Պայծառատեսներն ու էզոթերիկայով զբաղվողները սև գույնը համարում են մահվան գույն, թեպետ հայերի մեծամասնության մոտ նույնպես սևը խորհրդանշում է մահվան գույնը: Բայց դրան հակառակ, այն խորհրդանշում է ուժ, կայունություն:
21 ամյա Լյուսին, 3 տարի է՝ ամեն օր կրում է սև հագուստ, նկարչուհի է և սովորել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում:
— Մի քանի տարի առաջ, երբ ընդունվեցի քոլեջ, որոշեցի տարբերվել բոլորից ու ընտրեցի «սև հագուստ»-ի տարբերակը: Երբ բոլորը նկատեցին, որ ես ամեն օր հագնում եմ սև հագուստ, սկսեցին ինձ ուշադրություն դարձնել ու իրենց աչքի կենտրոնում պահել: Սկզբում մի քիչ կոմպլեկսավորվում էի, բայց միևնույն է, ինձ համար էական էր մյուսներից տարբերվելն ու նրանց ուշադրության կենտրոնում գտնվելը: Ու արդեն 3 տարի է, ինչ չեմ կարողանում հրաժարվել սև հագուստից․ այն դարձել է առօրյայիս կարևոր բաղադրիչներից մեկը:
Եթե Լյուսիի համար սև հագուստը ուշադրություն գրավելու միջոց էր, ապա 23 ամյա Սոնան, ով առհասարակ չի կրում սև հագուստ, նաև չի ընդունում այն մարդկանց, ովքեր անընդհատ «սևի մեջ են»:
— Ես ինքս չեմ սիրում այդ գույնը, հետո էլ ինձ մոտ վախ են առաջացնում թե՛ սև հագուստը, թե՛ դրանք կրող մարդիկ: Ինչու՞ պայծառ հրաժարվել գույներից ու տարիներով ապրել մռայլ ու գորշ գույների մեջ, դա չեմ հասկանում: Եթե տեսնում եմ ամբողջությամբ սև հագնված մարդ, ինքնըստինքյան, նա ինձ բացասական էներգիա է տալիս:
Հոգեբան Շուշանիկ Ներսիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կարելի է հագնել սև հագուստ, բայց ոչ միշտ, քանի որ այն անընդմեջ կրելը կարող էառաջացնե դեպրեսիվ մտքեր, վատ արարքներ անելու ցանկություն, ինչպես նաև ագրեսիվություն: Սև գույնը կարելի է համադրել այլ գույների հետ: Անչափահասների մոտ այն ինքնահաստատման տարբերակ է․ աչքի ընկելու համար շատերը ընտրում են «սև հագուստի», բայց դա միևնույն է բացասական ազդեցություն է թողնում և հագուստը կրողի հոգեկան աշխարհի վրա, ինչու չէ նաև նրան շրջապատող մարդկանց ներաշխարհի վրա: Եթե կրում ես սև հագուստ, ուրեմն փորձում ես պաշտպանվել իրականությունից և թաքնվել ինքդ քո մեջ:
Մեզ հետ զրույցում դիզայներ Անի Չիչոյանը նշեց, որ սև հագուստը խոսում է բարձրաճաշակության մասին, այն միանշանակ ընդգծում է աղջկա գեղեցիկ կազմվածքը և նրան պահում է տղամարդկանց ուշադրության կենտրոնում: Բացի այդ, սևը ցանկացած ժամանակ մոդայիկ է և գրավիչ: Դիզայները չի կարծում, որ սևն իր մեջ պարունակում է բացասական էներգիա, հակառակը՝ անկախ սեռից, այն դարձնում է քեզ ավելի ինքնավստահ:
Մարիա Աղաբեկյան
4-րդ կուրս