առկա ուսուցումը, բայց քանի որ հիմա անհրաժեշտություն է մեր տանից աշխատելը, մենք պարտավոր ենք հարգել այդ որոշումը: Արդյունավետ կողմերից մեկն այն է, որ ամռանը չենք գնա համալսարան, այժմ մենք անում ենք ավելի շատ աշխատանք և ստանում ավելի քիչ գիտելիք, քան այն ժամանակ, երբ դասախոսի հետ դեմ առ դեմ շփվում էինք և ստանում թվով ավելի քիչ, բայց առավել արդյունավետ գիտելիք»:

Իսկ Մանկավարժական համալսարանի վերջին կուրսի ուսանողուհի Զեմֆիրա Փարվանյանը  ներկայացրեց հեռավար ուսուցման ստեղծած արգելքներից ավարտական կուրսի ուսանողների համար. «Առաջին դժվարությունն այն է, որ ավարտական աշխատանքի թեմայի վերաբերյալ նյութ գտնելը դժվարացավ, որովհետև չենք կարողանում օգտվել գրադարանից, և նյութեր կան, որ ստիպված ենք այլ լեզուներից թարգմանել: Կրճատվեց նաև մեր ղեկավարների հետ կապը. Համալսարանում, անհրաժեշտության դեպում, մոտենում էինք, հարցեր տալիս, քննարկում, իրենք էլ ուղղում էին մեր սխալները: Ինչքան էլ մենք ուղեցույց ունենանք, ամեն դեպում աշխատանքը դժվարանում է․ աշխատանքը բաժանել գլխերի ու ենթագլխերի, մեզ ուղղել է պետք, որը, կրկին, դժվար է այդ պայմաններում: Բայց կա մի լավ կողմ (չնայած, չեմ կողմնորոշվում դա լավ է, թե վատ), որ ավարտական աշխատանքը պիտի օնլայն պաշտպանենք: Ճիշտ է՝ էդպես նյութից օգտվելը հեշտ կլինի, ավելի սահուն կխոսենք, բայց ամեն դեպքում, մենք պայքարում ենք հանձնաժողովի դիմաց կանգնել և պաշտպանել աշխատանքը»:                                                                                                                                                                                                                                                                         Մերի Ալոյան
2-րդ կուրս                                                                                                                                                                                                                                                                               

Կիսվել