ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԽՆԴԻՐԸ ՉԷ՝ ԱՅԼ ԲՈԼՈՐԻՆՍ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԽՆԴԻՐԸ ՉԷ՝ ԱՅԼ ԲՈԼՈՐԻՆՍ

1239

Չէ, էնպես չի, որ մենք գեղեցիկ պահեր չենք ունեցել, ես հարսանիքիս օրը սիրուն, սպիտակ շոր եմ հագել, ամեն ինչ ըստ կարգի էր, հայկական ավանդական հարսանիք էր, դե դուք ոնց գիտեք, հենց էդպես»:

Լուսինեն (անունը փոխված է) խոսում էր կարճ՝ անընդհատ հայացքը գետնին, ու ոչ մի հավելյալ բառ առանց հարցի: Սովորաբար էդպիսի քչախոս զրուցակիցները լրագրողների «նախընտրելիները» չեն համարվում, բայց  այստեղ շտապելու տեղ չկա: Տարիներ առաջ Լուսինեի քեռին իրենց հարևանի տղային՝ որպես խելոք, աշխատող տղա,  ծանոթացրեց քրոջ աղջկա հետ, ու գործը գլուխ եկավ: Ամուսնությունից կարճ ժամանակ անց ծնվում է Լուսինեի ու իր քեռու հարևանի տղայի առաջնեկը:

«Երբ աղջիկս ծնվեց, մեր տանը օրեր շարունակ քեֆ-ուրախություն էր, ու կարևորը մեկս մյուսի նկատմամբ շատ հարգալից էինք, ու ոչ մեկս էլ իր եսը հաստատելու խնդիր չուներ տանը»,- պատմում է Լուսինեն ու թաքուն ժպտում էնպիսի ժպիտով, որ թվում է, եթե ամուսինը հենց այդ վայրկյանին ներս մտներ՝ գուցեև հետը գնար:

«Ժամանակի ընթացքում ամեն ինչ գրեթե անփոփոխ էր, միայն երեխան էր մեծանում, ապրում էինք մեր առօրյա հոգսերով, գործերով, ինչպես սովորական ընտանիքներում»,- շարունակում է Լուսինեն ու ամեն անգամ, հատուկ ջանասիրությամբ շեշտում՝ ինչպես սովորական ընտանիքներում կապակցությունը՝ հավանաբար իրեն հիշեցնելու, որ ժամանակին ինքը ևս ապրել է երբեմն անհետաքրքիր, ոչնչով չառանձնացող, բայց ամենակարևորը սովորական՝ սովորական երջանիկ ընտանիքում:

Զրուցակցիս խոսքով իրենց տանը ծեծը սկզբում՝ քիչ, հետո գնալով հաճախացել է ու դարձել ամենօրյա երևույթ, իսկ պատճառը ալկոհոլն էր․ խնդիրներն առաջանում էին միայն խմիչքի ու, երբեմն էլ, թմրամիջոցների օգտագործումից: Լուսինեն պատմում է, որ ինքը գրեթե միշտ կապտուկներով է եղել ու ստիպված տարբեր տեսակի քսուքներ օգտագործել, որ հանկարծ աղջիկը չտեսնի:

 «Գիտեք, ես սկզբում միտք չունեի ամուսնուցս հեռանալու, մի քանի օրով գնում էի տնից, ուզում էի՝ հասկանա իր սխալները, բայց հետո նորից հետ էի գնում. ես խղճում էի իրեն, չէի ուզում որ կործանվի, բայց չկարողացա, ինձ մոտ չստացվեց, գուցե ես լավ չփորձեցի»,- պատմում է 25 ամյա աղջիկը:

Ամուսինը թեև Լուսինեին հաճախ բռնության է ենթարկել՝  մասնավորապես ծեծել, բայց երեխային երբևէ չի մոտեցել, ինչը չի նշանակում, թե երեխան բռնությունից զերծ է եղել: «Հեշտ չէր ամեն անգամ աղջկանիցս հայացքներ փախցնելը, ես ուզում էի գնալ, ինձ ասում էին՝ հարմարվի, ու ՞մ ընտանիքում վեճ չի լինում, երեխուդ մասին մտածի, բայց ախր ես հենց երեխուս մասին մտածելով էի գնում»,- շարունակում է արդեն պայքարող Լուսինեն:

Չհեռանալու համար նա ուներ շատ պատճարներ. չկային ծնողները, չուներ մասնագիտություն, չուներ գնալու տեղ, բայց հեռանալու համար ուներ կենսական պատճառ: Լուսինեն աղջկա հետ հեռացավ տանից: Կանանց աջակցման կենտրոնում նա ու իր աղջիկը երկար ժամանակ հոգեբանի աջակցություն էին ստանում, փորձում էին հաղթահարել վատ երազներն ու մնացած բոլոր հետևանքները: Հաջողվեց:

Լուսինեի օրինակը միակը չէ ու ոչ էլ բացառիկ․ եթե գրվելու լինեն, կգրվեն նմանատիպ հարյուրներով պատմություններ, որտեղ հիմնականում զոհերը կանայք են, ավելի քիչ՝ երեխաները, չնչին տոկոս են կազմում տղամարդիկ: 2019թ. Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 485 դեպք, որից 329-ի պարագայում բռնության է ենթարկվել կինը ամուսնու կողմից և միայն 10 դեպքում հակառակը, 2018-ին պատկերը համանման է: Ընտանիքում տեղի ունեցող բռնությունը նման չէ սովորական բռնությանը, այս հարաբերություններում գտնվող մարդկանց միջև հոգևոր կապ կա, որով էլ պայմանավորված է այս տեսակ բռնության յուրահատկությունը և կրկնակի խոցելիությունը: Ընտանիքի բոլոր անդամները կարող են հանդես գալ թե՛ բռնարարի և թե՛ բռնության ենթարկվողի դերում, ավելի ստույգ այս մասին խոսում են թվերը:

 

Կանանց աջակցման կենտրոնի տնօրեն Մարո Մաթոսյանը մեզ հետ զրույցում նշում է, որ ընտանեկան բռնությունը այն է, ինչ մենք տեսնում ենք, իսկ դրա խորքում կարծրատիպերի փունջ է, հայրիշխանական համակարգ ու մշտապես ուժի և իշխանության ձգտում:

«Հաճախ մենք զրուցում ենք կանանց հետ, ովքեր ասում են՝ երբևէ բռնության չեն ենթարկվել, հետո հարցերի միջոցով պարզվում է, որ իրենք նկատի ունեին ֆիզիկական ճնշումը,- պատմում է տիկին Մարոն,- բայց շատ հաճախ իրենց արգելել են, օրինակ, տանից դուրս գալ կամ տնօրինել սեփական գումարը»: Կարևոր է իմանալ,  որ բռնությունը միայն ֆիզիկապես չի դրսևորվում, դրա ձևերից են նաև հոգեբանականը և տնտեսականը:

Բռնության շղթայի բոլոր օղակներում մեղավորը միշտ մեկն է՝ բռնարարը, իսկ անուղղակիորեն՝ հասարակությունը, բայց ոչ երբեք՝ բռնության ենթարկվողը․ այլ հարց է, թե որքանով է հասարակությունը հակված արդարացնելու բռնարար վարքը՝ կրկնակի զոհ դարձնելով տուժածին:

«Բռնություն կարող է տեղի ունենալ ցանկացած ընտանիքում, և թյուր է կարծել, որ դա բնորոշ է որոշակի կրթական ցենզ և սոցիալական դիրք ունեցողներին, դա միֆ է, ուղղակի տարբեր պատճառներով մենք ենք քիչ լսում և իմանում դրանց մասին»,- նկատում է տիկին Մարոն:

Կարևոր է հիշել, որ, բռնությունը թեև դժվար, բայց այնուամենայնիվ հաղթահարելի երևույթ է, ու ոչ ոք, երբևէ արժանի չէ բռնության ենթարկվելու։ Կարևոր է մեկ անգամ հրաժարվել դրանից՝ մի կողմ դնելով մյուս բոլոր հետ պահող պատճառները։ Լուսինեի դեպքում դա խիղճն էր ամուսնու նկատմամբ, բայց իր և երեխայի նկատմամբ խիղճն ավելի մեծ էր: Հիմա նա աշխատանք ունի՝ վարսահարդար է ու կարողանում է ապահովել իրենց արժանապատիվ կյանքը և իր օրինակով ցույց տալ, որ բռնության զոհ կարող են լինել շատերը, բայց պիտի կարողանալ պայքարել ու դառնալ հաղթող:

Ռիմա Գրիգորյան
3-րդ կուրս

Կիսվել