Սուրբ Պետրոսը կարծում էր, որ մարդը կազմված է մարմնից, հոգուց և ոգուց։ Աստվածաբան Շանթ Թումանյանը «Journalist. am-ի» հետ զրույցում նշեց, որ ըստ քրիստոնեության, մարդն ի սկզբանե ունի բարի էություն, որովհետև ստեղծվել է Աստծո կերպարով, այսինքն իր մեջ կրում է աստվածային մասնիկ։ Մարդու էությունը բարի է, չար արարքները գալիս են ոչ թե նախասկզբից, այլ մարդու ազատ կամքից։
Յոգ Սուվար Սուվարյանը մեզ ասաց, որ յոգերը մարդու գիտակցությունը բաժանում են 4 հիմնական խմբի՝ ինտելեկտը, նույնականացումը, հիշողությունները (դրանք 8-ն են, որոնց մի մասն էլ իր հերթին բաժանվում է խմբերի) և գիտակցության կենտրոնը, որտեղ չկա ինտելեկտ, նույնականացում կամ հիշողություն։ Յոգերը այսպես են բացատրում մարդու բնույթը։ Մարդը կազմված է 5 մարմիններից, որոնցից 3-ը ֆիզիկական են, 1-ը անցումային մարմին է՝ ֆիզիկականից ոչ ֆիզիկական և վերջինը՝ ոչ ֆիզիկական։ Մարդու և ամբողջ կենդանականի բնույթը կայանում է՝ առաջինը ինքնագոյատևման ապահովման, երկրորդը՝ զարգացման մեջ։ Զարգացման համար նախ հարկավոր է հավասարակշտություն մարդու ֆիզիկական, մտային և էներգետիկ համակարգերում։
Սոցիալական աշխատող Լիդա Ազաբյանի խոսքով՝ մարդու կյանքն իր հոգեկան ներաշխարհի և արտաքին աշխարհի անդադար փոխհարաբերությունն է։ Սակայն կա հարաբերությունների մեկ այլ մակարդակ, շղթա՝ մարդ – սեփական «Ես», մարդ – սեփական մարմին։ Դա այն մակարդակն է, երբ մարդ միայնակ է մնում ինքն իր հետ։ Իհարկե, այդ երևույթը սուբյեկտիվ բնույթ է կրում և կապված է մարդու գիտակցության և ինքնաըմբռնման հետ։ Յուրաքանչյուր մարդ փորձում է իր կյանքի ընթացքում հասկանալ սեփական գոյի առաքելությունը, իմաստը, էությունը։
Մեր հարցին, թե ի՞նչ է մարդու էությունը, հոգեբան Սվետլանա Նիկողոսյանը բացատրեց, որ այն պարզ է թվում շատերի համար, բայց միևնույն ժամանակ այն մի խնդիր է, որը դեռ շատերի կողմից բացահայտված չէ։ Սեփական էությունը ճանաչելը՝ ինքնաճանաչվելը, գերխնդիր է, որը դրված է մարդու առաջ։ Մարդը իրենից բարդ մեխանիզմ է ներկայացնում, ինչը նրան դարձնում է բացառիկ ու արժեքավոր։ Նա մշտապես ձգտում է ինքնաբացահայտման, ինքնաճանաչման, ինքնագնահատման, ինքնակայացման, անկախ ցավերից ու դժվարություններից։ Մենք դա ակնհայտ տեսնում ենք երեխայի վաղ մանկության տարիքում սկսվող քայլելու փորձերի մեջ, երբ նա, անտեսելով ցավը, բռնում է սեփական փորձով աշխարհը ճանաչելու և հետագայում սեփական էությունը, ներաշխարհը, «Ես»-ը պարզելու ճանապարհը։
Մարդու ներքին էությունը դրսևորվում է նաև նրա ինքնագնահատականի մեջ։ Փոքր երեխաների այդ ինքնագնահատականը դեռ չգիտակցված է, սակայն հետագայում այն ղեկավարում է մարդու վարքը՝ օգնելով հասկանալ ու ընտրել շրջապատից այն, ինչը հատուկ է հենց տվյալ անհատին՝ մասնագիտությունը, հոբբիները, շրջապատող անձանց և այլն։ Երբ մարդն իր վարքը կառուցում է սեփական ինքնագնահատականից, ինքահասկացվածությունից ելնելով, այն արտահայտում է մարդու բուն էությունը՝ նրա ընդունակությունները, տաղանդը, սակայն, ցավոք, շատ հաճախ մարդկանց մոտ ինքնաճանաչումը, սեփական էությունը անբացահայտ է մնում։
Սերինե Աղաբեկյան
2-րդ կուրս