ՉԵՆ ԲՆԱԿՎՈՒՄ, ԲԱՅՑ ՍՏԻՊՎԱԾ ՎՃԱՐՈՒՄ ԵՆ

ՉԵՆ ԲՆԱԿՎՈՒՄ, ԲԱՅՑ ՍՏԻՊՎԱԾ ՎՃԱՐՈՒՄ ԵՆ

1129

Նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ արտակարգ դրության արդեն 2-րդ ամիսն է, իսկ ուսանողների մեծամասնությունը չգիտի՝ ինչ անել․ վարձակալած տները հանձնե՞լ, թե՞ սպասել։

Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գլուղից  ուսման նպատակով Երևան տեղափոխված ուսանողուհին  (ՀՊՄՀ, ՄՖԻ ֆակուլտետ, 1 կուրս) պատմում է, որ վարձակալած տան գումարը վճարել չկարողանալու պատճառով հանձնել են տունը․ «Սեպտեմբերին չորս ուսանողով տուն էինք վարձել, բայց ապրիլին, քանի որ չկարողացանք տան վարձը տալ (դե այս պահին մեր ծնողները չէին աշխատում), և, քանի որ տանտերը պահանջում էր գումարը, այդ իսկ պատճառով հանձնեցինք»։ Իսկ դասերը վերսկսելու դեպքում՝ ստիպված կլինեն նոր տուն վարձակալել։

Նույն մարզից  ուսման նպատակով Երևան տեղափոխված մեկ այլ ուսանողուհի  (ԵՊՀ, Հայ բանասիրության ֆակուլտետ, 1-ին կուրս) նշում է, որ, պայմանավորված արտակարգ դրությամբ, տան վարձը չեն տալիս։

Սյունիքի մարզի Սիսիանից Սյուզան Նավասարդյանը, ով սովորում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, պատմում է, որ վարձակալած տունը չեն հանձնել, գումարն էլ ամբողջությամբ տալիս են «Երեք հոգով ենք ապրում,  հիմա երեքս էլ հետ ենք եկել Սիսիան,  չենք էլ կարող հանձնել տունը, որովհետև չգիտենք դեռ ինչ կլինի, երբ կգնանք համալսարան»։

Կապան քաղաքից ԵՊՀ-ում սովորող Սոնա Սողոմոնյանը նշում է, որ, չնայած տանտիրոջ հետ բանակցություններին,  իրենք նույնպես գումարը ամբողջությամբ վճարում են․ «Ասում է ՝ տունը զբաղեցրել ես, քո իրերը մեջն են, պիտի վճարես։ Հանձնել չենք կարող, որովհետև դրսում կհայտնվենք»։

Պատկերը տարբեր է մյուս ուսանողների մոտ․ Գյումրի քաղաքից՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում սովորող Անահիտ Հովսեփյանը ասում է, որ իրենք նույնպես տալիս են տան վարձը, սակայն ոչ ամբողջությամբ․ «Չորս հոգով ենք ապրում, մի ամիս ու կես առաջ,  որ էլ դասի չէինք գնալու, հետ  եկանք Գյումրի։ Մեզանից յուրաքանչյուրը վճարում էր 25000 դրամ, բայց հիմա՝ կարանտինի ժամանակ, ընդհանուր 20000 դրամ զեղչվել է՝ յուրաքանչյուրիցս 5000 դրամ»։ Ուսանողուհին հավելում է, որ դա տանտիրոջ եկամտի միակ աղբյուրը չէ, և եթե մինչև մայիս ոչինչ չփոխվեց, կհանձնեն տունը, չնայած այն հանգամանքին, որ տանտերը չի համաձայնում՝ պատճառաբանելով, թե ամսվա կեսից ինչպես է նոր վարձակալներ գտնելու։

Սյունիքի մարզի Կապան քաղաքից ԵՊՀ-ի սոցիոլոգիայի ֆակուլտետի 3-րդ կուրսում սովորող ուսանողուհին, ով Երևանում վարձով է բնակվում եղբոր հետ, պատմում է, որ իրենք ևս վճարում են,  սակայն 30% զեղչով․ «Իրենց չի հետաքրքրում դու որտեղ ես ապրում, էդ տանը, թե ուրիշ տեղ դու վարձակալել ես, ուրեմն՝ վճարում ես, որտեղ ուզում ես ապրիր»։

Նշենք, որ դասերի վերսկսման և քննությունների ընթացակարգի վերաբերյալ որոշումներ պետք է կայացնեն յուրաքանչյուր համալսարանի ռեկտորը և գիտական խորհուրդը, իսկ մինչ այդ ուսանողները շարունակում են դասապրոցեսները օնլայն տիրույթում՝ հույս ունենալով, որ քննությունները կկարողանան հանձնել  համալսարանում։

Արփինե Հակոբյան

3-րդ կուրս

Կիսվել